Գլխավոր հրեշը հայտնաբերվեց. Զազրելի ուրացում

234

 

Lragir.am — Գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում ու Էջմիածնի ԵԿՄ պահեստում ԱԱԾ հատուկ գործողությունից եւ Գրիգորյանի ձերբակալությունից հետո հնչում է ոչ միայն հանրային, այլ նաեւ այսպես ասած նախորդ իշխող համակարգի ուժգին ձայնը, քննադատությունը: Իշխող համակարգում իրենց կայուն տեղն ունեցող միավորները, ուժերը, անձինք, որոնք ընդամենը մի քանի օր առաջ կարող էին ուղղակի կրծքով պաշտպանել գեներալ Մանվելին, այսօր հայտարարում են, թե շոկի մեջ են, թե չէին պատկերացնում այդպիսի խայտառակություն, ինչպես կարելի է գողանալ զինվորի բաժինը եւ այլն:

Այսինքն, ուրիշ բաժիններ կարելի է գողանալ, կարելի է գողանալ ասենք մանկապարտեզների բաժինը, կամ կարելի է գողանալ ասֆալտից, կամ Հյուսիս-հարավի բետոնից, կարելի է գողանալ Երեւանի ծառ ու ծաղկից, կարելի է գողանալ ամեն ինչից, իսկ ահա զինվորի բաժնից՝ ոչ:

Իրականում Մանվել Գրիգորյանի գործն ու ձերբակալությունը նախորդ համակարգը ընկելել է իբրեւ նվեր, պահ, որի վրա հնարավոր է միավոր հավաքել: Ներկայում բոլորը փորձում են «մաքրվել» Գրիգորյանի վրա, հայտարարելով, թե չէին կարող պատկերացնել, որ հերոսն ունակ է այդպիսի քայլի:

Ըստ երեւույթին, այդ մարդիկ բոլորը ունեին հստակ ու աներկբա, համոզիչ պատասխան, թե ինչու է Հայաստանում աղքատությունը պաշտոնապես 30, իսկ ոչ պաշտոնապես թերեւս հիսունից ավելի տոկոս, թե ինչու է Հայաստանում վերջին տասնամյակում արտագաղթում մոտ 400 հազար մարդ, թե ինչու քառօրյա պատերազմում պարզվում է, որ առաջնագիծը բավարար հագեցած չէ: Փաստորեն այդ մարդիկ ունեցել են բոլոր այդ հարցերի, տասնյակ, հարյուրավոր այլ հարցերի հստակ պատասխաններ, եւ միայն գեներալ Մանվելի արածից է, որ տեղյակ չեն եղել, որ չի անցել իրենց մտքով:

Իսկ ի՞նչ էին կարծում, այն կոռուպցիան, որի մասին խոսելիս դեմքի լուրջ արտահայտությամբ խոստովանում էին, որ կա, բայց անուններ լսելիս հղում էին անում համակարգային խնդիրներին, որտե՞ղ եւ ու՞մ տեսքով, դեմքով, պատկերով ու նմանությամբ եւ քաղաքական հավանությամբ էր ապրում ու «ստեղծագործում»:

Իրականում դժվար է ասել, արդեն հարաբերական է, թե ում քայլն է ավելի զազրելի՝ Մանվել Գրիգորյանի՞, թե՞ նրա վրա ներկայում միավոր հավաքել փորձողների, կոալիցիոներների, կոլաբորացիոնիստների, կլեպտոկրատների, արիստոկրատների, տեխնոկրատների, որոնք վայրկյանում պատրաստ են ուրանալ նրան, ում հետ ոչ միայն եղել են միեւնույն համակարգում, այլ հենց նրա շնորհիվ են եղել, քանի որ այդ համակարգը պահվել է հենց գրիգորյանների կյանքի ու գործունեության շնորհիվ, հակառակ պարագայում պետությունը կպահվեր այդ համակարգի փոխարեն:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache