Լրահոս

Գազպրոմի շքեղ նվերը վարչապետին

 

arm147809454853

lragir.am-Գազպրոմ Արմենիա ընկերությունը տարածել է հայտարարություն, որտեղ խոսում է գազի գնի նվազեցման հայտի, դրա նպատակների եւ հիմքերի մասին: Գազպրոմ Արմենիան հայտնում է, թե գազի գնի նվազման հայտ է ներկայացնում բնական գազի շուկայի կայունացման եւ սպառման ծավալների աճի, գազասպառողների գործունեությունն ընդլայնելու համար:
Ընկերությունը նշում է նաեւ, թե հաշվի է առել այլ գործոններ. «Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման գնի նվազեցում. Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների նվազեցման արդյունքում սպառման ծավալների ակնկալվող աճ. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ֆինանսական ծախսերի օպտիմալացման ծրագրի իրականացում՝ ուղղված Ընկերության ֆինանսական պարտավորությունների նվազեցմանը և ներդրումային ծրագրերի վերանայմանը. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միակ բաժնետեր «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից նախատեսվող ֆինանսավորում՝ Հայաստանի բնական գազի սպառման շուկայի կայունացման և աճի միտումների խթանման նպատակով»:
Հայաստանում գազի գնի նվազեցման թեման բացեց վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանը, ով մինչ այդ ավելի քան մեկ տասնամյակ գլխավորել է Հայռուսգազարդ ընկերությունը, իսկ վարչապետ նշանակվելուց անմիջապես առաջ էլ հանդիսանում էր Գազպրոմի համակարգի ձեռնարկություններից մեկի ղեկավարի տեղակալ:
Նշանակվելով վարչապետ, Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ պետք է ձեռնարկել քայլեր գազի գնի նվազեցման ուղղությամբ: Նա այդպիսի հանձնարարական տվեց էներգետիկայի նախարարությանը: Կարապետյանը հայտարարեց, որ այդ նվազեցումը չպետք է լինի բյուջեի հաշվին, այլ տնտեսվարողների: Ընդ որում, նրա հանձնարարականի տրամաբանությունն այն էր, որ նվազեցում պետք է լինի սոցիալապես անապահովների եւ տնտեսվարողների համար:
Այժմ Գազպրոմ Արմենիան ներկայացնում է հայտ, որը նվազեցում նախատեսում է գործնականում բոլոր ֆիզիկական սպառողների համար: Դա միանգամայն ողջունելի է, եթե նկատի առնենք այն, որ շարքային քաղաքացիների համար Հայաստանում մատակարարվող բնական գազի գինը ամենաբարձրներից է աշխարհում, թեեւ սահմանին այդ գազը իբր թե ամենացածր գնային տարբերակներից մեկն է:
Մինչ Գազպրոմ Արմենիայի հայտը, Հայաստանում ընդունեցին Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերին, որի հետ Սերժ Սարգսյանը քննարկեց գազի գնի նվազեցումը սպառողներին մատչելի դարձնելու հարցը: Դրանից մի քանի օր անց Գազպրոմ Արենիան ներկայացրեց հայտը:
Այժմ ներկայացնում է այսպես ասած հիմնավորումները: Եվ դրանք հարց են առաջացնում` ենթադրենք Հայաստանի կառավարությունը չէր փոխվում, ենթադրենք վարչապետը մնում էր Հովիկ Աբրահամյանը, կամ նրա փոխարեն նշանակվում էր ոչ թե Գազպրոմի համակարգից Կարեն Կարապետյանը, այլ բոլորովին ուրիշ ոլորտի ուրիշ գործիչ, Գազպրոմ Արմենիան կրկի՞ն ներկայացնելու էր նույն հայտը նույն հիմնավորումներով, անկախ վարչապետի անձից կրկի՞ն փորձելու էր գնալ գազային շուկան կայունացնելուն, սպառողների ընդլայնմանը, գազամատակարարների գործունեության ընդլայնմանը միտված նվազեցմանը, թե ոչ:
Թե՞ խնդիրը միայն վարչապետը չէ, այլ նաեւ խորհրդարանի ընտրությունը, որից առաջ փորձ է արվում ստանալ սոցիալական շոշափելի էֆեկտ:

Այլապես կարող է ստացվել, որ Գազպրոմ Արմենիա ընկերությունը, որը Հայաստանում ունի բնական մենաշնորհ, պարզապես շքեղ նվեր է անում իր համակարգից վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանին: Իհարկե լավ է, որ այդ նվերից օգտվում է նաեւ շարքային սպառողն ու տնտեսվարողը, նույնիսկ շատ լավ է, սակայն տվյալ պարագայում խնդիրն այն է, թե Հայաստանում ընդհանրապես ինչպես է կարգավորվում այդ բնական մենաշնորհը եւ ինչպես է տեղի ունենում գազի գնագոյացումը:
Մեկ այլ հարց է նաեւ այն, թե արդյո՞ք գազի գնի նվազեցման գործընթաց չէր կարող իրականացնել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` պետական կարգավորող կառույցը, որը հաստատում է գները:
Այստեղ կա խիստ ուշագրավ մի հանգամանք: Մի քանի օր առաջ այդ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել էր, թե ուսումնասիրել են գազի գնի հարցը եւ չեն կարող ասել, թե ինչի հաշվին է հնարավոր նվազեցնել գազի գինը:
Պարզվում է, որ Գազպրոմ Արմենիան կարող է ասել, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` ոչ: Այդ ինչպե՞ս է հանձնաժողովն ուսումնասիրել վիճակը, որ չգիտե նվազեցման հնարավորություն, իսկ Գազպրոմ Արմենիան` գիտե: Փաստացի ստացվում է, որ կամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը ոչ կոմպետենտ է իր գործում եւ լավ չի տիրապետում այն ոլորտին, որը կարգավորողն է, կամ էլ այդ հանձնաժողովը պարզապես ձայնազուրկ է, ընդամենը արարողակարգային, ֆորմալ մի կառույց, որը հաստատում է Գազպրոմի որոշումները կամ Հայաստանի իշխանության ու Գազպրոմի պայմանավորվածությունները:
Այստեղ է բուն խնդիրը, այսինքն Հայաստանում առկա բնական մենաշնորհը եւ միաժամանակ դրա գործունեության կարգավորման էֆեկտիվ մեխանիզմի բացակայությունը: Կա պետականորեն սահմանված մենաշնորհ, բայց այն կարգավորվում է փաստացի ոչ թե պետական, այսինքն հանրային մեխանիզմով, այլ իշխանության եւ տվյալ սուբյեկտի սեփականատիրոջ պայմանավորվածություններով:
Իսկ դա հանգեցնում է գնագոյացման այնպիսի համակարգի, որը ենթակա չէ հանրային հաշվետվության, եւ հասարակությանը կմնա միայն հուսալ, որ երբեւէ իր շահերը կարող են համընկնել այդ մեխանիզմում ներգրավված սուբյեկտների շահին:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing