Լրահոս

Գեղամյանը խիստ բարկացրել է Պուտինին

 

Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը հերթական էպիկական հոդվածն է գրել «Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է» խորագրով:
Հոդվածը հրապարակվել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ընդունումից հետո, միեւնույն ժամանակ՝ Հայաստանում «հակառուսական» ալիքի ֆոնին, երբ դժգոհություն է առաջացել Ադրբեջանին ռուսական զենքի նոր խմբաքանակի մատակարարման կապակցությամբ եւ առաջարկներ են հնչել պրո-ռուսական բլոկներից դուրս գալու վերաբերյալ:
Ըստ ամենայնի, Գեղամյանով Հայաստանի իշխանությունը փորձել է հանգստացնել Մոսկվային: Հիշվում է՝ ժամանակին Սերժ Սարգսյանը Գեղամյանին համեմատել էր դատարկ դհոլի հետ, եւ խիստ խորհրդանշական է, որ հենց Գեղամյանն է դարձել իշխանության ռուսական հավատարմության խողովակը:
Խորհրդանշական այն առումով, որ հայ-ռուսական հարաբերություն որպես այդպիսին չկա՝ դատարկություն է բոլոր առումներով, լավագույն դեպքում: Եվ հատկապես նորագույն ժամանակներում այդ հարաբերության վերաբերյալ ցանկացած խոսք դհոլի հնչյուն է, ուրիշ ոչինչ:
Բանն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունը լիովին այլ հարթության մեջ է՝ խորքային ու բազմաշերտ, որը սակայն խնամքով լռության է մատնվում Մոսկվայում, իսկ Հայաստանում այն չի էլ գիտակցվում: Այստեղից էլ առաջանում է դատարկությունը, իսկ իրականում՝ վտանգավոր վակուումը, որը Հայաստանին պատճառում է շարունակական կորուստներ՝ մարդկային, տարածքային, նյութական:
Գեղամյանին, իշխանությանը, ընդհանրապես հայկական քաղաքական դասին բնականաբար այդ խորքային հարթությունը չի հետաքրքրում, եթե համարենք, որ նրանք հասկանում են իրականությունը: Եթե հետաքրքրեր, ապա ոչ թե նման հոդվածներ կգրվեին, այլ քննարկումներ կկազմակերպվեին հասկանալու համար, թե ինչու տեղի ունեցավ 1915 թ. ցեղասպանությունը, ինչ կատարվեց 1918-1923 թթ., ինչ կատարվեց ղարաբաղյան շարժման ժամանակ եւ դրանից հետո, ինչպես խուսափել նոր աղետներից, որոնց աղբյուրը հայ-ռուսական հարաբերությունների պատմա-քաղաքական օրինաչափությունները կամ չհասկանալը, կամ լռության մատնելն է:
Դարերի մասին ճամարտակելուց զատ, կա՞ այն բանի ընկալումը, որ մի քանի տարի հետո Ռուսաստանը «հեռանալու» է, եւ ստեղծվելու է մոտավորապես նույն իրավիճակը, ինչ վերջին հարյուրամյակում ազգային աղետների նախօրեին:
Հայաստանի այսպես կոչված քաղաքական դասն ունի՞ որեւէ պատկերացում՝ ինչ պետք է անել այդ իրավիճակում:
Կա՞ արդյոք այն բանի գիտակցումը, որ Ռուսաստանը քաղաքական որոշակի փուլերում «հեռանում է» Հայաստանից, եւ հիմա եկել է հենց այդ հերթական փուլը: Ռուսաստանը պետք է «ազատվի» Հայաստանից, եւ միմիայն Հայաստանից է կախված, թե ինչ կերպ ու հետեւանքներով դա տեղի կունենա:
Ընդհանրապես, ավարտվում է Ռուսաստանի պատմական դերն ու առաքելությունը եվրասիական ահռելի տարածաշրջանում, եւ ներկայիս գործընթացների իմաստն ու ուղղվածությունը հանգում են դրան:
Հայաստանում առայժմ զբաղված են կամ պրո-ռուսական բլոկներից դուրս գալու վերաբերյալ գլամուրային լեզվակռվով, կամ էլ Գեղամյանի օրինակով կախվում են Ռուսաստանի ոտքերից: Ավելորդ է ասել, թե դա ինչ արձագանքի ու վերաբերմունքի կարժանանա ոչ միայն Մոսկվայում, այլեւ նոր քաղաքականության «ճարտարապետների» մոտ:
Աստված պահի մեր բանակն ու զինվորներին, որ այս դատարկության մեջ պահում են Հայաստանի արժանապատվությունն ու հեռանկարը՝ հնարավորություն տալով ռուսներին արժանապատիվ հեռանալ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing