Գեներալների «ապաշխարանքը»

118

Գեներալ Յուրի Խաչատուրովի որդի Իգոր Խաչատուրովն օրեր առաջ դղրդացրեց երկինքը, ալեկոծեց երկրի վրայի ծովերն ու լճերը՝ պաշտպանելով գեներալ հոր անբասիր պատիվը: Խոսքը նրա զինվորական արժանապատվությանն է վերաբերում:

Ահա այն.

 

«Սասուն Խաչատրյան (Սասուն Խաչատրյանը ՀՔԾ պետն է` Զ. Զ.), ո՞վ է քեզ բարոյական իրավունք վերապահել խոսել ամբողջ կյանքը հայրենիքին և բանակին նվիրած մարդու մասին հեգնական տոնով և ցինիկ ծիծաղով, ո՞վ է քեզ պաշտոնական իրավունք վերապահել պատերազմ անցած և մեր երկիրը նման մակարդակում ներկայացնող մարդու մասին արտահայտվել, որ թող նստի, խելքը գլուխը հավաքի»:

 

Յուրի Խաչատուրովի, ինչպես և այլ ներկա գեներալների պատերազմական անբասիր և գրեթե հերոսական անցյալը կասկածներ չի հարուցել անցյալում, չի հարուցում և այսօր: Սակայն չէ որ Խաչատուրովը և մարտական այլ գեներալներ խաղաղ պայմաններում գրեթե ակնթարթորեն նախ օլիգարխվեցին, այնուհետև ձևավորեցին ՀՀ ռազմական քրեաօլիգարխիկ համակարգը:

Եթե խորհրդային գեներալները մինչև կյանքի ավարտը պահպանում էին ձիգ կեցվածքն ու հատուկ զինվորաքայլքը, մեր բանակի գեներալական դասը, շատ կներեք, աճում էր լայնքով, քայլում էր շորորընթաց (120-130կգ կշռող անձը ինչպես կարող է շարային քայլք կատարել), հևիհև այցելում էր մարտական զորամասեր, ջիպի պատուհանից ծանոթանում էր իրադրությանը և այդ ջիպի պատուհանից էլ տալիս հրահանգներ, մեթոդական ցուցումներ: Այս ամենից զատ և՛ Խաչատուրովի, և այլ օլիգարխ-գեներալների շքանշանների և մեդալների քանակը հաճախ համեմատելի է նրանց անձնական քաշին, որոնք ավելի շատ պարգևավճարների իմաստ ու բովանդակություն են ունեցել, հեռավոր հիշեցում նրանց մարտական կյանքի մասին:

Տիար Խաչատուրովի ունեցվածքը գնահատվում է մի քանի հարյուր միլիոն դոլար: Գեներալի (գրեթե ողջ հայ գեներալիտետի)  ունեցվածքի անզուսպ կուտակման ընթացքում հայոց բանակը անշեղորեն սուզված էր կոռուպցիայի, ամենաթողության և ոջիլային համաճարակի հորձանուտում: Գրեթե Արդ` ժամանակը չէ՞ հավուր պատշաճի պատասխան տալ, գնահատել նրանց հերոսամարտը խաղաղ օրերում:

Զարզանդ ԶԵՓՅՈւՌՅԱՆ

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache