Լրահոս

Գործի արդյունքը

 

Փաստորեն, այլեւս իրողություն է, որ վերջին չորս-հինգ տարիներին Հայաստանի «գլխավոր, ամենակարկառուն, հաշվենկատ եւ ճկուն քաղաքական գործիչը», այնուհանդերձ, Գագիկ Ծառուկյանն է: Այս տարիներին նա հասցրեց գրեթե ամեն ինչի միջով անցնել՝ կոալիցիա կազմել, դուրս գալ, նորից ներս մտնել, դառնալ ընդդիմադիր, քիչ էր մնում թերեւս նաեւ հեղափոխություն աներ, դուրս գար փողոց, իր ետեւից տանելով հանրույթին:

Վերջիվերջո, նա ունակ եղավ հաղթահարել հոգեկան այն ծանր կացությունը, որի մեջ հայտնվել էր ՀՀԿ-ականների հայտնի հարձակումից հետո՝ գլխավորությամբ Սերժ Սարգսյանի:  Այն ժամանակ ՀՀԿ-ականները չէին հասկանում, թե ինչու եւ ինչպես է Գագիկ Ծառուկյանն առհասարակ հայտնվել քաղաքական դաշտում, երբ կապ չունի քաղաքականության հետ: Գիտենք՝ այս ամենը ՀՀԿ-ն ձեւակերպեց անձնական վիրավորանքների ու հարձակումների շարանով:

Հետո անցան ամիսներ, եւ օրերից մի օր պարզվեց, որ ՀՀ քաղաքացիների «մի ստվար» հատված խնդրում ու պահանջում է Ծառուկյանին վերադառնալ «մեծ քաղաքականություն»: Եվ, ահա, անսալով «ժողովրդի կանչին», Ծառուկյանը ձայնձայնոց ընդառաջեց եւ վերադարձավ այնտեղ, ուր իրեն տեսնում էին հավատավորները: Վերադարձի արդյունքն այլեւս հայտնի է` «Ծառուկյան դաշինքը» երկրորդն է, ուստի «մավրն իր գործն արեց, մավրը կարող հեռանալ»… թե ինչպես կհեռանա՝ իրավական դաշտում ի տես բոլորի միանալով ՀՀԿ-ի՞ն, թե՞ մնալով ու հանդես գալով որպես արմատական ընդդիմություն, հիմա դժվար է ասել:

Գուցե «Ծառուկյան դաշինքն» ապագայի շուրջ հենց այս պահից սկսած՝ արդեն խորին մտորումների մեջ է: Այսպիսով, կարծես ժամանակին ՀՀԿ-ականները զուր էին նման սուր քննադատության արժանացնում Ծառուկյան քաղաքական գործչին… մի քիչ վռազում էին, կամ, ո՞վ իմանա, գուցե հեքիաթ է սա մի դյութական: Ոչ հեռավոր ապագայում կոալիցիայի սպասվող ուրվականն արդեն իսկ գծագրվում է, վերստին «ազգի համար, հանուն ազգի» մի օր բոլորը կմիախառնվեն:

Այս ընտրությունները կարծես խաղաղ, կանոնավոր, տրամաբանված խախտումներով եւ խաղաղ, կանոնավոր, տրամաբանված վայրիվերումներով անցան: Ընտրատեղամասերում, դպրոցների բակերում խաղաղ, կանոնավոր, տրամաբանված շղթայով կրկին կանգնած անմահ թաղային խուժանի հին ու նոր փաղանգները: Նրանք իրենց գործն էին անում, ավելի ճիշտ՝ իրենց «հին, սրբազան» գործն էին շարունակում: Ով ինչ արեց՝ կաշառք վերցրեց, քվեն վաճառեց, ստրկացավ, ով պայքարեց, տեր կանգնեց իր քվեին, կարծես շարունակեց իր հին, վաղեմի գործը: Այդպես լինում է, երբ բոլորն իրենց գործով են զբաղվում, եւ արդյունքը, այնուամենայնիվ, հենց այդ գործի արդյունքն է: Գիշերը հրավառություն էր, տրաք-տրաքոցներ, մեքենաների ազդանշաններ:

Ուրախություն էր, ասես մայրաքաղաքում մեծագույն ու կարեւոր հաղթանակ էր տոնվում՝ երկար սպասված համաժողովրդական հաղթանակ:



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara