Գերմանիան մատնեց Չինաստանին. աղմկոտ պատմություն

0

Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը, պատասխանելով խորհրդարանի Կանաչների կուսակցության խմբակցության պատգամավորի հարցմանն, ասել է, որ Չինաստանը դիմել է Գերմանիայի կառավարությանը, խնդրելով դրական արտահայտվել կորոնավիրուսի դեմ պայքարի չինական փորձի առնչությամբ:

ՆԳՆ-ն հայտնում է, որ տեղյակ են առանձին դիվանագետներին Չինաստանի փոխանցած խնդրանքից, սակայն Գերմանիայի Դաշնային կառավարությունը դրան ընդառաջ չի գնացել: Միաժամանակ, նամակում նշվում է, որ Բեռլինը բազմաթիվ անգամ է գնահատել համաճարակի դեմ Չինաստանի աշխատանքը, բայց նաեւ հայտնել Պեկինին, որ թափանցիկությունը համաճարակի դեմ պայքարի գործում շատ կարեւոր է:

Աղմկոտ տեղեկությանը արձագանքել է Բեռլինում Չինաստանի դեսպանատունը, հայտարարելով, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, եւ Պեկինը այդպիսի խնդրանքով չի դիմել Գերմանիային:

Կվերաճի՞ պատմությունը գերմանա-չինական սկանդալի: Ուժային կենտրոնների շրջանակում ավելի ու ավելի թափ է հավաքում մրցակցությունը, որտեղ օգտագործվում է վարակի հանգամանքը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարեփոխման հարցը: ԱՄՆ դադարեցրել է ֆինանսավորումը, ինչը լուրջ հարված է ԱՀԿ-ին, եւ մեղադրում է այդ կառույցին Չինաստանի օգտին տեղեկություն թաքցնելու համար: ԱՄՆ-ն հայտարարել է հետաքննության մասին եւ ակնարկել ընդհուպ ԱՀԿ ղեկավարությունը փոխելու նպատակի մասին:

Դրան զուգահեռ, օրերս վերջին պահին տապալվեց Մեծ 20-ի երկրների տեսաՎեհաժողովը՝ հենց Վաշինգտոնի եւ Պեկինի տարաձայնության պատճառով: Դրան զուգահեռ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ համաձայնեցված է ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների տեսաՎեհաժողովը եւ մնում է հստակեցնել օրը: Դրա ընթացքում քննարկվելու է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը:

Հատկանշական է, որ Գերմանիան փաստորեն դուրս է մնում այդ շրջանակից, քանի որ մշտական հնգյակն են ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան: Այդ ֆոնին հետաքրքիր է, որ Բեռլինը փաստորեն «մատնում» է Պեկինին, եւ հետաքրքիր է, թե ով է օգտվելու դրանից՝ ԱՄՆ-ը, թե Ռուսաստանը, որի առնչությամբ վերջին օրերին կասկածներ էին հայտնվել չինական մամուլում:


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները