Գնդակը Հայաստանի դաշտում է. ՀՀ-ն պատրա՞ստ է բանակցային գործընթացներին. խմբագրական

29

armlur.am — Համաժողովրդական շարժման հաղթանակը մեծ ոգեւորություն է առաջացրել քաղաքացիների մոտ՝ վերականգնելով մարդկանց հավատն ու վստահությունը իշխանությունների նկատմամբ: Սակայն հայտնի փաստ է, որ հասարակական տրամադրությունները կարող են կարճ ժամանակահատվածում գլխիվայր շուռ գալ եւ ոգեւորությունը մարել, եթե հասարակական ակնկալիքները չբավարարվեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հազիվ թե կարողանա խուսափել այդ հեռանկարից: Պարզապես, որքա՞ն երկար կկարողանա պահել ներկա տեմպերը եւ հետաձգել լրջագույն խնդիրներին առերեսվելու, ըստ այդմ, ոչ ժողովրդկան որոշումներ կայացնելու պահը: Նման խնդիրներից մեկն էլ ԼՂ հակամարտության կարգավորման հարցն է:

Գաղտնիք չէ, որ ԼՂ հիմնախնդրի լուծումը հնարավոր է բացառապես փոխզիջումային տարբերակով` բանակցային սեղանին արդեն 21 տարի դրված սկզբունքների շրջանակներում: Իսկ փոխզիջումների հասարակությունն այս պահին պատրաստ չէ. ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի իշխանությունը քսան տարի շարունակ հասարակության մեջ հետեւողականորեն սերմանել են բացարձակ անզիջողականություն՝ բացառելով որեւէ փոխզիջման գնալու միտքը (նույն վիճակն է նաեւ Ադրբեջանում): Միայն իր պաշտոնավարման վերջին երկու տարիներին` ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, Սերժ Սարգսյանը ստիպված եղավ խոսել փոխզիջումների, ցավոտ լուծումների մասին: Բայց դա բավարար չէր, թեկուզ եւ այն պատճառով, որ Սարգսյանը վախեցավ ավելի բաց երկխոսելուց, եւ հետո՝ նա չէր վայելում հասարակության աջակցությունը:

Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ անց ստիպված է լինելու որպես ՀՀ վարչապետ նստելու բանակցային սեղանին: Իսկ սա նշանակում է՝ համաձայնվել հակամարտության կարգավորման հիմք ընդունել Մադրիդյան լրամշակված սկզբունքները, պարզապես արդեն բանակցություններ տանել դրանց իրականացման դետալների շուրջ: Ի դեպ, երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե իրենք պատրաստ են ինտենսիվ բանակցություններ վարել ղարաբաղյան խնդիրը շուտափույթ կարգավորելու համար:
Պատասխանի հերթը Հայաստանինն է: Արդյոք ՀՀ նոր կառավարությունը պատրա՞ստ է բանակցություններին, եւ արդյոք առաջիկայում տեղի կունենա՞ Ալիեւ-Փաշինյան հանդիպումը:

Նշենք, որ առայժմ ԼՂ խնդրի վերաբերյալ Փաշինյանի քայլերը հուսադրող են, երբ հայտարարեց ԼՂՀ-ն բանակցային սեղան վերադարձնելու մասին:
Հիմա նա կարող է հասարակությանը տրամադրել նաեւ փոխզիջումների հեռանկարին: Պարզապես, դրա համար անհրաժեշտ է բաց երկխոսել հասարակության հետ, սառը եւ սթափ ներկայացնել իրավիճակն ու վտանգները:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache