Լրահոս

Ղարաբաղը շուտով չի պայթի, կպայթի Ռուսաստանը, եթե պատերազմ սկսվի

 

Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը 1-in.am-ին տված հարցազրույցում ասում է, որ պատերազմը գրեթե անխուսափելի է, եւ Ղարաբաղը շուտով պայթելու է: Ֆելգենգաուերն իհարկե խելացի մարդ է եւ հետագա շարադրանքում փաստացի բացահայտում է «պայթյունի» իմաստը: Եվ գուցե ճիշտ է, երբ նա ասում է, որ պատերազմը պետք չէ Ռուսաստանին:
Եթե լինի նոր լայնածավալ պատերազմ, ապա «պայթելու» է Ռուսաստանը, եւ հենց այստեղ է ղարաբաղյան այսպես ասած գործընթացի ներկայիս փուլի առանձնահատկությունը: Բանն այն է, որ ինչպես ասում է ռազմական փորձագետը, այդ դեպքում Ռուսաստանը մի կողմից կանգնած է լինելու Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունների, մյուս կողմից՝ Ադրբեջանի հետ հարաբերությունը չկորցնելու խնդիրների առաջ: Իսկ ընդհանրապես, պատերազմի դեպքում սեղանին է լինելու Հարավային Կովկասի հարցը:
Նման «սխեմա» ըստ էության փորձարկվեց անցյալ տարվա ապրիլի ռազմական գործողությունների ժամանակ, որից հետո Ռուսաստանը հայտնվեց փակուղում: Ռուսաստանը չէր կարող աջակցել Հայաստանին, մյուս կողմից՝ չէր կարող չաջակցել Ադրբեջանին, քանի որ ռազմական գործողությունների շարունակումը կարող էր Բաքվին դնել աղետի առաջ:
Ռուսաստանի խնդիրն այդ է՝ թույլ չտալ Հայաստանի ռազմական հաջողությունը, որը արմատապես փոխելու է ուժերի դասավորությունը Հարավային Կովկասում, նկատի առնելով առավել լայն համատեքստ՝ ներառյալ Թուրքիան եւ ռուս-թուրքական հարյուրամյա ստատուս քվոն:
Սակայն «ոչ-ոքին» էլ, որը տեղի ունեցավ ապրիլին, դանդաղ գործողության ռումբ էր Ռուսաստանի համար: Հայաստանում փլուզվեց Ռուսաստանի համար ամենակարեւորը՝ հայերի ավանդական մտածողությունն այդ երկրի դերի ու գործառույթների մասին:
Իր հերթին, Հայաստանն ու Ադրբեջանը «բռնացրին» Ռուսաստանին այդ փակուղային վիճակում եւ մինչ այժմ փորձում են որոշակի պահանջներ ու զիջումներ կորզել նրանից:
Նոր պատերազմը խորացնելու է այս իրավիճակը եւ դառնալու է Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրս մղման սկիզբը եւ գուցե ավարտը միաժամանակ, նույնիսկ եթե Ռուսաստանին կրկին հաջողվի ապահովել «ոչ ոքին»:
Այդ պատերազմը լուծելու է նաեւ այլ խնդիրներ, եւ առաջին հերթին՝ Հայաստանի խնդիրը, որին առավել ակնհայտ ու համոզիչ ցույց է տրվելու իր ընտրած աշխարհքաղաքական ուղու ողջ վնասակարությունն ու անհեռանկարայնությունը: Հայերը պետք է ուրախ լինեն, եթե ամեն ինչ ավարտվի միայն ցուցադրությամբ, քանի որ ամեն ինչ կարող է շատ ավելի վատ լինել:
Ինչու են վերջին շրջանում կրկին սրվել պատերազմի մասին խոսակցությունները, այդ թվում միջազգային կառույցների կողմից: Սա առանձին խոսակցության նյութ է, մասնավորապես արտաքին հանգամանքների մասով: Ներքին խնդիրը պարզ է՝ Հայաստանում, ինչպես նաեւ Ադրբեջանում, սովորաբար այդ խոսակցությունները ակտիվանում են ներիշխանական զարգացումների կարեւոր ժամանակաշրջաններում: Ներկայում էլ իշխանության անցման շրջանն է, երբ Սերժ Սարգսյանը լուծում է մինչեւ 2040 թ. իր իշխելու խնդիրը, եւ անվտանգության սպառնալիքը նրա միակ փաստարկն է:
Այս ամենի կողքին, լավ կլիներ հիշել, որ Հայաստանի ու Արցախի մերձշփման գոտում ապրում են տասնյակ հազարավոր մարդիկ, մարդիկ, որոնք մեր երկրի ամենամեծ հարստությունն են ու հպարտությունը, նաեւ երեւանյան կաֆեների ու աշխատասենյակների անդորրը պահպանողները:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing