Գեներալ Մանվելը բարի կամք չի դրսևորել. նա սադրանք է հրահրում

358

1in.am — Երեկ մենք գրել էինք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը որոշել է հեղափոխություն անել վերևից՝ չցանկանալով, որ այն տեղի ունենա ներքևից: Գրել էինք, որ երեկ, նրա նախաձեռնությամբ, ապամոնտաժվել են Էջմիածին քաղաքի տարբեր փողոցների վրա տեղադրված արգելաձողերը (շլագբաում), մոտ 10 հատ: Այդ արգելաձողերը դրված էին Գրիգորյանի տան, նրան պատկանող համալսարանի, քաղաքապետարանի տարբեր հատվածներում: «Մնում է, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվի նաև իր մյուս հակաօրինական գործողություններից՝ ինչպիսին, օրինակ, իր կողմից արգելված վայրերում կայանված մեքենաների անվադողերի իջեցումն է, քաղաքացիների ահաբեկումը և ծեծ ու ջարդը»։

Արձագանքելով մեր այս հրապարակմանը, Էջմիածնի բնակիչներն այսօր մեզ հետ զրույցում նշեցին, որ այդ արգելաձողերի հեռացումը գեներալ Մանվել Գրիգորյանի բարի կամքի դրսևորումը չէ, այլ նրա կողմից հերթական սադրանք։ «Ոչ մի բարի կամքի դրսևորւմ, սեփական նախաձեռնություն չի եղել Մանվելի կողմից։ Ես դիմում եմ ներկայացրել ոստիկանություն։ Ոստիկանությունն է զբաղվել այդ հարցով։ Տարբեր տեղերից արգելաձողերը հեռացվել են։ Մասնավորապես, լիարժեք հանվել են այն հատվածում, որտեղ խաղահրապարակն է։ Հիմա խաղահրապարակի կողքերից ամբողջությամբ հանել են այդ արգելաձողերը ու այդտեղ սադրանքներ են իրականացվում։ Պարբերաբար ինչ-որ մեքենաներ են մտնում այդ տարածք ու շատ արագ ու անկանոն երթևեկում են։ Դա արվում է մի նպատակով, որ ժողովրդին ցույց տան, թե տեսեք՝ փողոցները բացեցին, արգելաձողերը հեռացվեցին խաղահրապարակի մոտից, տեսեք, թե ինչ է կատարվում, և ինչ վտանգավոր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի բնակիչ Արսեն Պետրոսյանը։ Նրա խոսքերով, սակայն, այն փողոցները, որտեղ արգելաձողերի հեռացումից հետո հնարավոր չէր լինի նման սադրանքներով վախեցնել մարդկանց, դեռևս շարունակում են փակ մնալ։ «Ես ոստիկանությունից էլ դեռևս պատասխան չեմ ստացել, որ լրիվ աշխատանքն արված է և փողոցները բաց են։ Դրանից բացի՝ տեղեր կան, որ Մանվելը արգելաձողերը հանել է ձևական, բայց ամբողջ փողոցի վրա մեքենաներ է կանգնեցրել, որ երթևեկելի չլինի»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին պատկանող համալսարանի տարածքին, ապա, Պետրոսյանի խոսքերով, այդ տարածքից ևս հանված են արգելաձողերը, բայց մեքենաներ կայանելու պատճառով Գրիգորյանները շարունակում են տարածքը փակ պահել։

Արսեն Պետրոսյանի խոսքերով՝ իրենք հետևողական են լինելու, որ օրինական ճանապարհով քաղաքի բոլոր արգելաձողերը հանվեն, որից հետո արդեն նորից օրինական ճանապարհով արգելաձողեր կտեղադրվեն այնտեղ, որտեղ անհրաժեշտ լինի և պահանջեն բնակիչները։ «Թե չէ, այն գործընթացը, որը հիմա իրականացվում է, լրիվ սադրանք է՝ ցույց տալու համար, թե իրենք սկզբից ժողովրդի անվտանգության մասին են մտածել, բայց հիմա բնակիչների դիմումների հիման վրա արգելաձողերը հանվում են՝ վտանգելով նույն բնակիչների կյանքը, անվտանգությունը։ Բայց իրականում գեներալ Մանվելը այդ արգելաձողերը դրել էր, որ իրա համար լավ լիներ, երբ ուզենար՝ բացեր, գնար սրճարան իր շքախմբով, դուրս գար, մենակ իր մեքենաները կանգնեին։ Հիմա էլ իր տան դիմաց արգելաձողերը հանել է, բայց մեքենաներ է կանգնեցրել, որ երթևեկելի չլինի ճանապարհը, և այդտեղով մեքենաներ չանցնեն»,- նշեց Արսեն Պետրոսյանը։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից և երկրում իշխանափոխությունից հետո շատ է խոսվում նաև Էջմիածնում «հեղափոխության» մասին, որպեսզի քաղաքն ազատվի Գրիգորյանների իշխանությունից։



Загрузка...