good-banner
Լրահոս

Գարեգին Չուգասզյանի խոսքն ուղղված Վարուժան Ավետիսյանին

 

novyj-kollazh12

gala.tv — Վարուժան ջան, գիտեմ, որ կենացների ու շնորհավորական խոսքերի կարիքը երբեք չես ունեցել, և առավել ևս հիմա դրա ժամանակը չի… Քեզնից լավ քո անելիքը ոչ ոք չգիտի այսօր ու չգիտեր երեկ, երբ դու, լինելով Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներից մեկը, քո բազմաթիվ ազնիվ զինվորական ընկերներիդ հետ ատամներդ սեղմած հետևում էիր Մարտի 1-ի ողբերգությանը և նրան հետևած, տարիներ շարունակվող քաղաքական խեղկատակությանը…

Դու Պաշտպանության նախարարությունում ոչ թե պաշտոն էիր զբաղեցնում ու տուն պահում, այլ դա քո կոչումն էր, և սեփական անկախ հայրենիքի սպայի առաքելության բարձր գիտակցությամբ դու քո պարտքն էիր կատարում, ինչպես պաշտոնակից և զինակից ընկերներից շատ-շատերը, որոնք նույնպես հասկանում էին, որ ինչ-որ շատ լուրջ բան այնպես չէ մեր երկրում, ու որ Տիտանիկը նստած ուղևորների նման գնում ենք դեպի աղետ…

Վահե Ավետյան սպայի խոշտանգումներն ու ողբերգական մահն էին այն առիթը, որը ստիպեց քեզ երրորդ հանրապետության հետ հույսեր կապելուց հրաժարվել՝ հասկանալով որ այն վերջանում է, և որ շտապ պետք է զբաղվել չորրորդի նախապատրաստությամբ: Եվ ի զարմանս քո ծառայակից սպաների ու ղեկավարության, հրաժարվեցիր բարձր պաշտոնիցդ և աշխատավարձից ու քեզ ամբողջովին նվիրեցիր արժանապատիվ, ինքնիշխան ու արդար Նոր Հայաստանը պատկերացնելու ու իրականություն դարձնելու քաղաքական պայքարին:

Քո համար այլևս պարզ էր, որ գաղութացված երկրիդ հանցագործ կառավարիչներն այլևս խամաճիկ են, և ուրեմն անկախության տարիների բացառիկ նվաճումը՝ բանակն անգամ, որը ճնշող մեծամասնությամբ բաղկացած լինելով ազնիվ սպաներից, վերածվում է այնպիսի գործիքի, որն կամա թե ակամա օտարի քաղաքական ղեկավարության հրամանատարության տակ է անցնում…

Վկան ապրիլյան քառօրյա պատերազմը, որն էլ դարձավ այն վերջին կաթիլը, որը քեզ ու ընկերներդ ստիպեց գնալ ապստամբական գործողության՝ հասկանալով, որ թշնամին տանն է ու շուտով հասնելու է մեր ընտանիքներին, և ժամանակն է սեփական ինքնազոհությամբ արթնացնել և նվաճել ժողովրդի սիրտը… Գիտեմ, որ շատ ընկերներ ունես Պաշտպանության նախարարությունում, առավել ևս համակիրներ, որոնք ամբողջովին կիսում են քո գաղափարները, որոնք մշտապես կարդացել են քո քաղաքական հոդվածները և լսել ելույթները՝ համակրելով նրանց…Վստահ եմ, որ եթե այս հանցագործ բանդան որոշի գրոհել ձեր վրա, ապա կհասունանա քո բանակային ընկերների ժամանակը ևս…

Դեպքերի բոլոր հնարավոր զարգացումների դեպքում, դու և ապստամբ ընկերներդ հասել եք ամենակարևորին՝ նվաճել եք ամենաթանկ բանը կյանքում՝ ձեզ ծնած ու սնած ժողովրդի այն սերը, որով այն պարուրեց այս օրերին քեզ ու քո ընկերներին և հավատաց, որ Սասնա Ծռերը նորից իրենց քաղաքում են ապրում՝ իրենց կողքին…

Գարեգին Չուգասզյան

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am