Լրահոս

Գեներալը Ղարաբաղում կռվելու փոխարեն խեցգետնի արտահանմամբ է զբաղված

 

ef014df29c5382a86eb2744a3a493961hraparak.am-ը գրում է.  Երեկ կեսօրին լուր ստացանք, որ լարված իրավիճակ է Գեղարքունիքի մարզում։ Նորադուսցիները՝ 600-700 հոգի, փակել էին միջպետական ավտոճանապարհը ու պահանջում էին չխոչընդոտել իրենց ապրուստին, որը խեցգետնի արտադրությունն ու արտահանումն է: Բողոքն ուղղված էր Սննդի անվտանգության պետական տեսչության դեմ: Բողոքի մասնակիցներից Զորիկ Հակոբյանը, որը խեցգետնի հոր ունի, համագյուղացիներից էլ խեցգետինն արդեն 7 տարի շարունակ գնում, վերամշակում, արտահանում է Ռուսաստան, տարիներ շարունակ առանց խոչընդոտների իր ապրանքի համար ստացել է պահանջվող բժշկական հավաստագիրը, մինչդեռ արդեն երեք շաբաթ է՝ չի կարողանում արտահանում իրականացնել. «Ապրանքը ֆուռերով տարել ենք մաքսակետ, բայց, չգիտես ինչու, չեն տալիս պահանջվող հավաստագիրը»: Նա վստահեցնում էր, որ ավելի քան 20 ընկերություններ հայտնվել են այդ կարգավիճակում, տեսչությունն ընդամենը երկու ընկերության է որակի հավաստագրեր տրամադրում: Դրանցից մեկն «Ակվատիկն» է, որը, ըստ տեղեկությունների, պատկանում է գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին, որը, ի թիվս այլ բիզնեսների (զորամասերի թեյարաններ, բիլիարդ), զբաղվում է խեցգետին արտահանելով եւ, ըստ ցուցարարների, դաշտը մենաշնորհելու նկրտումներ ունի։  Մյուս ընկերությունն էլ «Արտ-Բախ յունյոնն» է, որը համագործակցում է «Ակվատիկի» հետ։ Մեր զրուցակիցը տպավորություն ուներ, որ դաշտը մենաշնորհում են գեներալի համար: Քանի որ, ըստ իր տեղեկությունների, անգամ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն պատկանող «Մխչյան ֆիշ»-ին չեն տրամադրում համապատասխան բժշկական հավաստագիր. «Մենաշնորհ են ուզում ձեւավորել։ Ու այդ մի ընկերությանն են թույլտվություն տալիս։ Մինչեւ վերջերս վարչապետի ընկերությանն էլ էին թույլատրում, բայց հիմա դրան էլ արգելեցին։ Գեներալի ընկերության ներկայացուցիչ ոմն Կարեն զանգում է մյուս ընկերություններին, ասում, որ 1100 դրամով մեր ապրանքը կարտահանի, մինչդեռ Ռուսաստանում 1 կգ խեցգետինը 1400 դրամով է վաճառվում։ Կամ էլ ասում են՝ բերեք, կիլոն 200 դրամով վաճառեք մեզ, մենակ մենք արտահանենք։ Ո՞վ կգնա ծովից հանի, բերի տա իրան, կամ կռիվ ես գնացել, կամ ծովը, 50/50 ա՝ ո՞ղջ կմնաս, թե՞ չէ։ Սա մեր ապրուստի միջոցն է, սա մեկ-երկու հոգու հարց չէ, ոչ էլ մի գյուղի, սա ամբողջ մարզի բնակիչների ապրուստի խնդիրն է։ Նրանք, ովքեր չեն մեկնել արտագնա աշխատանքի, իրենց ապրուստի միջոցն այս ճանապարհով են լուծում»։ Դիմեցինք Սննդի անվտանգության տեսչությանը՝ տեղեկանալու, թե ինչ է փոխվել վերջին երեք շաբաթների ընթացքում: Մամլո խոսնակ Նվարդ Առաքելյանը պարզաբանեց, որ արտահանողների ռեեստրում ներկայումս գրանցված 20 ընկերություն կա, որոնք ունեն համապատասխան թույլտվություն, եւ որեւէ մեկին տեսչությունը չի զրկել այդ իրավունքից։ Պարզապես ԵԱՏՄ հաստատված օրենսդրության շրջանակներում արդեն մեկ ամիս է՝ մշտադիտարկումներ են ընթանում Գեղարքունիքի, Արմավիրի եւ Արարատի մարզերում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտներում «անասնահամաճարակային մշտադիտարկումներ՝ վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների ապահովությունը, կանխարգելիչ եւ բուժիչ միջոցառումների իրականացումը, ձկան եւ ջրային կենդանիների ու դրանցից ստացված արտադրանքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը, սանիտարական կանոններին եւ հիգիենիկ նորմերին համապատասխանությունը պարզելու նպատակով»: Ծառայության պետ Արմեն Հայրապետյանն էլ անձամբ է շրջայց կատարել մարզերի խեցգետնի արտադրությամբ զբաղվող 11 ընկերություններում՝ մշտադիտարկման ընթացքին տեղում ծանոթանալու եւ հնարավոր խախտումների ու թերացումների շտկմանն աջակցելու նպատակով: «ՍԱՊԾ ղեկավարը նաեւ տնտեսվարողների հետ քննարկել է արտադրությանն ու արտահանմանը, մակնշմանն ու փաթեթավորման ամբողջականությանն առնչվող հարցեր՝ կարեւորելով անվտանգության նորմերի, ինչպես նաեւ տեխնոլոգիական հրահանգների պահպանումը: Տնտեսվարողներին ներկայացվել են նաեւ Հայաստանի Հանրապետությունում, ԵՄ-ում եւ ԵԱՏՄ-ում գործող անասնաբուժական եւ անասնաբուժասանիտարական նորմերն ու պահանջները»։ Խոսնակն ասաց, որ գործընթացը դեռ շարունակվում է, միայն դրա ավարտից հետո կարելի է խոսել, թե որ եւ քանի ընկերություններ են զրկվելու համապատասխան լիցենզիայից: Պարզվեց նաեւ, որ երեկ ՍԱՊԾ պետը եւ տեսչության այլ աշխատակիցներ շտապել են Գեղարքունիք, մարզպետարանում մարզպետի ու փոխմարզպետների եւ խեցգետնի արտադրությամբ զբաղվող մի քանի տնտեսվարողների հետ ավելի քան մեկ ժամ քննարկում է եղել, որից հետո Զորիկ Հակոբյանի եղբայրը մեզ հայտնեց, որ ամեն ինչ նորմալ է: Անվտանգության պետը ներկայացրել է ժամկետներն ու չափորոշիչները, որպեսզի տնտեսվարողները համապատասխանեցնեն իրենց պայմանները պահանջվող նորմերին։ Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ Հայրապետյանը խոստացել է, որ բոլորն էլ արտահանելու իրավունք կունենան, եթե աշխատեն սահմանված չափանիշների համաձայն. «Մեր խեցգետինն էլ, որն արդեն մի քանի օր է՝ ֆուռերում կանգնած է, կարտահանվի: Հուսանք, որ այդպես կլինի»:

ՀԳ. Այլ շրջանակներից ստացվող տեղեկության համաձայն, իրականում ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու այս գործընթացը որոշ բարձրաստիճաններ փորձում են օգտագործել իրենց օգտին, երկու տասնյակից ավելի անհայտ ընկերություններում կհայտնաբերեն տասնյակ թերություններ, հետո կզրկեն լիցենզիայից, որպեսզի դաշտում մնան մեկ-երկուսը:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing