Գազի և էլեկտրաէներգիայի գնագոյացման խնդիրներով էլ պե՞տք է զբաղվի ԱԱԾ-ն. Փաշինյանը խոսել է Պուտինի հետ

96

mitk.am — Էներգետիկայի ԲՀԿ-ական նախարար Արթուր Գրիգորյանը կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել գազի և էլեկտրաէներգիայի գնի նվազեցման ուղղությամբ ուսումնասիրության արդյունք՝ ասելով, որ էլեկտրաէներգիայի գինը հնարավոր է 10 դրամ նվազեցնել միայն անապահով 20 հազար ընտանիքի համար, ինչը պայմանավորվել են «Տաշիր» ընկերության հետ՝ դրա շահույթի հաշվին, իսկ գազի գնի նվազեցում հնարավոր չէ, քանի որ կան ռիսկեր թե՛ դոլար-դրամ փոխարժեքի, թե՛ սահմանին գազի գնի հետ կապված:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախարարը ոչինչ չի ասել ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի մասով, որոնք գուցե ևս «նպաստում» են ինքնարժեքի բարձրացմանը:

Բանն այն է, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ուսումնասիրում են գազի և էլեկտրաէներգիայի գնի նվազեցման հնարավորություն, և որ ինքն այդ մասին խոսել է նույնիսկ Պուտինի հետ, Սոչիում՝ ասելով, որ թեև սահմանին Ռուսաստանը գազը մատակարարում է էժան, սակայն Հայաստանի բնակչի համար դա ոչինչ է, քանի որ տանը բնակիչը ստանում է թանկ գազ:

Էլեկտրաէներգիայի ու գազի գնագոյացումը ըստ էության ունի շաղկապվածություն, թեև գազի ոլորտում այլ սուբյեկտ է, էլեկտրաէներգիայի ոլորտում՝ այլ: Այստեղ բաշխիչ ցանցերի սեփականատերը «Տաշիր» ընկերությունն է, որը պատկանում է ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին: Բայց այստեղ կա մի հանգամանք էլ՝ ոլորտում խոշոր խաղացող է նաև «Գազպրոմը», որին է պատկանում խոշորագույն արտադրող Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը: Իսկ առաջիկայում այդ բլոկի դերը լինելու է մեծ, քանի որ ատոմակայանը կանգնում է նորոգման՝ 10 տարով շահագործումը երկարաձգելու համար, որը կատարվում է ռուսական վարկով: Այսինքն՝ ներկայումս էլեկտրաէներգիայի հարցում մեծ է լինելու գազի գնի դերը: Գազի գնի հարցում էլ մեծ է «Գազպրոմ Արմենիայի» դերը, որը սահմանին գազը ստանալով 150 դոլարով՝ ներքին սպառման համար թանկացնում է կրկնակի:

Մյուս կողմից, սակայն, այդ գինը հաստատում է հանրային ծառայությունների կարգավորման անկախ հանձնաժողովը: Ուրեմն ի՞նչ կարիք կա հարցը բարձրացնելու Պուտինի առաջ: Խնդիրը, սակայն, այն է, որ Հայաստանում այդ անկախ հանձնաժողովը իրականում գործել է ըստ էության նույն տրամաբանությամբ, ինչով տնտեսական մրցակցության պաշտպանության անկախ հանձնաժողովը,՝ օրինակ: Այսինքն՝ եղել է տնտեսական մրցակցության պաշտպանության անկախ հանձնաժողով, սակայն Հայաստանում չի եղել պաշտպանված տնտեսական մրցակցություն, այլ հակառակը՝ հանձնաժողովը իրենով լեգիտիմացրել է մոնոպոլիաները և օլիգոպոլիաները: Չէր կարող այլ տրամաբանության ներքո գործել մյուս անկախ հանձնաժողովը, և այն էլ լեգիտիմացրել է մոնոպոլ դիրքերում գտնվող գազային և էլեկտրաէներգիայի ոլորտների ձեռնարկությունների գործունեության հետևանքը սակագնի տեսքով: Այլ կերպ ասած՝ այդ խնդիրը իրականում Հայաստանում գործած ամբողջական և համակարգային կոռուպցիոն սխեմաների բաղկացուցիչ է, ըստ այդմ՝ դիտարկել գնագոյացումը դասական մեխանիզմների շրջանակում, նշանակում է պարզապես զբաղվել ինքնախաբեությամբ:

Ինչով է զբաղվել էներգետիկայի նախարարությունը՝ պարզ չէ, սակայն եթե տրամաբանությունը մնա այդ «դասական» շրջանակում, ապա գազի և էլեկտրաէներգիայի գնագոյացման խնդիրներով էլ թերևս պետք է զբաղվի ԱԱԾ-ն: Հենց այս տիրույթում է նաև խնդիրը Պուտինի հետ քննարկելու, այսպես ասած, իրական քաղաքական ռեժիմի անհրաժեշտությունը, որովհետև խոսքը 100 տոկոս ռուսական բաժնեմասով ընկերության գործունեության մասին է, որը ռուսական պետական ընկերություն է: Այդ ընկերության գործունեությունը Հայաստանում վերանայելը, իհարկե, անիրատեսական է, սակայն գործունեության խաղի կանոնների վերանայումը անխուսափելի է, քանի որ հակառակ դեպքում անիմաստ է դառնում մնացյալ տնտեսական համակարգերում խաղի կանոնների վերանայումը: Առավել ևս, որ նախորդ կառավարության սխեմաներում փաստորեն այդ թիմը, այսպես ասած՝ գազպրոմյան անցյալով թիմը, ունեցել է առանցքային դերակատարում:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից բարձրաձայնել է Սոչիում հարցը Պուտինի հետ քննարկած լինելու մասին, հիմք է տալիս ենթադրելու, որ քննարկումն ունեցել է դրական արդյունք, և գազի ոլորտում խաղի կանոնների վերանայումը Ռուսաստանը չի դիտարկի հայ-ռուսական հարաբերության վերանայման համատեքստում, թեև շատերը կփորձեն դա ներկայացնել հենց այդպես՝ ինքնապաշտպանական նկատառումով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache