Լրահոս

Գեներալը բացում է փակագծերը

 

02a01p

7or.am-ը գրում է. ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի հարցազրույցը մեծ արձագանք է գտել հանրության շրջանում։ Պատճառն այն է, որ տրվեցին չորսօրյա բախումների պատճառների ու հետևանքների հստակ գնահատականներ։ Ասվեց նաև, թե ինչ է պետք անել։

Հարցազրույցում թեև անուններ չհնչեցին, բայց դե, ժողովրդական լեզվով ասած, դուզ խոսքն ավանակին են ասում. «պատկան մարմինները» կարող են իրենց գտնել այդ «ոչ դուզ» խոսքում, իսկ հանրությունը՝ հետևություն անել։

Բաբայանը հանրամատչելի ձևով ներկայացրեց ռազմական ոլորտում մեր ունեցած խնդիրները և խոսեց անելիքների մասին՝ հիմքում դնելով զինվորի կյանքը։ Նա ասաց այն, ինչի մասին ուզում էին լսել բոլորը։ Տվեց շատ հարցերի պատասխաններ։

Ամենաուշագրավն այն է, որ բացվեցին փակագծեր, որոնք իշխանությունները«ռազմահայրենասիրական» հռետորաբանության, դեմագոգիկ ելույթների ու շեղող քայլերի միջոցով փորձում են ամուր փակել։

Բացվող փակագծերը վերաբերում են առաջնագծին, զոհերի ու տարածքային կորուստների բուն պատճառներին։

Բաբայանը հիմնավորում է, որ հակառակորդը ոչ թե ի սկզբանե լայնամասշտաբ պատերազմական գործողություն է պլանավորել ու փորձել բլից–կրիգի միջոցով ինչ–ինչ խնդիրներ լուծել, այլ ապրիլի 1–ի՝ լույս 2–ի գիշերը նախաձեռնել է դիվերսիոն–հետախուզական հարձակում, որի արդյունքում իր իսկ համար ստացել է անակնկալ հաջողություն։

Հակառակորդին շատ արագ հաջողվել է ճեղքել ու քայքայել մեր առաջնագիծը ինչպես Ղարաբաղի հյուսիսարևելյան, այնպես էլ հարավարևելյան հատվածներում։ Դրանից հետո մերոնք փորձել են վերականգնել կորցրած դիրքերը։ Ապրիլի 2–ի երկրորդ կեսից հետո արդեն սկսվել են պատերազմական գործողությունները, քանզի երկու կողմն էլ ծանր զինատեսակներ են կիրառել։ Սա՛ է իրականությունը, և սա՛ է պատճառահետևանքային կապը, այլ ոչ թե այն հեքիաթները, որոնք մատուցվում են «վերևից» կամ կոլխոզնիկ–գեներալների շուրթերով։

Իշխանություններն ինչպես ապրիլյան օրերին, այնպես էլ հիմա չեն ուզում ընդունել, որ այսպես է եղել։ Փոխարենը՝ առաջ են քաշում բլից–կրիգի և լայնամասշտաբ պատերազմի վարկածը, որպեսզի թաքցնեն սեփական անգործությունն առաջնագծի մասով։ Հո չե՞ն կարող ասել, որ անտեսվել են դիրքերը, թույլ է եղել կարգապահությունը, համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել զինվորի անվտանգությունն ապահովելու համար, և բանակը չի արդիականացվել, դրա համար էլ ունեցել ենք բազմաթիվ զոհեր, հանձնված դիրքեր ու դատարկված Թալիշ։ Հենց այս ամենը լղոզելու համար էլ «փչվում» է բլից–կրիգի փուչիկը՝ «Կարող էր ավելի վատ լինել» ինքնաարդարացնող կոդի շրջանակներում։

Բաբայանի հարցազրույցի մյուս փակագիծը վերաբերում էր հետագա քայլերին և նոր ռազմավարության ընդունմանը։ Նա նոր լուծումներ է առաջարկում և քննադատում ներկայիս պաշտպանական քաղաքականությունը։

Դատելով իշխանական թևի արձագանքներից՝ բովանդակային հակափաստարկ Բաբայանի ասածներին չկա։ Բացի մի քանի ծղրտոցից ու էժանագին բամբասանքներից՝ Բ26–ը քարոզչական դաշտում այլ բան չկարողացավ անել, ինչը շատ խոսուն է։ Նաև՝ բնական։ Ասելիք չունեն։

Պետական համակարգի անգործության, իշխանական տիրույթից հնչող մարազմատիկ, ոչ ադեկվատ, դեմագոգիկ և անմեղսունակ գնահատականների համապատկերին գեներալի ներկայացրածը կոնտրաստային էր և շատ ցցուն դարձրեց, թե ով ով է։ Դա է պատճառը, որ համացանցը լցված է նրա հարցազրույցով, ինչը հասկանալի է. մարդիկ անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ ունեն և տեսնում են, որ ֆունկցիոնալ պատասխանատուների մոտ ինչ–որ չափով ադեկվատության, ինչ–որ չափով անկեղծության, ինչ–որ չափով էլ մասնագիտական կարողության ու ռազմավարական մտածողության պակաս կա։

Եթե մինչև չորսօրյա թեժ մարտերը մեր հանրությանը իշխանությունները թմրեցնում էին՝ ասելով, թե երկրում վիճակը վատ է, տնտեսական անկում կա, կոռուպցիա կա, բայց «զատո» անվտանգության հարցով ամեն ինչ «OK» է, և թալանված փողերն էլ իրականում բանակի համար են, ապա հիմա ամեն ինչ ջրի երես է դուրս եկել, ու մարդկանց աչքերը բացվել են։ Բաբայանն է՛լ ավելի բացեց այդ աչքերը։

Ուզում ենք թե չենք ուզում, դուր է գալիս դա ոմանց թե դուր չի գալիս, լավ է դա թե վատ, փաստն այն է, որ Սամվել Բաբայանը ռազմական առումով թիվ մեկն է Հայաստանում ու Ղարաբաղում, և սա չեն կարող վիճարկել անգամ նրա ամենամոլի հակառակորդները։ Իսկ դա նշանակում է, որ գեներալի փորձն ու գիտելիքները պետք է օգտագործել հանուն անվտանգության ապահովման։ Եթե դա չարվի, ապա ստացվում է, որ անձնական խնդիրներից ելնելով՝ ոմանք պատրաստ են մեր երկրին ու ժողովրդին հարվածի տակ դնել, բայց բոստանային մտածելակերպից դուրս չգալ։

Թե ինչ զարգացումներ կլինեն այս ամենի հետ կապված, ժողովրդի ու քաղաքականապես իրենց պատասխանատու գործիչ համարողների անելիքն է։ Պատերի տակ փսփսալով ու շոուներով այլևս հնարավոր չէ շարունակել։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing