Գազպրոմի «նաղդն» ու Սերժ Սարգսյանի «նիսյան». մի համաձայնագրի քրոնիկա

1

Ով է մեղավոր, որ Հայաստանը Գազպրոմի դուստր ձեռնարկությունն է, նոյեմբերի 27-ին խորհրդարանում ԵԼՔ դաշինքի նախաձեռնած լսումի ընթացքում հայտարարել է ԱԺ Եվրաինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ, Ծառուկյան դաշինքի խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Լսումը վերաբերել է ԵՏՄ-ից Հայաստանի դուր գալու ԵԼՔ-ի նախաձեռնությանը:

Ծառուկյան դաշինքը դեմ է այդ քայլին, եւ Նաիրա Զոհրաբյանը հարցադրումն անում է Հայաստանի իշխանության պատասխանատվության համատեքստում, որ ԵՏՄ-ն չէ մեղավոր «Հայաստանի Գազպրոմի դուստր ձեռնարկություն» լինելու համար:Խոսքը վերաբերում է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Պուտինի Հայաստան կատարած այցի շրջանակում կնքված եւ մոտ երկու շաբաթ անց խորհրդարանում վավերացված համաձայնագրին, որով Գազպրոմը Հայաստանի գազամատակարարման հարցում ստացավ բավականին լայն իրավասություն, իհարկե ստանձնելով նաեւ որոշակի պարտավորություն:Այդ համաձայնագրին տրվող գնահատականները տարբեր են, իրավիճակը՝ ոչ միարժեք:

Սակայն տվյալ պարագայում ուշագրավ է հարցադրումը՝ ո՞վ է մեղավոր: Ուշագրավ է այն իմաստով, որ հարցադրումը բարձրացնում է մի ուժի ներկայացուցիչ, որը բավական հետաքրքիր դերակատարում ունեցավ թե Հայաստանի ԵՏՄ անդամակցության, թե նաեւ Գազպրոմի հետ պայմանագրի հարցում:ԲՀԿ-ն այդ ժամանակաշրջանում ձեւավորել էր ոչիշխանական ուժերի դաշինքը՝ ՀԱԿ եւ Ժառանգության հետ: Դաշինքը ուներ հասարակական բավականին մեծ բազա, որի իհարկե ահռելի մասը կազմված էր Գագիկ Ծառուկյանի ժողովրդական նկարագրի եւ ֆինանսական կարողության վրա: Բայց, խոշոր հաշվով այն բավականին ազդեցիկ բեւեռ էր:Ի տարբեություն ԵՏՄ անդամակցության մասին որոշմանը, Գազպրոմի հետ պայմանագրի մասով դաշինքը բացահայտ կողմ չէր, հանդես եկավ դեմ: Գազպրոմի պայմանագրի խորհրդարանական վավերացմանը դաշինքը դրսեւորեց ուշագրավ վարք: Վավերացման նիստը անցնում էր մեծ աղմուկով: Այն ժամանակ դեռեւս պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «գողացել» էր մեծամասնության էլեկտրոնային քվեարկության քարտերը: ՀՀԿ մեծամասնությունը որոշեց, որ պետք է քվեարկի ձեռքով: Սակայն խնդիրն այն էր, որ ըստ դահլիճում եղած ընդդիմադիր պատգամավորների, չկար անհրաժեշտ քվորում: Վճռորոշ եղավ այն, որ ոչիշխանական բեւեռը ներկայացնող ուժերը, այդ թվում ԲՀԿ պատգամավորները, այդ թվում նաեւ հաշվիչ հանձնաժողովի անդամ, հայտարարեցին բոյկոտելու եւ ի նշան բողոքի դահլիճը լքելու մասին: Թե ինչու՞ նրանք լքեցին դահլիճը, ինչու՞ կայացրեցին ՀՀԿ կամայականությանը հենց այդպես արձագանքելու որոշում, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ նրանց հեռանալուց հետո ՀՀԿ մեծամասնությունը ստացավ ըստ իր հայեցողության ձեռքով քվեարկելու եւ քվեարկածը հաշվելու հնարավորություն:

Ստացվեց, որ ի նշան բողոքի լքելով դահլիճը, ոչիշխանական ուժերը իրականում ոչ թե խանգարեցին ՀՀԿ-ին վավերացնել Գազպրոմի հետ իրենց բնորոշմամբ ամոթալի եւ կապիտուլյացիոն պայմանագիրը, այլ հակառակը՝ օգնեցին այն անել առանց այսպես ասած ավելորդ դիմադրության եւ աչքի:Այդուհանդերձ հարցը, թե ով է մեղավոր, արդիական է: Արդիական է այն իմաստով, որ գլխավոր խնդիրը անշուշտ Հայաստանի դիմադրողականությունն է: Դիմադրողականության համար կարեւոր բաղադրիչներից մեկն էլ քաղաքական հավասարակշռված համակարգի առկայությունն է, երբ իշխանության ու ընդդիմության տարբերությունը չի լինի այսպես ասած լոկ «չարն» ու «բարին», «ինտելեկտուալը» կամ «տգետը», «ժողովրդի դեմ» կամ «ժողովրդի համար»-ը, «ազնիվն» ու «անազնիվը»:Այդ իմաստով, Հայաստանի քաղաքական համակարգն առ այսօր ունի ահռելի բացը: Այդ տեսանկյունից, պետական շահի եւ անվտանգության համար առավել շահեկան կամ չարյաց փոքրագույն է դառնում երկրորդ ներքաղաքական բեւեռի բացակայությունը, քան առկայությունը:Գործնականում դրա հետեւանքը դրսեւորվեց ԵՏՄ անդամակցության գործընթացում, երբ ոչիշխանական բեւեռը իր հանրահավաքային ճնշմամբ Սերժ Սարգսյանին չթողեց մանեւրի որեւէ տեղ: Ճնշումը ֆորմալ առումով ԵՏՄ անդամության համար չէր, այլ ընդամենը Հայաստանի այսպես ասած «արդար» կառավարման: Բայց իշխանափոխության իրական ներուժ պարունակող բեւեռը «մարգինալ» էր հռչակել նրանց, ովքեր դեմ էին ԵՏՄ անդամակցությանը: Սերժ Սարգսյանը չցանկացավ համալրել «մարգինալների» շարքը:Դա չի նշանակում, որ, եթե ոչիշխանական բեւեռը դեմ լիներ ԵՏՄ անդամակցությանը եւ Սարգսյանից պահանջեր չանել այդ քայլը, Սարգսյանը դա կօգտագործեր եւ կդիմադրեր Մոսկվայի պահանջին: Ավելին, Սարգսյանը գուցե Մոսկվայի վրա ավելի «թանկ» վաճառեր իր որոշումը:

Հենց այդ մտածողությամբ էլ թերեւս ոչիշխանական բեւեռը չցանկացավ դեմ լինել ԵՏՄ անդամակցությանը, որ Սերժ Սարգսյանը չօգտվի դրանից:Այստեղ մոտեցումը լիովին հասկանալի է: Այն խարսխված է միմյանց լավ իմանալու, մենթալության վրա եւ այդ իմաստով ոչիշխանական բեւեռը լավ էր պատկերացնում, որ հակակշիռների մեխանիզմով պետական շահին աջակցելը եւ պաշտպանելու փորձը լինելու է խիստ տեսական, այսպես ասած «նիսյա»: Բեւեռը միանգամայն ռացիոնալ կերպով չցանկացավ, որ «նաղդը» մնա լոկ Սերժ Սարգսյանին:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache