Գագիկ Ծառուկյանի համար վերջապես երեւաց թունելի լույսը

73

 

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ օրակարգում չկա Ռոբերտ Քոչարյանի հետ գործակցության հարց, իհարկե ասելով, որ յուրաքանչյուրն ունի քաղաքականությամբ զբաղվելու իրավունք:

Այդ իրավունքի արժեքը Գագիկ Ծառուկյանն անկասկած զգացել է իր մաշկի վրա եւ դրանում էլ նաեւ բավական շոշափելի դեր է ունեցել հենց Ռոբերտ Քոչարյանը: Խոշոր հաշվով, հենց Ռոբերտ Քոչարյանի գործուն ներգրավվածությամբ է ձեւավորվել Գագիկ Ծառուկյան քաղաքական գործոնն ու Բարգավաճ Հայաստան ֆորմատը, որը 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը հաղթողի հավակնորդ էր, հենց Ռոբերտ Քոչարյանի հովանու շնորհիվ:

Թեեւ ներկայում երկրորդ նախագահը իր նախագահության տարիները ներկայացնում է որպես տնտեսական աննախադեպ աճի եւ ձեռքբերումների շրջան, այդուհանդերձ 2006-07-ին Ռոբերտ Քոչարյանը նկատելիորեն գիտակցում էր համակարգային խնդիրներն ու որոշակի վերափոխումների անհրաժեշտությունը, իհարկե դրանք դիտարկելով որպես իր իշխանական խնդիրների հետագա լուծման մեխանիզմ:

Ռոբերտ Քոչարյանը ծրագրում էր փոխել իշխող էլիտան կամ ավելի շուտ անվանափոխել, ձեւավորել նոր իշխող մեծամասնություն, այդպիսով ստեղծել «երկրորդ սերնդի բարեփոխումների» տպավորություն կամ համոզում, այդ կերպ նաեւ շարունակելով իր իշխանությունը: «Երկրորդ սերնդի» բարեփոխումների գաղափարը ձեւակերպեց արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, անելով առանցքային շեշտադրումը՝ «երկրորդ սերնդի բարեփոխումները» պետք է ցավոտ լինեն էլիտայի, ոչ թե հանրության համար:

Էլիտայի համար ցավոտ եղավ այդ գաղափարը, ավելի շուտ «էլիտայի» այն մասի համար, որը ներգրավված էր Ռոբերտ Քոչարյանի ծրագրում: Ակնառու էր, որ այդ ծրագիրը նախատեսում էր նախագահությունը փոխանցել ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ «ժամանակավորապես ի պահ տալ» Վարդան Օսկանյանին: Ռոբերտ Քոչարյանը փորձում էր իրականացնել այն, ինչ նույն ժամանակահատվածում ծրագրվեց եւ տեղի ունեցավ Ռուսաստանում՝ Պուտին-Մեդվեդեւ տանդեմի միջոցով:

Դա հնարավոր էր Վարդան Օսկանյանի, ոչ թե Սերժ Սարգսյանի դեպքում: Սարգսյանը համաձայն չէր «ի պահ» վերցնել իշխանությունը: Նա հավակնում էր լինել լիիրավ ժառանգորդ, հետագա տնօրինման լիակատար իրավունքով:

ԲՀԿ-ն, որ հայտարարում էր 400 հազար անդամի մասին եւ անգամ անզեն աչքով տեսանելիորեն մեծ հասարակական արձագանք ու համակրանք ձեւավորել, խորհրդարանի ընտրությանը չգիտես ինչպես ստացավ ընդամենը 200 հազար ձայն: Սերժ Սարգսյանը կարողացավ Ռոբերտ Քոչարյանին պարտադրել իր ծրագիրը՝ ՀՀԿ բացարձակ մեծամասնություն: Մեծ հավանականությամբ այդտեղ դեր խաղաց Վարդան Օսկանյանի գործոնը, որը Սերժ Սարգսյանի համար փաստարկ էր Ռուսաստանում՝ Քոչարյանի ծրագիրը որպես «արեւմտյան քողարկված կուրս» ներկայացնելու համար:

Սերժ Սարգսյանը ստացավ բացարձակ մեծամասնություն, իսկ Ռոբերտ Քոչարյանը գնաց «միակ տղամարդուն» ոչ բնորոշ քայլի, նա այցելեց Մելիք Ադամյան 2, որպեսզի շնորհավորի Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին:

Գագիկ Ծառուկյանը, որ Քոչարյանի ծրագրի հաջողելու դեպքում թերեւս ժամանակի ընթացքում աստիճանաբար դուրս կգար քաղաքականությունից, իր դերակատարումն ավարտած, ստիպված մնաց քաղաքականության մեջ եւ հետագա տասնամյակում ստիպված էր իրականացնել բավական բարդ մանեւրներ՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ, միաժամանակ խոշոր հաշվով «մերժված» լինելով երկու կողմից էլ:

Գագաթնակետը 2015 թվականի փետրվարն էր, երբ ԲՀԿ նախագահը կանգնեց գործնականում անդունդի եզրին, ուր նրան լքեցին Ռոբերտ Քոչարյանն ու ժամանակի ընթացքում նրանց հետ խաղ սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սերժ Սարգսյանին բավական էր ցած հրել Ծառուկյանին, բայց նա թույլ տվեց, որ Ծառուկյանը պարզապես իջնի ինքնակամ, դրա դիմաց հետագայում բարձրանալու իրավունքը պահելով:

Ծառուկյանը պայմանավորվեց Սերժ Սարգսյանի հետ:

Ապրիլի 23-ին խզվեց այդ պայմանավորվածությունը եւ Գագիկ Ծառուկյանը մի քանի օր անց պայմանավորվեց Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ պայմանավորվածությունը շարունակում է մնալ ուժի մեջ, եւ դրա վկայությունն այն է, որ Ծառուկյանը հայտարարում է Քոչարյանի հետ գործակցության հարցն օրակարգում չլինելու մասին:

Այստեղ սակայն ԲՀԿ առաջնորդի համար խնդիրը խորքային է, եւ Քոչարյանի հարցը գոնե առայժմ չդիտարկելը պայմանավորված չէ լոկ նրանով, որ կա պայմանավորվածություն Փաշինյանի հետ: Եվ իհարկե ոչ էլ նրանով, որ ներկայում Քոչարյանի անուն տալը Ծառուկյանի համար կարող է թանկ արժենալ Երեւանի Ավագանու ընտրությանը, եւ ընդհանրապես «հեղափոխական» իրավիճակում: Դա էլ անշուշտ ունի իր դերը, սակայն Գագիկ Ծառուկյանի համար խոշոր իմաստով հարցը ավելի շուտ ոչ թե քաղաքական վերաիմաստավորումն ու վերադիրքավորումն է, այլ քաղաքականությունից դուրս գալու գործընթացը:

Ակնառու է, որ քաղաքականությունը նրա տեղը չէ, առավել եւս, որ Ծառուկյանի քաղաքական գործունեությունի երկրորդից վեր չունի հեռանկար, մի շարք պատճառներով, ընդհուպ աշխարհքաղաքական: Ի վերջո, ԲՀԿ առաջնորդը դա լավ է պատկերացնում, անցնելով տասնամյակը «վառարանի» միջով:

Նրա խնդիրը սեփականության անձեռնամխելիության եւ անվտանգության համակարգային, ինստիտուցիոնալ երաշխիքներն են, ինչպես երեւի թե ցանկացած խոշոր գործարարի համար: Դրա հավանականություն առկա է միայն թավշյա հեղափոխության օրակարգի անշրջելի հաջողության պայմաններում, որին կարող է նպաստել նաեւ Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանի ինչի՞ն է պետք վերստին հայտնվել Քոչարյան-Սերժ Սարգսյան դիմակայության արանքում, հատկապես, երբ վերջապես նշմարվում է «թունելի լույսը», թունել, որում հայտնվել է Ծառուկյանը՝ մեկ տասնամյակ առաջ ներքաշվելով քաղաքականության մեջ: Իսկ խորքային առումով բուն դիմակայությունը ներկայում հենց Քոչարյան-Սարգսյան ֆորմատով է, որովհետեւ գործնականում Ռոբերտ Քոչարյանի խնդիրը այստեղ է, Նիկոլ Փաշինյանից նա դեռեւս շատ է հետ ու շատ է թեթեւ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache