Լրահոս

Գեներալի ոտքերը ցավում էին, դրա համար էլ չկարողացավ խոսել

 

գեներալ

hayeli.am-ը գրու է.  Ազգային ժողովն այսօր մեկնարկած արտահերթ նիստում շատ արագ քննարկման դրեց Ընտրական օրենսգիրքը, այնուհետև այն երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց: Նախագծի քննարկումը մոտ հինգ րոպե տևեց, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ երկրորդ ընթերցումից հետո ընդամենը խմբագրական փոփոխություններ են կատարվել: Ընտրական օրենսգիրքը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 102 կողմ, 17 դեմ և 3 ձեռնպահ ձայնով: Դահլիճում ներկա էին 122 պատգամավոր, ՀՀԿ-ին հաջողվել էր «խրամատ» բերել հնարավորինս մեծ թվով պատգամավորների եւ ապահովել լայն կոնսոլիդացիա։ ԲՀԿ-ն գրեթե ողջ կազմով կողմ քվեարկեց, երեքը միայն ձեռնպահ եղան՝ Նաիրա Զոհրաբյան, Վահան Կարապետյան, Վահե Էնֆիաջյան։ Նախքան քվեարկությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ նախագիծը, որն այս տեսքով ընդունվում է, չի լուծում հանրության ու քաղաքական ուժերի բարձրացրած խնդիրները, ԵԱՀԿ-ի առաջարկները դրանում արտացոլված չեն: Այդ պատճառով ՀԱԿ-ը դեմ քվեարկեց: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանել այն անձանց համար, ովքեր ապրիլի 2-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում կամավոր հիմքունքներով մեկնել են դիրքեր: Նախագծին կողմ քվեարկեց 106 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան: Օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող եւ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությամբ: Նախագծով նաև նախատեսվում է առաջարկվող իրավական կարգավորումներին տալ հետադարձ ուժ՝ դրանք տարածելով 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կամավորական համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության ապահովում՝ 2016 թվականի ապրիլի 1-ից հետո կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում այդ աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքների սահմանմամբ: Նաիրա Զոհրաբյանը հարցրեց.Որտե՞ղ է հստակ երաշխիքը, որ մարդը մեկնել է Արցախ, այլ ոչ թե իր տան դիվանին նստած է կամ իր գործերով մեկնել է արտերկիր, սակայն հայտարարում է, թե գտնվում է առաջնագծում և պաշտպանում է մեր դիրքերը: Զինկոմիսարիատից թուղթ կամ Արցախից որևէ տեղեկանք չի՞ լինելու»։ Նախարարը, պատասխանելով Զոհրաբյանի հարցին, շեշտեց, թե այդ խնդիրը քննարկվել է, որպեսզի այս կարգավորումն իր հետ նոր խնդիրներ չբերի: «Օրենքի նախագծի 1-ի հոդվածի 3-րդ կետում հստակ սահմանում է՝ այս դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողն ազատվում է ՀՀ Պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմին կողմից տրամադրված կամավորական համարվելու մասին տեղեկագրով: Իսկ աշխատանքային պարտականություններից ազատվելու դեպքում աշխատողի վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ»,- պատասխանեց սոցապնախարարը: Արտահերթի միակ աշխուժությունը գեներալ Սեյրան Սարոյանի հայտնությունն էր, երկու օր առաջ դիրքերից վերադարձած Սարոյանը եկել էր խորհրդարան եւ մինչեւ վերջ մնաց քվեարկությանը։ Սակայն լրագրողների համառ ջանքերն արդյունք չտվեցին։ Գեներալը բառ անգամ չփոխանակվեց Արցախի թեմայով ու մասնավորապես կորցրած 800 հեկտար տարածքի մասին կարծիք չհայտնեց։ Նա լրագրողներից խույս էր տալիս անընդհատ կրկնելով, որ գլուխը ցավում է, ոտքերը ցավում է, որ իրեն հանգիստ թողնեն։ Նա «պաս» տվեց իր կողքից քայլող Ռուստամ Գասպարյանին, հորդորեց նրան հարցեր տալ։ Գասպարյանն էլ խելոք կատարեց գեներալի «հրամանը»։ «800 հեկտարը դա ինչ-որ մի գյուղի կեսի չափ է, բայց դուք հաշվի չեք առնում, որ ազատագրված է 7 շրջան` Ղարաբաղի հետ միասին»,- ասաց պատգամավորը: Հարցին` ո՞վ պետք է պատասխան տա կորցրած տարածքների համար` հաշվի առնելով, որ երկրի նախագահը պաշտոնի անցնելու ժամանակ երդվում է տարածքային ամբողջականությունը պահպանելու համար, պատգամավորը դժվարացավ պատասխանել` ասելով, թե պետք չէ մեղավորներ փնտրել:

Անի Սահակյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...