Լրահոս

Գագիկ Ծառուկյանի խոստումը, որն իրականացավ

 

gagik-tzarukyan

politik.am — Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերից առաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անդրադառնալով առաջիկա խաղերին և սպասվելիքարդյունքներին ասել էր.«Ինչ աշխատանքներ են տարվել օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների համար հարցին ես կպատասխանեմ շատ հակիրճ` բոլոր անհրաժեշտ աշխատանքները: Արվել է ամեն ինչ, նույնիսկ ավելին: Ես չեմ ուզում բացել փակագծերը, բայց չկա մի մանրուք, որն անտեսված լինի: Ամբողջ գործընթացը երկար ամիսների ընթացքում իմ անմիջական հսկողության տակ է: Այդ աշխատանքների ընթացքում մեր մարզաշխարհը որևէ բանի պակաս չի ունեցել: Անկեղծորեն պետք է նշեմ, որ եղել են նաև դեպքեր, երբ անհրաժեշտության դեպքում դիմել ենք կառավարության կամ իշխանության այլ ներկայացուցիչների, ու յուրաքանչյուր հարց անմիջապես լուծում է ստացել: Ես լավատես եմ, բայց կա որոշակի նախապաշարմունք և այդ պատճառով կխուսափեմ կոնկրետ թվեր, կոնկրետ սպասելիքներ, կոնկրետ նպատակներ ժամանակից շուտ հրապարակելուց: Քիչ մնաց: Մի քիչ էլ համբերենք: Ես ունեմ մեծ սպասելիքներ, որովհետև կատարվել է իսկապես ահռելի աշխատանք, և որովհետև մենք ունենք շատ լավ մարզիկներ` լուրջ պրոֆեսիոնալներ և հայրենասեր օլիմպիական թիմ»,-ասել էր Գագիկ Ծառուկյանը:

Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականի օգոստոսի 5-ից մեկնարկեցին օլիմպիական խաղերը: Խաղերի սկզբից համացանցում և մի շարք լրատվական կայքերում սկսեցին քննադատել Հայաստանի հավաքականը, սակայն երեկ մեր ըմբիշների ելույթները վկայեցին, որ այդ գնահատականները վաղ էին հնչեցվել:

Հունահռոմեական ոճի 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը դարձավ չեմպիոն, իսկ Միհրան Հարությունյանը դարձավ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Իհարկե Միհրան Հարությունյանը  միայն մրցավարի կողմնակալ որոշման արդյունքում  դարձավ փոխչեմպիոն, սակայն բոլորի համար էր հասկանալի, որ իրականում նա արժանի էր ոսկե մեդալի:

Մեր մարզիկների երեկվա ելույթի արդյունքում`  Հայաստանը քսան տարվա ընդմիջումից հետո կրկին ոսկի նվաճեց: Իհարկե այս փառահեղ հաղթանակը  առաջին հերթին Արթուր Ալեքսանյանի ջանքերի շնորհիվ է կայացել, սակայն չպետք է մոռանալ, որ սպորտը միայն մեկ մարզիկի աշխատանք չէ, այլ կարևոր է, թե ինչ պայմաններում են իրականացվել մարզումները, ինչպիսի ջանք է ներդրվել սպորտի ղեկավարների կողմից, որպեսզի նման արդյունք ստացվի:

Մի բան հստակ է` իսկապես կատարվել է այն մանրակրկիտ աշխատանքը, որը իր հարցազրույցում նշել էր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հաշվի չառնելով մի քանի թերություններ, որոնք կարծում ենք կապ չեն ունեցել ՀԱՕԿ աշխատանքների հետ, պետք է փաստել, որ կատարվել է հրաշալի աշխատանք, որի վրա հենվելով կարծում ենք հաջորդ օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության ձեռբերումները էլ ավելի մեծ կլինեն:

Հ.Գ.  Իրականացավ Գագիկ Ծառուկյանի խոստումը և հայկական սպորտը իսկապես իր նախկին բարձրունքներին է վերադառնում: Մնում է, այս ընթացքում չկոտրել մարզիկներին և սպորտի ղեկավարներին, խրախուսել նրանց ջանքերը և արդյունքները սպասեցնել չեն տա: Ի վերջո պետք է հասկանալ, որ նման միջոցառումներին հավուր պտշաճի ներկայանալը բարձրացնում է մեր երկրի հեղինակությունը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing