Լրահոս

«Ղեկը փոխելով՝ ոնց որ ագռավի հետեւը սոխակի պոչ դնեն, ասեն՝ սիրուն է». Գագիկ Շամշյանը՝ աջ ղեկով մեքենաների մասին

 

Ինչպես տեղեկացրել ենք, կառավարությունը քննարկում է աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու հարցը: ԱԺ-ում այդ մասին տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանն ընդունել է աջակողմյան երթեւեկության կանոնները, այսինքն, ղեկը պետք է լինի ձախ կողմից եւ մենք պետք է ունենանք օրենքին համապատասխան մեքենաներ: Թե ինչու են նման որոշում ուզում ընդունել, նախարարը բացատրել էր այսպես. «Հաշվի առնելով ոստիկանության կողմից ներկայացված վթարների քանակը, թե որ տոկոսն է կազմում աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարները, հաշվի առնելով այդ ամենը՝ կունենանք որոշման նախագիծ, որը կքննարկվի նաեւ ԱԺ խմբակցություններում: Առաջին հերթին մենք մոտենում ենք մարդկանց անվտանգության խնդիրներից»:

Նկատի ունենալով, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հանրապետության գրեթե բոլոր ավտովթարների ժամանակ դեպքի վայրում է լինում եւ լուսաբանում, մենք նրանից հետաքրքրվեցինք՝ իսկապե՞ս վթարների մեծ մասը աջ ղեկով մեքենաների պատճառով է: Նա պատասխանեց. «Վերջին մեկ տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարները, որ նկարել եմ, կարող եմ ասել, որ զոհերի 40-50 տոկոսը աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ է եղել, մահվան ելքով վթարների մեջ իսկապես մեծ թիվ են կազմում աջ ղեկով մեքենաները, հաճախ վրաերթեր են լինում»:

Գագիկ Շամշյանը նշեց, որ Վրաստանն էլ է պատրաստվում հրաժարվել աջ ղեկով մեքենաների շահագործումից. «Օրենք է ընդունել, որ 2018-ի հունվարից արգելվում է աջ ղեկով մեքենաների շահագործումը: Վրաստանում կա մոտ 15 հազար տրանսպորտային միջոց՝ աջակողմյան ղեկով, որոնք շահագործվում են, մեծ մասը՝ տաքսի ծառայությունների կողմից: Ես վստահ եմ, որ այդ մեքենաները ջրի գնով վաճառելու են հայերին եւ այստեղ կտրուկ ավելանալու է աջ ղեկով մեքենաների թիվը: Ես կողմ եմ, որ Հայաստանում աջ ղեկով մեքենաները շահագործվեն, բայց՝ անձնական նպատակներով, ոչ թե կոմերցիոն գործունեության համար, որ ուրիշի կյանքին վտանգ չլինի: Դու քո ընտանիքի համար դիր օգտագործիր: Այսօր ամեն պատահական մարդ տաքսի է քշում եւ աջ ղեկով մեքենաների դեպքում տեսադաշտ չի ապահովում, ինչը հանգեցնում է վթարների: Մասնագետները դրա հստակ պատասխանը կտան, թե արդյո՞ք ղեկն է պատճառը, որ այդքան վթար է լինում, թե՞ սխալ վազանց են կատարում, խախտումներ են անում»:

Նախարար Վահան Մարտիրոսյանն ասել էր, որ եթե մարդիկ գնել են աջ ղեկով մեքենաները, ժամանակ կտրամադրվի ղեկը ձախ կողմ տեղափոխելու համար:

Գագիկ Շամշյանն ասաց, որ աջակողմյան ղեկով մեքենաների ղեկը ձախ կողմ տեղափոխելու դեպքում վթարները էլ ավելի են շատանալու. «Մեքենայի գործարանային վիճակն է փոխվում, որակն է փոխվում, մի շարք խնդիրներ են առաջանալու: Ղեկը փոխելով՝ ոնց որ ագռավի հետեւը սոխակի պոչ դնեն, ասեն՝ սիրուն է: Չի լինի նման բան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am