Լրահոս

Ղարաբաղյան «կարգավորման» ձևաչափն անշրջելիորեն փոխվում է

 

 

Հուլիսի 19-20-ին Ղարաբաղում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու, ընդ որում, նախագահին ընտրելու է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը: Խորհրդարանական մեծամանությունը (վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք կուսակցությունն է) ու՞մ կառաջադրի: Tert.am-ի հետ զրույցում կուսակցության խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ կուսակցության թեկնածուն Արայիկ Հարությունյանը չի լինելու:
Խոսում են, որ լրջորեն դիտարկվում է երկու թեկնածություն՝ գործող նախագահ Բակո Սահակյանի, որի նախագահության երկրորդ ժամկետն ավարտում է, եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի: Ղուկասյանը մինչեւ 1997 թվականը Ղարաբաղի արտաքին գործերի նախարարն էր եւ մասնակցում էր բանակցություններին, որոնք այն ժամանակ եռակողմ էին: Հետո 1997 թվականին Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից, եւ բանակցությունների մանդատը փոխանցվեց Հայաստանի նախագահին:
2018 թվականի ապրիլին Հայաստանում նախագահ չի լինելու: Զուգահեռ, ակտիվ քննարկվում է բանակցություններին Ղարաբաղի վերադարձը:
Մասնավորապես, երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ առանց Ղարաբաղի մասնակցության չի կարող ոչ մի որոշում կայացվել, եւ դա, նրա խոսքով, արձանագրվել է բոլոր փաստաթղթերում, որոնք ի պահ են տրվել ԵԱՀԿ քարտուղարությանը:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ նախարարի հայտարարությունն ակնարկե էր, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղան: Հուլիսի սկզբին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, հնարավոր է, քննարկվելու է հենց այդ հարցը:
Եթե Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրությունները հենց այդ լույսի ներքո դիտարկենք, պետք է ենթադրել, որ միջազգային բանակցություններում ամենափորձառու թեկնածուն Արկադի Ղուկասյանն է:
Կարեւորը, սակայն, այն է, թե միջազգային միջնորդներն ինչպես են վերաբերվում այդ փոփոխությանը եւ բանակցություններին Ղարաբաղի հնարավոր միանալուն: Չէ՞ որ դա արմատապես փոխում է «հայ-ադրբեջանական» հակամարտության ձեւաչափը, որը վերջին տարիների կառուցում էր Բաքուն:
Ղարաբաղյան կարգավորումում ռեստարտ է տեղի ունենում: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բանակցությունների սեղանին առաջարկներ չկան, բացի Կազանի ծրագրից, որը մերժում է Ադրբեջանը: Այսինքն, Մադրիդյան սկզբունքները, որոնք 10 տարի քննարկվել են, արդեն ակտուալ չեն:
Փոխվել է նաեւ իրավիճակը սահմանին: Ղարաբաղի սահմաններն ամրացվել են, համաշխարհային հանրությունը պնդում է ոչ թե տարածքների հանձնումը, այլ ներկայիս սահմանները մոնիտորինգի մեխանիզմներով ամրապնդելը: Հայաստանում եւ Նախիջեւանում բալիստիկ հրթիռներ են տեղակայված, կողմերը խոսում են միմյանց կործանիչ հարված հասցնելու մտադրության մասին:
Բացի այդ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, դադարել է համաշխարհային հանրության համար արժեք լինել: «Եվրամիությունն ընտրում է Ադրբեջան առանց Ղարաբաղի», գրում է ադրբեջանական մամուլը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր չի ստորագրել, որովհետեւ դրանում հիշատակում չի եղել տարածքային ամբողջականության մասին:
Իլհամ Ալիեւն ամեն ինչ արել է, որ իրեն զրկի իմաստուն դիվանագիտական քայլի հնարավորությունից, եւ հիմա մեծ է պատերազմը վերսկսելու եւ ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի հետ չբանակցելու գայթակղությունը: Համաշխարհային առաջնորդները մեկը մյուսի հետեւից Ադրբեջանին զգուշացնում են այդ քայլի համար, թեեւ չի բացառվում, որ Ադրբեջանը արկածախնդրության կդիմի, եւ հնարավոր կլինի մեկ հարվածով կտրել տարածաշրջանում ձեւավորված հանգույցը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing