«Գլուխը պատին ա տալիս որևէ պետական մարմին». Բուռն բանավեճ ԱԺ-ում

1

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը հանդես է եկել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծով: Այն այսօր քննարկվեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Միհրան Պողոսյանը և Արդարադատության նախկին նախարարներ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը բուռն բանավեճ ունեցան: Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանը դեմ արտահայտվեցին  նախագծին:Միհրան Պողոսյանը նախ ներկայացրեց նախագծի հիմնական դրույթները:

Նրա խոսքով՝ պարտապանի գույքն արգելանքից հանելու դեպքերի մասով պետք է ավելացնել կետ, ըստ որի՝ արգելադրված գույքի նկատմամբ եթե այլ անձն ունի սեփականության իրավունք, քաշքշուկի մեջ չպետք է հայտնվի:“Ենթադրենք մեկ այլ անձի գործով արգելանք է կիրառվել, բայց քաղաքացին դատարանի թուղթ ունի, որ այդ սեփականությունն  իրեն է պատկանում, սեփականության իրավունքով գալիս է ԴԱՀԿ, դիմում է, որ՝ խնդրում եմ գույքս արգելանքից հանեք, որովհետև ըստ դատարանի վճռի ես հանդիսանում եմ այս սեփականության կրողը:

Բայց ԴԱՀԿ-ը դատարանի վճիռը հիմք չի ընդունում, ասում է՝ գնա մի հատ էլ դատարանի վճիռ բեր, որ արգելանքը պետք է հանել”, ասաց Միհրան Պողոսյանը: Նա ասաց, որ նման բոլոր դեպքերում առաջարկում է, որպեսզի գույքն արգելանքից հանվի առանց դատարանի թղթի:“Բազում օրինակներ կան, և իմ 9 տարվա փորձն ասում է այն մասին, որ խնդիրը հետևյալն է՝ միշտ անձը ԴԱՀԿ-ին ներկայացրել է իր սեփականության իրավունքը, իսկ ԴԱՀԿ-ի դիրքորոշումը եղել է այն, որ դատարանից պետք է բերել վճիռ սեփականության իրավունքի արգելանքից հանելու մասին: Եվ դա գնահատում եմ որպես մեր քաղաքացու համար քաշքշուկ, որպես կոռուպցիայի աղբյուր և գտնում եմ, որ նման կարգավորումը պետք է օրենքով տալ: Եթե կա երրորդ անձի սեփականության իրավունքի վերաբերյալ դատական ակտ, ապա պարտապանի գույքը պետք է արգելանքից հանվի”,- ասաց նա:Հրայր Թովմասյանն առաջարկեց, որպեսզի ներառվի դրույթ, որ քաղաքացին Կադաստրի պետական կոմիտեից բերի սեփականության վկայական, որի հիման վրա գույքը կհանվի արգելանքից: Միհրան Պողոսյանն ասաց, որ եթե գույքն արգելանքի տակ է, կադաստրը թուղթ չի տալիս:Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ մտահոգություններ ունի:

Նա հարցրեց՝ Միհրան Պողոսյանը վիճակագրություն ունի՞, թե ԴԱՀԿ-ը նմանատիպ դեպքերի ինչ պարբերականությամբ է առնչվել: Միհրան Պողոսյանն ասաց, որ նման դեպքերը բազմաթիվ են, ԴԱՀԿ-ն այս խնդրին երկար տարիներ առնչվել է:«Պարոն Պողոսյան, ես ձեր լեգիտիմ նպատակին, որը դուք հետապնդում եք, բացարձակապես դեմ չեմ: Եթե խոսքը վերաբերում է նրան, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը որևէ պետական մարմին, մասնավորապես, մենք խոսում ենք կադաստրի մասին, չի գրանցում, ուրեմն ես նախ և առաջ առաջարկությամբ հանդես կգայի այդ լրացումը կատարելու օրենքում: Հարկադիրը դատական ակտի հիման վրա չպիտի գրանցի, հարկադիրը պիտի գրանցի սեփականության իրավունքի պատկանելությունը հավաստող փաստաթղթի հիման վրա, որպիսին պիտի լինի կադաստրի վկայականը: Ու եթե կադաստրը չի գրանցում, Պողոսը կամ Պետրոսը չի գրանցում, դա այլ հարց է», ասաց Արփինե Հովհաննիսյանը:Նա ասաց, որ այս տեսքով այս նախագիծն իրավունքի ծագման տեսանկյունից խնդրահարույց է, որովհետև դատական ակտը պետական մարմնի համար հիմք է՝ գրանցելու անձի սեփականությունը:«Ձեր նախագիծը լրացրեք, պետական բոլոր մարմիններին էլ ասեք, որ պարտավոր են գրանցել»,- հավելեց Հովհաննիսյանը:

«Մնում է ասեք, թե ի՞նչ խնդիր եք տեսնում»,- արձագանքեց Միհրան Պողոսյանը:«Ես խնդիր եմ տեսնում այն առումով, որ եթե այդ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, կա վերաբերելի պետական մարմին, որը պետք է կատարի սեփականության իրավունքի փոփոխություն: Կադաստրը չի արել դա, պրոբլեմը կադաստրից է, մենք հիմա հետևանքն ենք փորձում լուծել: Հարկադիրը վերջին կետն ա, մենք վերջին կետում չպիտի խնդիրը լուծենք, բա էն մեջտեղի օղակնե՞րը: Ինչի՞ պետք է հարկադրը լուծի մի խնդիր, երբ  որ մեջտեղի մարմինը պրոբլեմ ա սարքել, գլուխը պատին ա տալիս որևէ պետական մարմին»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:Միհրան Պողոսյանը կրկնեց, որ եթե արգելանքի տակ գույք կա, տեխնիկապես կադաստրը չի կարող գրանցել: «Չգիտեմ գլուխը պատին ա տալիս, թե ինչ ա անում, բայց 10 տարի ա ըտենց ա աշխատում: Ես մեկ ա չլսեցի ոչ մի խոչընդոտ այս հարցը հենց այսպես կարճ կարգավորելու և մեր քաղաքացիներին այս խնդրից զերծ պահելու համար», վրդովվեց Միհրան Պողոսյանը:

Հրայր Թովմասյանն ասաց, որ կադաստրը չի կարող դատարանի որոշումը չկատարել, երբ որ դատարանն ասում է, թե սա քաղաքացու սեփականությունն է: Թովմասյանն ասաց, որ Միհրան Պողոսյանի այս նախագծով լեգիտիմացվում է կադաստրի գործունեությունը, որ այդ կառույցը կարող է դատարանի ակտը չկատարել:Միհրան Պողոսյանն ասաց, որ նրանց առաջարկը չի գործի, կադաստրը կդիմի ԴԱՀԿ ու կասի՝ հանեք արգելանքից քաղաքացու գույքը, իսկ ԴԱՀԿ-ը չի հանի, մինչև չլինի դատարանի վճիռ: Եվ քաղաքացին, նրա խոսքով, կպպտվի այդ քաշքշուկի շղթայի մեջ:Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց, որ թե ԴԱՀԿ, թե կադաստրի կողմից դա ոչ պատշաճ վարաքագիծ է, տարրական լեգիտիմ հիմքերի սխալ մեկնաբանություն է արվում հիմա:Հրայր Թովմասյանը ասաց, որ պատրաստ է նախագծի համահեղինակ լինել, այդ փաթեթը կազմել և օգնել Միհրան Պողոսյանին:

«Ես կգրեմ այդ նախագիծը կտամ, պարոն Թովմասյան»,- արձագանքեց Արփինե Հովհաննիսյանը:«Տիկին Հովհաննիսյանը ևս միանում է մեզ, եկեք նախագիծը հետաձգենք, քանի որ այս տեսքով դեմ ենք քվեարկելու»,- ասաց Հրայր Թովմասյանը:Միհրան Պողոսյանը զարմացավ՝ ինչո՞ւ են Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանը խոսում հանձնաժողովի բոլոր անդամների փոխարեն:«Կարող ա դուք երկուսով եք դեմ, ինչի՞ եք բոլորի անունից խոսում»,- հարցրեց նա՝ համաձայնելով, որ հետաձգեն նախագծի քննարկումը և լրամշակեն այն:Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը արձանագրեց, որ երկու նախկին նախարարները դեմ են մի բանի, որը, ինչպես Միհրան Պողոսյանն է ասում, 10 տարի կիրառվել է: «Դա նշանակում է ձեր իշխանության տարիներին քաղաքացիներին հլա տեսեք ինչ օրն եք գցել»,- արդարադատության նախկին նախարարներին դիմեց Մարուքյանը:“Էդ էի՞ք ուզում”,- տեղից բացականչեց Միհրան Պողոսյանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache