Գավառի վենդետա. Ոստիկանության տապալումը կարագացնի՞ փոփոխությունները կառույցում

0

Մինչ իշխանությունները քրեական ենթամշակույթի դեմ են փորձում պայքարել` օրենքներ ընդունելով, նման բարքերի դրսևորումներն ավելի ցցուն են դառնում։ Ընդ որում՝ ռազբորկաները, որոշ դեպքերում անգամ վենդետաները իրականացվում են օրը ցերեկով՝ հանրային վայրերում:

Նախօրեին Գավառում տեղի ունեցածն իր դաժանությամբ, մասշտաբներով և հանդգնությամբ աննախադեպ էր։

Հիշեցնենք, որ Գավառում նախ օրը ցերեկով կրակոցներ էին հնչել մի քանի տասնյակի հասնող անձանց կողմից, որի հետևանքով երկու քաղաքացի էր զոհվել, ապա կազմակերպված, ըստ Գեղարքունիքի մարզպետի, 500 հոգանոց խմբով հարձակվել են Գավառի հիվանդանոցի վրա և դանակահարել այդ կրակոցների հետևանքով հիվանդանոցում հայտնված ու բուժօգնություն ստացող քաղաքացիների՝ նրանց պատճառելով ծանր վնասվածքներ։

Այս դեպքերից հետո քննարկման թեմա է դարձել Ոստիկանության գործելաոճը։ Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում համատարած էր տեսակետը՝ այդ միջադեպը ևս մեկ անգամ ապացեց, որ ուժային կառույցներն իրենց տեղում չեն։ Շատերը սկսեցին բարձրացնել հարցը՝ ինչպես էր հնարավոր ոստիկանների հսկողության պարագայում մտնել հիվանդանոց ու դանակահարել բուժօգնություն ստացողներին։ Ինչու այդ ընթացքում Ոստիկանության աշխատակիցները, թեկուզ նախազգուշական կրակոց չեն արձակել։

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասում է՝ Ոստիկանության ծառայողներից շատերին ուղղակի հրազեն չեն տալիս: «Ոստիկանության ծառայողների մի մասն այն աստիճան ոչ կոմպետենտ է, որ եթե իրենց ձեռքը հրազեն տային՝ կարող է ավելի վտանգավոր լիներ, ՊՊԾ-ի ժամանակ ոստիկանության ձեռքը հրազեն կար և ի՞նչ եղավ, միակ անգամը, որ այդ հրազենը օգտագործվեց այն էր, որ «Սասնա ծռերը» եկան այդ հրազենը վերցրեցին և գերեվարեցին ՀՀ ոստիկանապետին և փոխոստիկանապետին»,- նշեց նա։

Ոստիկանությունը մինչ այժմ ձեռնպահ է մնում մեկնաբանելուց, թե քանի ոստիկանի կողմից էր հսկվում Գավառի հիվանդանոցը և ինչու նրանց չի հաջողվել կանխել այս գրոհը։ Գեղարքունիքի մարզպետը երեկ հայտարարեց, որ հարձակման պահին հիվանդանոցում են գտնվել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Մեղավորներից առաջինը հենց Ոստիկանությունն է, որը համարժեք գործողություններ չի իրականացրել, ես կարող եմ ասել, որ այնտեղ մեծ թվով ոստիկաններ են եղել, նրանք չեն կարողացել կիրառել այն կաննոները որոնք պետք է կիրառեին, այլ արել են այն, ինչ կարողացել են։ Ոստիկանության՝ 18 ժամ հետո տարածած հայտարարություն էլ այն մասին էր, որ ոստիկանապետը այնտեղ չի եղել, կարծես թե, դա միակ մտահոգությունն էր, սա անհավանական պատմություն է»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն էլ խիստ մտահոգիչ է համարում այն, որ դեպքից երկու օր անց էլ մենք դեռևս չունենք ամբողջական պաշտոնական տեղեկատվություն, թե ինչ է, ի վերջո, կատարվել Գավառում, որն է եղել շարժառիթը, քանի տուժած կա և ինչ աստիճանի են վնասները։ Մինչդեռ իշխանական խմբակցության պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղեկալ Արմեն Խաչատրյանի կարծիքով, Ոստիկանության կողմից տեղեկատվական պասիվությունը բխում է գործի շահերից։

Ոստիկանական համակարգում աշխատանքի փորձառություն ունեցող իշխանական պատգամավորը նաև կարծում է, թե ի շնորհիվ Ոստիկանության է, որ հիվանդանոցում ավելի ծանր դեպքեր չեն եղել։

Իրավապաշտպանները բարձրաձայնում են Ոստիկանության համակարգում արմատական փոփոխություններ անելու հարցը:

Նշենք, որ ուժային կառույցներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին դեռևս ամիսներ առաջ խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թե ինչ քայլեր են արվել այդ բարեփոխումները կյանքի կոչելու համար հայտնի չէ։

Հավելենք , որ Գավառում իրավիճակը շարունակում է լարված մնալ, իրավապահները մտահոգված են, որ վենդետան կարող է շարունակություն ունենալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները