Գլխավոր դատախազն ամենաակտիվն էր Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությանը. նրան բացարկ հայտնելու հիմք դեռ չկա

112

armtimes.com — ՀՀ վերաքննիչ դատարանում դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ այսօր սկսվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:

Բողոքի քննությանն այս անգամ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանն էր մասնակցում, այլ նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Սա աննախադեպ երեւույթ է, որ երկրի գլխավոր դատախազն անձամբ մասնակցում է կալանքի գործով դատական նիստին: Դավթյանը, սակայն, նիստերի դահլիճ էր մտել հետեւի մուտքից, նրան լրագրողները չեն տեսել: Բացի Արթուր Դավթյանից բողոքի քննությանը մասնակցում էին նաեւ մոտ 6 հսկող դատախազներ: Նշենք, որ Քոչարյանին աձեռնմխելիության հիմքով ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք էր ներկայացրել հենց Գլխավոր դատախազը:

Լրագրողներին մի պահ հաջողվեց տեսնել այս ընթացքում նրանցից խուսափած Քոչարյանին. նա նստած էր ոչ թե ամբատանյալների համար նախատեսված աթոռին այլ՝ ետեւի շարքում՝ մեջքով դեպի լրագրողները:

Մոտ մեկ ժամ տեւած քննությունից հետո նիստն ընդմիջվեց: Պաշտպանական կողմը որոշել է ինքնաբացարկի միջնորդություն հայտնել նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանին: Ինքնաբացարկ հայտնելու հիմքը, սակայն, պաշտպանական կողմը գաղտնի է պահում: Մեկ ժամ հետո բողոք քննությունը հետաձգվեց այն պատճառով, որ պաշտպանները չէին հասցրել պատրաստվել միջնորդությանը:

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ բողոքի քննությանը դատախազության ներկայացուցիչներից ամենաակտիվը գլխավոր դատախազն էր: Հարցին՝ արդյոք բողոքի քննությանը գլխավոր դատախազի մասնակցությունը մտահոգության տեղիք տալի՞ս է, Ալումյանը պատասխանեց. «Մտահոգության առիթ չի տալիս, սակայն առավել հեշտ է մրցակից ունենալ մեկ դատախազ, քան վեց դատախազ, որոնցից մեկը գլխավոր դատախազն է: Նիստի ընթացքում նաեւ միջնորդություն է եղել, մի քանի փաստաթղթեր ենք պահանջել, գլխավոր դատախազն առարկեց, բայց դատարանը հնարավորություն տվեց այդ փաստաթղթերը պահանջել»:

Մեր հարցին, թե գլխավոր դատախազին բացարկ հայտնելու հիմք տեսնո՞ւմ եք, պաշտպանն ասաց՝ այս պահի դրությամբ՝ ոչ: Ալումյանն ասաց, որ ստացել են Վճռաբեկ դատարանի որոշումը: Մեր հարցին, թե Վճռաբեկ դատարանն ինչ իրավական դիրքորոշում է հայտնել բողոքների վերաբերյալ, Ալումյանն ասաց, որ դատարանն անդրադարձել է բացառապես անձեռնմխելիության հիմքին: «Գլխավոր միտքը հետեւյալն է, որ անձեռնմխելիության հարցը քննարկելիս դատարանը չպետք է կտրվի հիմնավոր կասկածի խնդիրը քննարկելու հարցից, այսինքն՝ այդ երկու հարցը պետք է իրար հետ քննի, ինչը, ըստ Վճռաբեկի՝ Վերաքննիչը չի արել: Եթե դատարանը հետեւի Վճռաբեկ դատարանի որոշման պահանջներին, ապա պարտավոր կլինի այդ ամեն ինչը քննել իրար հետ: Այսինքն, այն՝ ինչը նաեւ մենք էինք ասում մեր բողոքում: Մեր դիտարկմանը, որ գնահատկան կա, թե դատարանը հակված է պաշտպանել Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումն այն մասին, որ իր պաշտպանյալն անձեռնմխելի չէ, Ալումյանն արձագանքեց, որ այդպիսի գնահատական, անգամ դրան մոտ գնահատական չկա:

«Խնդիրը հետեւյալ ձեւով է դրվում. երբ որեւէ անձի դեպքում, ով օգտվում է անձեռնմխելիությունից, դրա առկայության կամ բացակայության հարցը քննարկվում է, պետք է գնահատել նաեւ այն հանգամանքը, թե այն գործողությունները, որոնց մեջ նա մեղադրվում է, պաշտոնական լիազորության հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ, եւ արդյո՞ք դրանք չեն հանդիսանում այդ լիազորությունների ակնհայտ անցում»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ այս գործով դատավարությունը, ըստ էության, չի էլ սկսվել, քանի որ առաջին հարցը, որ դատարանը պարզում է կողմերից, հարցն է` արդյո՞ք ունեն միջնորդություն, որ դատավորն ինքնաբացարկ հայտնի:

Չնայած լրագրողների համառ ջանքերին, Ալումյանն այդպես էլ չհայտնեց, թե որն է դատավորին ինքանաբացարկ հայտնելու հիմքը, միայն նշեց մեկ հիմք, որի մասին կտեղեկացնեն: Այս պատասխանից հետո լրագրողները սկսեցին հարցերի միջոցով պարզել, թե ի վերջո ինչ հարաբերություններ մեջ է գտնվում դատավորը Քոչարյանի հետ եւ արդյոք նա սույն գործով կաշկանդված էր, թե ոչ: Ի պատասխան առաջին հարցին, Ալումյանն ասաց, որ Քոչարյանն ու դատավոր Մխիթարյանն իրար առաջին անգամ են տեսնում: Անդրադառնալով երկրորդ հարցին, նա նշեց, որ արտաքուստ կաշկանդվածության դրսեւորումներ չնկատեց, իսկ հոգեվիճակը չի կարող գնահատել: Իր պաշտպանյալի հոգեվիճակին անդրադառնալով` նա ասաց. «Սովորական, այնպես, ինչպես ցանկացած մարդու հոգեվիճակը կլինի, եթե իրեն առանց օրինական հիմքերի բերում են եւ պահանջում կալանավորել»:

Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, Մարտի 1-ի գործով մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու համար:

Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը բացառապես Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:

Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար վճռաբեկ ատյան էին դիմել թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, եւ թե՛ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Վճռաբեկը մասնակի բավարարել էր միայն դատախազի բողոքը:

 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache