good-banner
Լրահոս

Գագիկ Ծառուկյանի վերադարձի գաղտնիքը

 

gagik_carukyan-519x375

Ակտիվ քաղաքականություն Գագիկ Ծառուկյանի վերադարձի առիթով քննարկումների եւ բարձրաձայնվող հարցերի շարքում է նաեւ այն, թե արդյոք Ծառուկյանի վերադարձից հետո հանրությունը կհավատա նրան, հաշվի առնելով այն, թե ինչպես հեռացավ 2015 թվականին:Ծառուկյանն իհարկե տվել է դրա բացատրությունը, ասելով, թե հեռացավ, որովհետեւ չէր ուզում, որ արյուն հեղվեր: Թե ում համար է այդ բացատրությունը համոզիչ, իհարկե դժվար է չափել:

Գուցե պատկերը պարզ լինի անաչառ սոցհարցման պարագայում, եթե Հայաստանում հնարավոր է այդպիսին:Բայց, տվյալ դեպքում խնդիրն այդ բացատրության համոզչությունը չէ: Վերջին հաշվով, դժվար է իհարկե վիճարկել այն, որ արյունահեղությունը Հայաստանում իրավիճակ փոխելու, իշխանափոխություն իրականացնելու տարբերակ չէ, որովհետեւ եթե անգամ դրա շնորհիվ հնարավոր լինի փոխել իշխանությունը, ապա մեծ է հավանականությունը, որ արյամբ եկած իշխանությունը ավելի հանդուրժող եւ ազատական, ավելի ժողովրդավարական չի լինի, քան արյունով պահվող իշխանությունը:

Տվյալ դեպքում հարցն այն է, թե արդյոք համոզիչ է այն, որ Գագիկ Ծառուկյանն ընդդիմություն է: Կամ, ավելի շուտ, արդյոք նա ընդդիմություն է համակարգին: Չէ՞ որ Գագիկ Ծառուկյանի ներկայիս ուժը, այդ թվում առաջին հերթին նյութական, ռեսուրսային, գալիս է հենց այդ համակարգից: Ծառուկյանը չէր կարող լինել այն, ինչ կա, եթե չլիներ Հայաստանում արդեն երկու տասնամյակ գոյություն ունեցող համակարգի առանցքային մասնակիցներից մեկը:

Դա գոնե աներկբա է:Ըստ այդմ, երբ խոսվում է այն մասին, թե արդյոք Ծառուկյանն ընդդիմություն է, թե ոչ, ապա այստեղ անհրաժեշտ է հստակեցում: Որովհետեւ Հայաստանի իշխող համակարգում միմյանց ընդդիմություն են գրեթե բոլորը: Բայց կա մի սահման, որից այն կողմ այդ ընդդիմությունը տեղը զիջում է ընդհանուր շահին եւ ինքնապահպանման հավաքական գիտակցությանն ու ենթագիտակցությանը, կամ բնազդին:Այդ իսկ պատճառով, օրինակ, որեւէ նախկին բարձրաստիճան պաշտոնյա կարող է դառնալ ընդդիմություն, բայց չանել որպես ընդդիմություն ամենապարզ քայլը՝ տալ սեփական պաշտոնավարման ժամանակաշրջանի քաղաքական գնահատական եւ ստանձնել այդ շրջանում կատարվածի համար քաղաքական պատասխանատվություն, անհրաժեշտության դեպքում հանրությունից խնդրելով պարզ ու հստակ ներողություն, առանց այլաբանությունների կամ երկիմաստությունների:

Այդ դեպքում, երկրորդական է հարցը՝ տվյալ պաշտոնյան ընդդիմություն է անցնում իշխանության հետ համաձայնվելու, թե չհամաձայնվելու միջոցով, պայմանավորվելու՞, թե չպայմանավորվելու արդյունքում: Եթե նա չի տալիս համակարգի քաղաքական գնահատականը, եթե նա չի խոսում այդ համակարգում անձնական դերակատարության մասին, չի գնահատում այդ դերակատարությունը, կնշանակի, որ նա կաշկանդված է: Եթե նա կաշկանդված է, ապա կարեւոր չէ՝ ասենք Սերժ Սարգսյանն է նրան ղեկավարում, թե որեւէ այլ մեկը. հստակ է, որ նրանց ղեկավարում է համակարգը, նա գտնվում է համակարգի շահի ազդեցության ներքո:

Ավելին, իշխող համակարգը ներկայում հասել է սպառման եւ «արտադրողականության» ճգնաժամի մի վիճակի, որ այդ համակարգի ընդհանուր անվտանգության տեսանկյունից ոչ միայն խնդիր չեն միմյանց ընդդիմանալու առանձին փորձերն ու դրսեւորումները, այլ նույնիսկ օգտակար է հենց ընդհանուր, հավաքական անվտանգության տեսանկյունից, մի շարք առումներից ելնելով:Վերջին հաշվով, ներկայում իշխող համակարգի առաջ դրված երկարաժամկետ խնդիրը հենց ներքին ընդդիմությունների համակարգումն է եւ դրա «ինստիտուցիոնալացումը», որպեսզի իշխանության առանձին սեգմենտներ միմյանց ընդդիմանան ոչ թե տարբեր տեղերում թաքուն պատվերներ տալով կամ թավշյա հեղաշրջումներ պլանավորելով, այլ ընդդիմադիր ուժերի պաշտոնական կարգավիճակով:

Դա ապահովելուց հետո գուցե նույնիսկ կհասնի նաեւ իշխանության ռոտացիայի կանոնների շուրջ պայմանավորվելու հերթը:Հասարակության հավատալ-չհավատալը այդպիսի իրավիճակում բացարձակ իռացիոնալ կատեգորիա է, քանի որ կա մի պարզ հարց՝ իսկ ինչ պետք է անի հանրությունը չհավատալու դեպքում: Չկա այդ հարցի պատասխանը, որովհետեւ պատասխանը, թե պետք է գնա եւ ձայն տա այլ ուժի, ում հավատում է, վաղուց այլեւս կենսունակ չէ հայաստանյան քաղաքական միջավայրում:Ընդհանրապես, հարցադրումը, թե ում է հավատում կամ չի հավատում հասարակությունը, Հայաստանում սպառված եւ իմաստազուրկ է վաղուց:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing