Գազպրոմ Արմենիան կարող է ավելի սոցիալական գնային քաղաքականություն վարել

99

Մեր զրուցակիցն է էներգետիկ ոլորտի փորձագետքաղաքականգիտությունների թեկնածուդոցենտ Վահե Դավթյանը

Պարոն Դավթյան, Էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը կառավարության նիստում հայտարարել է, որ գազի և էլէկտրաէներգիայի սակագների նվազեցման համար կան ռիսկեր և հնարավոր է միայն 10 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը սոցիալապես անապահով ընտանիքների համար։ Արդյոք իսկապես հնարավոր չէ՞սակագների նվազեցում բոլորի համար, այդ թվում՝ գազի։

Դեռ շուտ է եզրակացություններ անել նախարարի հայտարարության շուրջ: Կարծում եմ՝ նա պարզապես ներկայացրել է ընթացող բանակցությունների այս փուլի առարկան, սակայն վերջնական որոշում դեռ չկա: Ավելին, այս հարցում պետք է հաշվի առնենք նաև «Տաշիր Կապիտալի» գործոնը: Չեմ կարծում, որ իր պրագմատիզմով միշտ աչքի ընկնող ընկերությունը հենց այնպես կգնա նման գործարքի՝ անգամ միայն սոցիալապես անապահով սեգմենտի համար:Չեմ բացառում, որ ընկերությունը դրա դիմաց որոշ արտոնություններ կպահանջի, այդ թվում՝ հարկային: Մյուս կողմից, կարող ենք ստույգ արձանագրել, որ առհասարակ երկրում ելեկտրաէներգիայի սակագների նվազեցման համար այսօր անհրաժեշտ նախապայմաններ չկան: Ունենք սպառման անկում, չնայած 2017-ի դրությամբ գրանցված պաշտոնական 6% արտադրության աճի, որը հիմնականում պայմանավորված էր դեպի Վրաստան արտահանմամբ, այն էլ՝ փոխադարձ հոսքերի ձևաչափով: Այսինքն՝ ինչ արտահանել ենք, նույնքան էլ ներկրել ենք Վրաստանից: Չնայած այդ աճը պայմանավորված է նրանով, որ Վրաստան էլէներգիա չենք արտահանել: Միևնույն ժամանակ երկրի էներգահամակարգում առկա է մոտ 1 մլրդ դոլարի հասնող վարկային բեռ, ու այն չի կարող չանդրադառնալ սակագների ձևավորման վրա: Այնուամենայնիվ, գների իջեցում հնարավոր է, սակայն ոչ թե ավանդական կոմերցիոն եղանակներով, այլ միմիայն պետության անմիջական միջամտության արդյունքում: Վերջինս պետք է սուբսիդավորման բնույթ կրի:

Հնարավո՞ր է՝ ՀԱԷԿ-ի վերանորոգման աշխատանքների պատճառով ստիպված լինենք ավելի թանկ էլէկտրաէներգիա ստանալ ՋԷԿ-երից և արդյոք չպետք է իշխանությունները ավելի հստակ պատճառներ ներկայացնեն, թե ինչո՞ւ հնարավոր չէ նվազեցնել սակագները։

ԱԷԿ-ի գործոնն, իհարկե, առանցքային է: Եվ ոչ միայն մոդեռնիզացիոն աշխատանքների իրականացման առումով: Իհարկե, դրանք ուղղակիորեն կանդրադառնան սակագների վրա, քանի որ ԱԷԿ-ը երկրի ամենաէժան էլեկտրաէներգիա գեներացնողն է: Սակայն այդ ռիսկերը նախապես հաշվարկված են, մշակված են զսպման մեխանիզմները, և չեմ կարծում, որ մեզ գոնե այս տարի սակագնային ցնցումներ են սպասում: Մյուս կողմից, չեմ բացառում, որ հաջորդ երկու տարիների ընթացքում մենք, այնուամենայնիվ կբախվենք որոշ սակագնային ռիսկերի՝ կապված ԱԷԿ-ի կյանքի երկարացման հետ:Վերջինս, ինչպես բազմիցս նշել եմ, բացարձակ անհրաժեշտություն է երկրի անվտանգության համար, սակայն դիտարկելով հարցը զուտ կոմերցիոն տեսանկյունից՝ պետք է փաստենք, որ 2015 թ.-ին Ռուսաստանի կողմից կայանի մոդեռնիզացումն ապահովելու համար տրամադրված 270 մլն դոլար վարկը ազդելու է ի վերջո ԱԷԿ-ում գեներացվող էլեկտրաէներգիայի արժեքի վրա: Ինչպես գիտենք, վարկը տրամադրվել է տարեկան 3% տոկոսադրույքով, ինչը, համաձայն նախնական հաշվարկների, կարող է անդրադառնալ էլեկտրաէներգիայի արժեքի վրա մոտ 2,5 դրամի չափով:

Նախարարը գազի սակագնի նվազեցման ռիսկ է համարում տարեվերջին սահմանին ռուսական գազի գնի փոփոխության հնարավորությունը և դոլար-դրամ հարաբերակցությունը։ Որքանո՞վ են այս փաստարկները հիմնավոր՝ հաշվի առնելով, որ սահմանին գազն արժե 150 դոլար, իսկ հայ սպառողը վճարում է կրկնակի ավելի բարձր գնով։

Այս պահի դրությամբ մենք պետք է խոսենք ոչ թե սահմանին գազի սակագնի բարձրացման, այլ հակառակը՝ հնարավոր իջեցման մասին: Վերջինիս համար կան որոշակի օբյեկտիվ նախապայմաններ: Դրանցից թերևս ամենաառանցքայինն այն է, որ Հայաստանը՝ որպես ԵՏՄ անդամ, օգտվելով միության մաքսային պայմաններից, կարող է ռուսական գազ ներկրել ոչ թե գործող 150, այլ մոտ 135 դոլար գնով: Սա պետք է լինի հայ-ռուսական բանակցությունների գլխավոր առարկան:Ավելին, այսօր արդեն սկսվել է ԵՏՄ ընդհանուր գազի շուկայի ստեղծման գործընթացը, որի արդյունքում արդեն 2025 թ. մենք կունենանք միության այլ պետությունների հետ ներդաշնակեցված գազային շուկա՝ համապատասխան սակագներով: Այստեղ պետք է նշեմ, որ ԵՏՄ տարածքում ռուսական գազի գինն ամենաբարձրն է հենց Հայաստանի համար: Նախատեսվում է նաև գազային բիրժա ստեղծել, որը թուլ կտա ճկուն սակագնային քաղաքականություն վարել:Ամեն դեպքում, եթե անգամ սահմանին տարեվերջին սակագնի որոշակի աճ արձանագրվի, ինչը կարող է պայմանավորված լինել արժութային հարաբերակցությամբ, ինչպես նաև համաշխարհային շուկայում նավթի գների կայունացմամբ, ապա «Գազպրոմ Արմենիա»-ի մարժինալությունն այնքան բարձր է, որ երկրի ներսում հնարավոր է սակագնային մանևրեր անել: Գնելով գազը սահմանին 150 դոլարով՝ երկրի ներսում ընկերությունն այն վաճառում է 290-ով: Այս կրկնակի մարժինալության հարցը ևս պետք է դառնա երկկողմ բանակցությունների առարկա:

Մասնագետները նշում են, որ գազի սակագնի նվազեցման հարցը պետք է լուծվի մինչև ձմեռ, դա շատ իրատեսական է։ Կիսո՞ւմ եք նման մոտեցումը։

Ինչպես նշեցի՝ դրա համար կան օբյեկտիվ նախապայմաններ: 2016 թ. սակագնի նվազեցումը սահմանին որևէ ձևով չի անդրադարձել ներպետական սակագների վրա: Գազպրոմն այն ժամանակ հայտարարել էր, որ գոյացած եկամուտը ուղղվելու է ենթակառուցվածքային ու գազիֆիկացիոն աշխատանքների վրա: Այսօր արդեն կարող ենք փաստել, որ գազիֆիկացիան երկրում գրեթե ավարտվել է, այն մոտ 98%-ի է հասցվել, ինչը թույլ է տվել Հայաստանին այս ցուցանիշով առաջատար դառնալ ԱՊՀ տարածքում:Հսկայական աշխատանք է կատարվել՝ ուղղված Աբովյանի ստորգետնյա գազի պահուստարանի հզորությունները ավելացնելուն, ինչը զգալիորեն ամրապնդել է երկրի էներգետիկ անվտանգությունը: Ի վերջո, «Գազպրոմ Արմենիան» այսօր ապահովում է բարձր եկամտաբերություն և կարող է իրեն թույլ տալ ավելի սոցիալական սակագնային քաղաքականություն վարել: Իհարկե, դա պետք է արվի օր առաջ՝ գոնե սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ձմռանը բնակչության հոգսերը փոքր ինչ թեթևացնելու համար: Կրկնում եմ, սակայն, որ այս հարցում անհրաժեշտ է պետության ստույգ դիրքորոշումը, քանի որ դժվար թե «Գազպրոմ Արմենիան» նման միակողմանի նախաձեռնությամբ հանդես գա:

Նախարարը նշեց նաև, որ եթե 150 դոլարանոց ռուսական գազը տարեվերջին թանկանա, չի բացառվում, որ Հայաստանը որոշի գազ գնել Իրանից, որի գինը, ըստ նույն նախարարի, 165 դոլար է սահմանին։ Որքանո՞վ է հնարավոր նման տարբերակը՝ հաշվի առնելով, որ Հայաստան-Իրան գազամուղի կառավարումը ևս հանձնված է ռուսական ընկերությանը։

Նման զարգացումը ես քիչ հավանական եմ համարում: Ամեն դեպքում, այս սցենարը հնարավոր է միայն այն դեպքում, եթե 2019-ին Գազպրոմն ու Վրաստանի կառավարությունը համաձայնության չգան դեպի Հայաստան գազ արտահանելու հարցի շուրջ, և ռուսական կողմը որոշում կայացնի գործի դնել Իրան-Հայաստան գազամուղի ամբողջ հզորությունը: Հիշենք, որ նման զարգացում մենք կարող էինք կանխատեսել 2016 թ. դեկտեմբերին, երբ ռուս-վրացական բանակցությունների ամենաթեժ պահին ռուսական կողմը հայտարարեց, որ եթե վրացիները չընդունեն իրենց պայմանները, ապա Գամպրոմը կապահովի Հայաստանը բնական գազով Իրան-Հայաստան գազամուղով՝ դրանով իսկ ընդգծելով այդ ենթակառուցվածքի պատկանելիությունը:Ընդհանուր առմամբ, սխալ է դիտարկել այս հարցը զուտ կոմերցիոն տիրույթում՝ անուշադրության մատնելով աշխարհաքաղաքական կողմը, որը հաճախ ավելի բախտորոշիչ դեր է խաղում: Իր հերթին, կոմերցիոն բաղադրիչը հուշում է, որ գոնե այս պահին իրանական գազը չի կարող մրցել ռուսականի հետ, քանի որ 15 դոլարով գերազանցում է վերջինիս գինը: Միևնույն ժամանակ չմոռանանք, որ նման սցենարի զարգացման դեպքում, միևնույն է. երկրի ներսում գազատրանսպորտային օպերատորը «Գազպրոմ Արմենիան» է, որը շարունակելու է առանցքային դեր խաղալ սակագների գոյացման հարցում: Կարծում եմ՝ ավելի նպատակահարմար է համալիր մոտեցում ցուցաբերել հարցին և փորձել սկզբունքային համաձայնության գալ Գազպրոմի հետ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache