Լրահոս

Գործ ունենք քաղաքական խաբեության հետ, ինչը ծնեց «Սասնա ծռեր». Անուշ Սեդրակյան

 

«Հայաստանում անկախության պահից սկսած՝ որպես պետական ծրագիր, երբևէ չի դրվել անկախ պետության գոյավարման մոդելը: Մենք ունեցել ենք կիսակոռումպացված, կիսասեփականաշնորհված մի պետություն, որի այսօրվա ծրագիրը նույնիսկ չի ենթադրում Հայաստանի բնակչության պահպանում»,- անդրադառնալով հուլիսի 17-ի դեպքերը ծնող արմատական պատճառներին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ իշխանությունները տապալել են պետական վարչարարության ծրագիրը և պետք է հեռանան այդ պատճառով և ոչ թե այն, որ նրանք ինչ-որ մեկին դուր չեն գալիս. «Մենք պետք է հասկանանք, թե ինչ համակարգ է քաղաքական գավառամտության վերին աստիճանում գտնվող մարդկանց դարձնում այնքան պահանջված, որ նրանք հայտնվում են իշխանության մեջ: Այդ համակարգի լուսաբանումը ոչ մեկին ձեռնտու չէ՝ բավական է հնչեն ապագաղութացում և ինքնիշխանությւոն բառերը՝ անմիջապես խոսում են Մայդանի մասին»:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» շարժման կարգախոսի փոփոխությանը՝ ապագաղութացման վերաբերյալ, մեր զրուցակիցը կարծում է, որ դա շատ լայն հասկացություն է. «Ապագաղութացումը քաղաքական բաղադրիչ պարունակող խնդիր է: Այդ լայն տերմինը պետք է իր անորոշ վիճակից գա քաղաքական գործուն օրակարգի: Արդյոք ապագաղութացում չէ՞, որ Ընտրական օրենսգրքի վրա այդքան աշխատելուց հետո այդ փոփոխությունները այդպես էլ չանցան»:

Եթե քաղաքական ուժը խոսում է ապագաղութացումից, ապա նրա երկրորդ քայլը պետք է լինի դուրս գալ ԵԱՏՄ-ից, երրորդը՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ այս կարծիքին է Անուշ Սեդրակյանը. «Ես հույս ունեմ, որ ԵԱՏՄ-ի կողմնակիցները քաղաքական տգետներ են, հակառակ դեպքում նրանց պետք է անվանել քաղաքական հանցագործներ: Իսկ ինչ վերաբերում է հայամետությանը, ապա հայամետ չի կարող լինել հայը, այդպիսին կարող է լինել, ասենք, մոնղոլը»:

Մեր զրուցակցի խոսքով՝ ընդդիմությունն ու իշխանությունը նույն հասարակության երկու տարբեր բևեռներն են: «Չի կարող լինել շատ վատ իշխանություն և շատ լավ ընդդիմություն: Չի լինում նման բան, որովհետև դրանք նույն հանրային մտածողության արգասիքներն են»,- ասաց Անուշ Սեդրակյանը:

«25 տարի շարունակ մեր հանրությանը հրամցվել է կեղծ քաղաքական օրակարգ»,- կարծում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը՝ հավելելով, որ երիտասարդության մտածողության մեջ նկատելի են ինքնագիտակցման կայծեր, ինչի պատճառով էլ ռուսական գաղտնի ագենտուրայի կողմից նկատվում են ջղաձգումներ, և Ստեփան Գրիգորյանին թույլ չեն տալիս մտնել Ռուսաստանի տարածք:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...