Լրահոս

Գործա՞րք է եղել, թե՞ պատերազմը թույլ չտվեց անել անուղղելին

 

«Ազատ հայրենիք» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները երկրի նախագահի պաշտոնում առաջադրել են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Արցախի խորհրդարանը նախագահ է ընտրելու հուլիսի 19-29-ին:
Երբ 2015 թվականի դեկտեմբերին Հայաստանում հանրաքվե տեղի ունեցավ, եւ երկիրն անցավ կառավարման խորհրդարանական ձեւի, Ղարաբաղում նույնպես հայտարարեցին, որ ցանկանում են խորհրդարանական հանրապետություն դառնալ: Այն ժամանակ ղարաբաղյան բոլոր կուսակցությունները միաձայն պնդում էին, որ միայն կառավարման խորհրդարանական ձեւը կարող է առաջընթաց ապահովել:
2016 թվականի ապրիլին քառօրյա պատերազմը եղավ, որից հետո Ղարաբաղում հանկարծ որոշեցին, որ իրենց ոչ թե խորհրդարանական, այլ գերնախագահական հանրապետություն է պետք: Չգիտես ինչու, սակայն, որոշվեց, որ չի կարելի գերնախագահի ընտրությունը վստահել ժողովրդին, եւ խորհրդարանը պետք է 3 տարով պետության ղեկավար ընտրի, քանի դեռ ժողովուրդը չի հասունացել:
Այս անհեթեթ գործընթացները մի կարեւոր հարց են առաջացնում՝ ի՞նչ է փոխվել 2016 թվականի ապրիլին եւ ինչու՞ է Արցախը որոշել հրաժարվել խորհրդարանական համակարգից:
Որոշ փորձագետներ ենթադրում են, որ ապրիլյան պատերազմը պետք է գծեր նոր շփման գիծը, ընդ որում, ոչ առանց Հայաստանի ղեկավարության հետ պայմանավորվածության: Այս եզրակացության համար որոշակի հիմքեր կան. պատերազմի առաջին երկու օրերին Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ակհայտ շփոթվածության մեջ էր: Ոչ պաշտպանվելու, ոչ նահանջելու, ոչ էլ հակահարձակման անցնելու ընդհանուր հրաման չի եղել: Այնպիսի տպավորություն էր, որ բոլորը սպասում էին ինչ-որ բանի, եւ երբ միայն տեղերում կատաղի դիմադրություն սկսվեց, իսկ Հայաստանի ժողովուրդը հարյուրներով Արցախ գնաց, ռազմաքաղաքական ղեկավարությունն «արթնացավ»:
Շփոթվածությունը զգացվում էր մինչեւ վերջ. Բակո Սահակյանի մամուլի ասուլիսն ապրիլյան օրերին ոչ միայն չի պատասխանել հարցին, թե ինչ է տեղի ունեցել, այլ նաեւ նոր հարցեր է ծնել ռազմաքաղաքական ղեկավարության համարժեքության, Ալիեւի ծրագրերին տեղեկացվածության վերաբերյալ:
Ո՞վ չի կատարել «գործարքի» պայմանները եւ արդյոք եղել է գործարք: Պատմությունը հավանաբար երբեք չի իմանա՝ չնայած Ռուսաստանում գրեթե բացահայտ նախատում էին Ալիեւին հնարավորությունը բաց թողնելու համար: Սերժ Սարգսյանն էլ էր ինչ-որ բանում կշտամբում Լավրովին:
Արցախում կորոշեի՞ն անցնել խորհրդարանական համակարգի, եթե 2016 թվականի ապրիլին պատերազմի արդյունքում այլ՝ «պայմանավորված» շփման գիծ հաստատվեր: Ի՞նչ էր պատրաստվում հաստատել Արցախի խորհրդարանը՝ Լավրովի ծրագրի իրականացու՞մը, որն ակտիվորեն առաջ էր տարվում մինչեւ ապրիլյան պատերազմը:
Ապրիլի պատերազմից հետո Արցախը հրաժարվեց խորհրդարանական հանրապետությունից եւ ընտրեց գերնախագահի ինստիտուտը: Դա նշանակու՞մ է, որ ապրիլյան պատերազմը փոխել է ծրագրերը, եւ Լավրովի, ինչպես նաեւ այլ պլանները, որոնք պետք է փոխեին Արցախի սահմաններն ու ստատուս-քվոն, անորոշ ժամկետով հետաձգվել են:
Հայ հանրությունում դեռ այնքան էլ չի գիտակցվել ապրիլյան պատերազմի նշանակությունը: Դա գիտակցում են նրանք, որոնք պատերազմի այլ ելքի պարագայում կարող էին դավաճան հռչակվել: Բանակն ու հասարակությունը, փաստացի, փրկել են ոչ միայն Արցախն ու Հայաստանը, այլ նաեւ ռազմաքաղաքական ղեկավարության դեմքը՝ թույլ չտալով նրանց անուղղելի բան անել:
2016 թվականի դեկտեմբերին Արցախում սահմանադրական հանրաքվե անցկացվեց, որտեղ մարդկանց այդպես էլ չկարողացան բացատրել, թե ինչու եւ ում համար է փոխվում ընդամենը 10 տարի առաջ ընդունված Սահմանադրությունը: Չնայած ինչ բացատրես՝ բոլորն էլ հասկանում են, որ պետք է «ձեւակերպել» Բակո Սահակյանի երրորդ ժամկետը:
Արժե՞ր այդ չնչին նպատակի համար փոխել Սահմանադրությունը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing