good-banner
Լրահոս

Ղարաբաղի հարցով երկու հանդիպում Նյու Յորքում. Ռուսաստանի նոր փորձը

 

arm147464069575

lragir.am — Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակում Ղարաբաղի հարցով կարեւոր հանդիպումներ են կայացել:
Առաջին երկուսն անց են կացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Ամփոփիչ հայտարարությունում նշված է, որ քննարկվել են Վիեննայի եւ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման եւ նախագահների հանդիպման նախապատրաստության հարցերը: Սակայն փաստը, որ համանախագահները նախարարների հետ առանձին են հանդիպել եւ նրանց հանդիպում չեն կազմակերպել, կարող է վկայել, որ ղարաբաղյան կարգավորումն անորոշ ժամանակով հետաձգվել է: Ընդ որում, այն հետաձգվում է ապրիլյան պատերազմից հետո ստեղծված ստատուս-քվոյի պայմաններում:
Նախեւառաջ դա կապված է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների եւ փաստացի իշխանափոխության հետ: Ընտրություններից հետո Ղարաբաղի հարցով բանակցություններ վարելու իրավունքը Հայաստանի նախագահից փոխանցվելու է այլ պաշտոնյայի, չնայած դեռ չի որոշվել, թե ում: Այժմ Սերժ Սարգսյանը փորձում է որոշումներ չընդունել Ղարաբաղի հարցով: Ապրիլյան պատերազմից հետո նա ճանաչել է 800 հեկտարի կորուստը եւ գծել նոր ստատուս-քվոյի սահմանները:
Հայաստանում իշխանության փոխանցման գործընթացի արդյունքում Ղարաբաղը կարող է վերադառնալ բանակցությունների սեղանին: Ամեն դեպքում Հայաստանն ու արեւմտյան համանախագահները փորձում են հասնել դրան: Դա ամբողջությամբ կփոխի կարգավորման տրամաբանությունը, որը, ի դեպ, արդեն փոխվել է: Այդ տրամաբանությունը հանգում է ներկայիս ստատուս-քվոն հիմք ընդունելուն:
Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպում: Նախքան ՄԱԿ նստաշրջանը ՀԱՊԿ ղեկավարությունը հայտարարել էր, որ կփորձի ՄԱԿ-ից խաղաղապահ գործունեության մանդատ ստանալ: ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության առաջին «պոլիգոնը» կարող էր Ղարաբաղը դառնալ:
Դատելով հանդիպման մասին հաղորդագրությունից՝ ՀԱՊԿ-ը մանդատ չի ստացել, եւ որոշվել է չանդրադառնալ այդ հարցին: ՀԱՊԿ-ի խաղաղապահներին մանդատ տալը կնշանակեր վերադարձ կարգավորման նախկին տրամաբանությանը:
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հետաքրքիր իրավիճակ է նկատվում: Այնպիսի տպավորություն է, որ Ղարաբաղում ստատուս-քվոն փոխելու բազմաթիվ փորձեր կատարած Ռուսաստանը եզրակացության է եկել, որ դա գոնե հիմա հնարավոր չէ: Այժմ Ռուսաստանն ակտիվորեն փորձում է դառնալ ստատուս-քվոյի պահպանման գլխավոր դերակատարը: Դրա վկայությունն է Հայաստանին մարտավարական զենքի տրամադրումը, ինչպես նաեւ հայ-ռուսական համատեղ խմբավորման ստեղծումը: Ի դեպ, հենց այդ խմբավորման հրամանատարն է Երեւանում ընդունել սեպտեմբերի 21-ի «անկախության զորահանդեսը»:
Ռուսաստանը փորձում է ստատուս-քվոյի «երաշխավոր» դառնալ՝ տարբեր քայլերի դիմելով: Դրանից մեկը՝ ՀԱՊԿ համար խաղաղապահ մանդատի ստացումը, ամենայն հավանականությամբ, չի ստացվել: Մոսկվան այլ միջոց է փնտրում:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am