Լրահոս

Գնացող վարչապետը

 

Բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի մեկնարկի մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը թեժացրեց նրա հետնախագահական պլանների մասին խոսակցությունը, հանգեցնելով եզրակացության, որ Սարգսյանը դրանով գրեթե աներկբա ցույց տվեց, որ մտադիր է մնալ վարչապետի պաշտոնում:Ուղիղ որեւէ այդօրինակ ձեւակերպում Սարգսյանը չի արել, բայց խոսել է այն մասին, որ ինքն է պատասխանատու յոթնամյա արդիականացման ծրագրի իրականացման համար:

Ըստ այդմ եղել է տարածված եզրահանգում, որ եթե ծրագիրը յոթնամյա է, իսկ Սերժ Սարգսյանն էլ իրեն հայտարարում է դրա իրականացման պատասխանատու, ուրեմն նա առնվազն յոթ տարի ծրագրում է մնալ իշխանության ղեկին, քանի որ հնարավոր չէ իշխանություն չլինելով լինել բանակի արդիականացման ծրագրի պատասխանատու:Գործնականում իհարկե այդ պնդումը կամ եզրահանգումը հարաբերական է: Բանն այն է, որ Հայաստանը դառնում է խորհրդարանական կառավարման պետություն, ինչը նշանակում է խորհրդարանի մեծամասնության կառավարում: Իսկ խորհրդարանի մեծամասնությունը, գոնե մինչեւ 2022 թվական՝ մեկ կուսակցություն է:

Հետեւաբար, գոնե տեսականում, դե ֆակտո հնարավոր է լինել իշխանության որեւէ ծրագրի համար պատասխանատու, չունենալով դե յուրե իշխանական պաշտոն, բայց լինելով իշխող կուսակցության նախագահ:Եվ եթե դրան ավելանում է նաեւ այն, որ Հայաստանում իշխանության եւ պետության կառավարումն իրականացվում է առավելապես ստվերային մեխանիզմներով, ապա առավել քան ակնառու է, որ հնարավոր է լինել ՀՀԿ նախագահ եւ պատասխանատու լինել իշխանության համար:Բայց արդյոք դա հնարավոր է յոթ տարի: Այսինքն, կարո՞ղ է Սերժ Սարգսյանը յոթ տարի մնալ առանց դե յուրե իշխանության, բայց պահել իշխանությունը ՀՀԿ նախագահի պաշտոնում: Թերեւս անհնար չէ, բայց անկասկած չափազանց բարդ է: Եթե Սարգսյանը տեւական ժամանակ հեռու մնա դե յուրե իշխանությունից, ապա մեծ է հավանականությունը, որ ժամանակի ընթացքում նա կկորցնի նաեւ դե ֆակտո իշխանությունը, որքան էլ նոր մոդելի միջոցով փորձել է ձեւավորել իշխանության հնարավորինս շատ եւ այսպես ասած միմյանց հակակշռող կենտրոններ, այդպիսով ՀՀԿ նախագահի պաշտոնում դե ֆակտո կառավարումն ու ազդեցությունը դյուրացնելու համար:Այդուհանդերձ, այդ իրավիճակը մարզական լեզվով հավասարազոր է իրավիճակի, երբ բավական չէ թիմի հաղթանակը, վերջնարդյունքի համար կարեւոր է, թե ինչպես կխաղան նաեւ մրցակիցները:Եվ եթե դե յուրե իշխանության կրող որեւէ խումբ ավելի լավ խաղա, ապա աստիճանաբար կչեզոքացնի նաեւ Սարգսյանի դե ֆակտո իշխանությունը:

Բայց դա էլ ամենեւին չի նշանակում, որ Սարգսյանը իշխանությունը պահելու համար չունի վարչապետ մնալու այլընտրանք: Իհարկե, բարդ է ասել, թե որքան է նրա այսպես ասած «անվտանգության ժամանակային գոտին», այսինքն որքա՞ն ժամանակում նա պետք է ձգտի վերադառնալ դե յուրե իշխանության՝ դե ֆակտո այն չկորցնելու համար:Սակայն, հնարավոր է թերեւս եզրակացնել՝ հենվելով թե ներկայիս իրավիճակի, թե նաեւ նոր մոդելային կառավարման մեխանիզմների բաշխվածության հանգամանքից, որ Սարգսյանը նվազագույնը մի քանի ամիս կարող է իրեն ապահով զգալ դե յուրե իշխանությունից դուրս՝ ՀՀԿ նախագահի կարգավիճակում:

Վերջին հաշվով, առաջիկա ժամանակահատվածի համար վարչապետի խնդիրը առանցքայինից վերածվում է տեխնիկականի, այն պատճառով, որ 2018-ի ապրիլին ընդառաջ իշխանության ներսում ստատուս-քվոն չի ենթարկվել սկզբունքային փոփոխության: Մասնավորապես, վարչապետության մյուս հավակնորդ դիտվող Կարեն Կարապետյանը կամ չի կարողացել, կամ ինչ-ինչ պատճառներով չի ցանկացել գնալ այդ ստատուս-քվոյի փոփոխության միտված լուրջ քայլերի, թերեւս ռիսկի չգնալու համար:Իսկ եթե չկա ստատուս-քվոյի փոփոխություն կամ նույնիսկ լուրջ միտում այդ ուղղությամբ, ու թերեւս քիչ հավանական է, որ իրադարձությունների դինամիկան առաջիկա մոտ վեց ամիսներին կրի սկզբունքային փոփոխություն, խոշոր հաշվով առանցքային չէ, թե ով կնշանակվի  վարչապետ 2018 թվականի ապրիլից հետո:Գուցե հնչի տարօրինակ, բայց այդ վիճակում իրականությանը խորքային առումով գուցե ավելի մոտ է այն, որ 2018-ի ապրիլից հետո նշանակվող վարչապետը կլինի ոչ թե մնացող, այլ հակառակը՝ գնացող վարչապետ:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing