Լրահոս

Գեւորգ Թոսունյան. «Ասացին՝ չգաս ակցիաներ լուսաբանելու, թե չէ էլի քեզ կծեծենք»

 

Gevorg-Tosunyan-1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Iravaban.net կայքի լրագրող Գեւորգ Թոսունյանի նկատմամբ բռնություն է կիրառվել՝ մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ:

Aravot.am-ը խնդրեց նրան ներկայացնել դեպքի մանրամասները. «Ժամը 3-3:30-ի սահմաններում Խորենացի փողոցում էի: Տիգրան Մեծի պողոտայից ակտիվիստներ եկան, Քրիստափոր փողոցում, ասացին, որ ներքեւում ոստիկանական ուժեր են կուտակվում, իջե՛ք ներքեւ: Ես վազեցի ներքեւ, այդ ընթացքում նկատեցի, որ Տիգրան Մեծի պողոտայում՝ կամուրջի տակ, ոստիկանական շարասյուն է: Նրանցից մի քանի մետր հեռավորության վրա 6 ակտիվիստներ են, որոնց ես նկատել էի ակցիաների ժամանակ: Իսկ դեպի Տիգրան Մեծ գնացող մի քանի մետր հեռավորության վրա ավելի շատ քաղաքացիական հագուստով անձինք էին՝ ի տարբերություն ակտիվիստների նրանք ավելի տարիքով էին, ակտիվիստները երիտասարդ տղաներ էին:

Այս ակտիվիստները եւ քաղաքացիական հագուստով անձինք իրար վրա քարեր էին շպրտում, ես նկարեցի այդ գործընթացը, մի քիչ աջ մոտեցա՝ այդ քաղաքացիական հագուստով անձանց, նրանց էլ նկարեցի: Նրանցից մեկը կանչեց՝ արի՛, արի՛, վտանգավոր է, ու իրոք վտանգավոր էր, որովհետեւ երկու կողմից շշեր էին շպրտում: Մոտեցա իրենց, մտա իրենց շարքերը ուզեցի գնալ: Այդ մարդիկ սկզբից ասում էին՝ անջատի, ես զգացի, որ ագրեսիվ են, ասացի՝ լա՛վ, անջատում եմ, ու անջատեցի: Գնում էի պողոտայով, ցանկանում էի դուրս գալ շարքից, մարդիկ ասում էին՝ ջնջի՛, ջնջի՛, ասացի՝ չեմ ջնջելու»:

Գեւորգ Թոսունյանը պատմեց, որ այդպես հասել են մինչեւ Հայէկոնոմբանկի շրջակայք. «Ասում էին՝ ջնջի, ես ասացի՝ եթե պետք է, կջնջեմ, ու իրենք ինձ գցեցին գետնին: Ես իրենց ասացի՝ պետք է՝ հիշողության քարտը կտամ քեզ, որովհետեւ ուզում էին, որ հիշողության քարտը տայի: 6-7 հոգի կլինեին, սկսեցին ինձ հարվածել: Հարվածել են հիմնականում մեջքիս: Այդ ընթացքում կարողացա վեր կենալ, կարողացա մոտենալ բանկի մոտ, մուտքին ինչ-որ տղամարդ էր կանգնած, ես ասացի, որ այս մարդիկ ուզում են ինձ վնասել, թողե՛ք ներս, որովհետեւ իսկապես մտածում էի, որ ուզում էին ինձ վնասել. ես իրենց ասել էի, որ հիշողության քարտը ձեզ կտամ, իսկ իրենք գցել էին գետնին ու ծեծում էին: Այդ մարդն ասաց՝ հիշողության քարտը տուր, կպրծնես: Երբ որ իրենք ինձ ծեծել էին իմ տեսախցիկն ընկել էր, ես պտտվեցի իրենց կողմ, տեսա, որ իրենցից մեկի մոտ է տեսախցիկը, ասացի, որ տա, տվեց, հիշողության քարտը հանեցի տվեցի ու շարունակեցի: Իրենցից մի քանիսը փորձում էին գալ, ասում էին՝ կարո՞ղ ա ուրիշ բան էլ կա, ասացի՝ չէ՛, ուրիշ բան չկա, հետեւից էլ ասացին՝ էլ ակցիաներին չերեւաս, ու սպառնացին, որ էլի կծեծեն»:

Գեւորգ Թոսունյանը ասաց, որ կատարվածի կապակցությամբ ոստիկանություն հաղորդում է տվել: Նա մեզ հայտնեց, որ ենթադրում է, որ քաղաքացիական հագուստ հագած ոստիկաններ լինեն. «Դրա համար մի քանի հիմքեր կան. առաջինը՝ ես նրանց մինչ այդ չէի տեսել ցույցերին, երկրորդ՝ նրանք շշեր էին նետում ակցիայի մասնակիցների վրա, որոնց նկատել էի, հետո նրանք շատ ագրեսիվ արձագանքեցին, երբ որ ես իրենց դեմքերը նկարեցի: Հետո՝ ոնց հասկացա իրենց հարվածներից իրենք պատրաստված էին. իրենք չէին հարվածում իմ ձեռքերին, իրենք հոգեբանական ճնշման էին ինձ ենթարկում, հիմնականում հարվածում էին մեջքիս: Ու կարեւորը՝ իրենք ասացին՝ չգաս ակցիաներ լուսաբանելու, թե չէ էլի քեզ կծեծենք. ակտիվիստը նման բան չէր ասի: Իմ կարծիքով՝ նման բան միայն ոստիկանը կասեր: Դա ենթադրություն է, ես ոստիկաններին էլ եմ ասել: Ու կարեւոր հանգամանք է, որ դա եղել է Հայէկոնոմբանկի մոտ, ես ոստիկաններին էլ խնդրեցի առգրավել այնտեղի տեսախցիկների ձայնագրությունը, որը էական նշանակություն կունենա փաստական հանգամանքները ավելի կխորացնի»:

Գեւորգ Թոսունյանը մեզ նաեւ հայտնեց, որ շուտով գնալու է դատաբժշկական փորձաքննության. «Հաշվի առնելով վերջին իրադարձային ֆոները՝ ես չեմ կարծում, որ կբացահայտվի, որ ոստիկաններն են արել: Բայց կարծում եմ, որ հետաքննությունը եւ նախաքննությունը էական նշանակություն կունենա գործի հանգուցալուծման համար: Համենայն դեպս, տեսանյութից պարզ կլինի, թե ովքեր են ինձ ծեծի ենթարկել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am