Լրահոս

Գագիկ Ծառուկյանի վերջին քայլը. Նա հեռանում է

 

Երեւանի Ավագանու ընտրության համատեքստում շատ է քննարկվում Ծառուկյան դաշինքի չմասնակցելու հարցը, այն դիտանկյունից, թե ինչպես կարող է խորհրդարանի ընտրությանը երկրորդ տեղ զբաղեցրած եւ իրեն ընդդիմություն որակող ուժը չհավակնել մայրաքաղաքի՝ Հայաստանի փաստացի կեսը հանդիսացող համայնքի ղեկավարության:

Ինչպես հայտնի է, Ծառուկյան դաշինքը հայտարարել է, թե ընտրությանը չի մասնակցում այն պատճառով, որ խորհրդարանի ընտրությունից հետո քիչ էր Երեւանի զարգացման խորքային ծրագիր գրելու ժամանակը, իսկ առանց համապարփակ ծրագրի իրենք լուրջ չեն համարել ընտրողին ներկայանալը: Որքանով է լուրջ այդ բացատրությունը, կդատի թերեւս ընտրողը:

Ի վերջո, Ծառուկյան դաշինքը երկու անգամ մասնակցել է Երեւանի քաղաքապետի ընտրությանը, դրանից ի վեր Երեւանի խնդիրները խոշոր հաշվով չեն էլ փոխվել, եւ առնվազն հնարավոր էր մասնակցել հին ծրագրի ընդամենը արդիականացմամբ:Ծառուկյանի չմասնակցության բուն պատճառն անշուշտ իրատեսությունն ու պրագմատիզմն է, որ նա ունի առնվազն որպես խոշոր գործարար: Ծառուկյանը չի հավակնում Երեւանի ղեկավարությանը, որովհետեւ նա շատ հստակ գիտակցում է իր դերակատարումը:

Այդ դերակատարումը «երկրորդն» է: Ծառուկյանը անցնող տասնամյակում հստակ կատարել է այդ դերը:Տասնամյակն ավարտվում է, սկսվում է քաղաքական նոր փուլ, նոր իրավիճակ: Ծառուկյանը 2017 թվականի ընտրությամբ ավարտել է տասնամյակը, նա կատարել է գործնականում վերջին քայլը ակտիվ քաղաքականության մեջ՝ վերջին անգամ ապահովելով «երկրորդ ուժի» դիրքը, լցնելով վակուումը, ապահովելով բուֆերը իշխանության ու հանրության միջեւ:Երեւանում նա այլեւս չունի այդպիսի խնդիր, խնդիր չունի նաեւ իշխանությունը՝ չկա լիցքաթափելու անհրաժեշտություն: Հետեւաբար իշխանության եւ Ծառուկյանի միջեւ առաջանում է լռելյայն կոնսենսուս՝ Ծառուկյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ չունեն քաղաքապետի ընտրությանը նրա մասնակցության մոտիվացիա:Ծառուկյանը խորհրդարանի ընտրությանը մասնակցել է 2018-ի խնդրի համատեքստում, սեփական երաշխիքների նվազագույն ծավալ ապահովելու համար եւ դարձել է «պատկառելի ընդդիմություն», ինչպես բնորոշել է Սերժ Սարգսյանը:

Առաջիկա հնգամյակը իշխող համակարգի համար լինելու է ներհամակարգային տրանսֆորմացիաների ժամանակաշրջան, որտեղ հստակեցվելու են համակարգի երկբեւեռ բաժանման խաղի կանոնները արդեն նախագահի պաշտոնի բացակայության, այսինքն «արբիտրաժի» բացակայության պայմաններում: Դա նշանակելու է բեւեռների առավել խորքային տրանսֆորմացիա: Եթե դա անցնող տասնամյակում տեղի է ունեցել անունների, անվանումների մակարդակով, ապա նոր տասնամյակում խնդիրը լինելու է այսպես ասած գաղափարականացումը, դրա միջոցով երկբեւեռ իրականության առավել ամրապնդումն ու բյուրեղացումը:

Այդ խնդրում Գագիկ Ծառուկյանն առանցքի հավակնորդ չէ, եւ նա առաջիկա հնգամյակում աստիճանաբար դուրս է գալու քաղաքականությունից, դրանում անձնական մասնակցությունից, առավելագույնը ձգտելով լինել երկրորդ բեւեռի գաղափարախոսական տրանսֆորմացիայի եւ բյուրեղացման «ֆինանսա-տնտեսական պատրիարք»:Երեւանի Ավագանին այդ գործընթացում պարզապես ավելորդ ֆինանսական ծախս է, ուրիշ ոչինչ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing