Գրիգորյանների տեղադրած արգելաձողերը հեռացվել են նրանց կամքին հակառակ՝ իրավապահների միջնորդությամբ

515

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ գեներալ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ, Էջմիածնում ապամոնտաժվել են քաղաքի տարբեր փողոցների վրա տեղադրված արգելաձողերը (շլագբաում), մոտ 10 հատ:

NEWSPRESS.am-ը տարի ու կես առաջ անդրադարձել է Գրիգորյանների կողմից տեղադրված արգելաձողերին, որոնք քաղաքը բաժանում են Գրիգորյանների և էջմիածինցիների սահմանի։

Մեր տեղեկություններով՝ ո՛չ միայն Մանվել Գրիգորյանը չի նախաձեռնել արգելաձողերի հանման գործընթացը, այլև դրանց հեռացումը նրա սրտով չի եղել։

Մեզ հասած լուրերի համաձայն՝ էջմիածինցիներն ահազանգել են ոստիկանություն՝ արգելաձողերը հեռացնելու պահանջով։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հաստատեցին այս լուրը։

«Քաղաքացիները դիմում են ներկայացրել ոստիկանություն, որի հիման վրա էլ իրականացված մասնագիտական ուսումնասիրությունների և ստուգումների ժամանակ, պարզվել է, որ տեղադրված արգելափակոցներն իրավական որևէ հիմք չունեն։ Դրանք հանվել են իրավապահների միջամտությամբ»,- փոխանցեցին մեզ ոստիկանությունից։

Այս պահին մնացել են միայն Գրիգորյաններին պատկանող համալսարանի դիմաց տեղադրված արգելաձողերը։

Այնպես որ, գեներալ Գրիգորյանի ու նրա ընտանիքի համար հեղափոխության առաջին արտացոլանքն սկսվեց արգելաձողերը հեռացնելով ու սահմանագծերն ընդլայնելով։

Գեներալն ի վերջո գոնե հասկանա, որ սահմանը գծում են ո՛չ թե հայրենակցի ու սեփական քաղաքացու միջև, այլ թշնամու։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache