Լրահոս

Գազի գողը գող չէ, եթե նա հանրապետական է

 

fxggfxgfx

zham.am -Մի քանի տարի առաջ ՀՀ Կառավարությունը վաճառեց իր մասնաբաժինը «Հայռուսգազարդում» «Գազպրոմ» ընկերությանը՝ գազի դիմաց կուտակված պարտքի պատճառով: Վերջերս պարզվեց, որ Հայաստանը ևս 53 մլն դոլար է պարտք գազի դիմաց: Պարտքն էլ «ջարդել էին» Երևանի ՋԷԿ-ի վրա: Էներգետիկայի նախարարությունը պարզաբանում տվեց, ասեցին 53 մլն չի՝ 33 մլն է, հետո եղան հրապարակումներ, որ նախարարությունն ուրճացնում է պարտքի ծավալը և այն իրականում 10 մլն դոլարը չի գերազանցում: Որքան էլ վատ կարծիքի լինենք մեր Կառավարության կադրերի մասին դժվար թե իրենք 20 մլն դոլարով սխալվեին: Այստեղ հաստատ ուրիշ բան կա:

Եվ կամաց-կամաց հասկանալի է դառնում, թե ինչ: Պարզվում է, մեր «սիրելի» Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը, Վանաձորում ռեստորան ունի ու մի բան էլ գազի փողը չի մուծում: Մի հատ փորձեք էլի մի ամիս գազի դիմաց մի վճարեք: Գիտեք՝ ինչ կլինի: Բայց դե Վահրամ Բաղդասարյանին կարելի է. գազի գողը գող չէ, եթե նա հանրապետական է: Իրենք անօրինական բիզնես են ծավալում, մենք էլ հետո մեր գրպաններից վճարում ենք դրա դիմաց:

Չնայած, ինքը՝ Վահրամ Բաղդասարյանը, պնդում է, թե ռեստորանն իրենը չէ, նա միայն տարածքն է վարձակալությամբ տվել: Բայց…տարածքը վարձակալությամբ տալով եկամուտների հայտարարագրում նշել է, որ 2 մլն 917 հազար դրամի եկամուտ է ստացել, որպես շահաբաժին: Հիմա սա ո՞նց հասկանանք. Վահրամ Բաղդասարյանը ստորաբար և անամոթ կերպով ստու՞մ է, թե բիզնես բիզնես չունի, թե՞ ուրիշի բիզնեսի մեջ անօրինական փայ է մտել ու ռեկետ անելով է եկամուտ ստանում: Կամ էլ այդ ռեստորանի համար «տանիք» է հանդիսանում և «գազի վճարի արտոնություն է» տրամադրում ռեստորանին՝ բիզնեսի աջակցության շրջանակներում:

Սա էլ այն «պրիմիտիվ գողությունը», որի մասին խոսում էր նորանշանակ վարչապետը: Ի դեպ նույն այդ մեր Վահրամ Բաղդասարյանը Կարեն Կարապետյանի ելույթից հետո շտապել էր հայտարարել, թե գողություն չկա ու վարչապետը «երևույթի մասին էր խոսում»: Չխորանանք, թե ինչ ինքը ի նկատի ուներ, դա նույնիսկ Գալուստ Սահակյանը չէր հասկանա, բայց փաստն այն է, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարին ձեռք չի տալիս, որ այդ «պրիմիտիվ գողությունը» վերանա:

Իսկ մենք կարող ենք փաստել, որ ՀՀԿ-ականները բիզնես են վարում՝ պաշտոնով պայմանավորված արտոնություններ են ստանում, իսկ մեր գազի պարտքն անվերջ ավելանում է: Իհարկե, փաստեր չկան, որ մեկը մյուսի հետ կապված է, բայց ես պրիմիտիվ գողության մասին չեմ խոսում, այլ «երևույթի»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing