Առողջություն

Գրիպի ախտանշանները, բուժումն ու կանխարգելումը

 

gettyimages_151617200_1-thumb

Գրիպը լայնորեն տարածված վիրուսային հիվանդություն է, որն ախտահարում է շնչառական ուղիների լորևձաթաղանթը: Գրիպով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ, բոլոր եղանակներին, քանզի վիրուսի հանդեպ ընկալունակությունը շատ բարձր է, իսկ հիվանդությունից հետո ձեռք բերված իմունիտետը հաճախ կորչում է վիրուսի հարուցիչների նոր հատկություններ ձեռք բերելու պատճառով:

Պատճառներ

Գրիպի հարուցիչները А և В տիպի վիրուսներն են, որոնք լավ պահպանվում են սառը պայմաններում, իսկ տաք պայմաններում արագ ոչնչանում են: Գրիպի վիրուսը ընկնում է վերին շնչառական ուղիներ, քայքայում և թեփոտում է լորձաթաղանթի վերին շերտի բջիջները: Շնչելիս, խոսելիս, հազալիս և փռշտալիս վիրուս պարունակող թեփոտված բջիջները պոկվում են և վարակում շրջապատողներին (հիվանդության տարածման օդակաթիլային ճանապարհ): Վարակվում են նաև հիվանդի օգտագործած կենցաղային առարկաների միջոցով:

Պաթոգենեզ

Երբ հարուցիչն ընկնում է օրգանիզմ, մի քանի ժամ, նույնիսկ 1-3 օր հիվանդության որևէ ախտանշան չի առաջանում: Հիվանդներից մի մասի մոտ կարող են նկատվել գրիպի նախանշաններ` թեթևակի թուլություն, դող, մկանացավեր, ինչպես նաև ջերմաստիճանի բարձրացում: Սակայն, առավել հախաճ, հիվանդությունը սկսվում է հանկարծակի. ջերմաստիճանն արագ բարձրանում է, ինչի հետևանքով հիվանդի դեմքը կարմրում է, նկատվում են գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն: Չի բացառվում նաև սրտխառնոցը և փսխումը: Հիվանդության հենց առաջին ժամերին կամ հաջորդ օրը առաջանում են լորձենաբորբի երևույթներ, արցունքահոսություն: Եթե նույնիսկ բարդություններ չեն առաջանում, բարձր ջերմաստիճանը պահպանվում է 2-4 օր: Հիվանդությունը կարող է ընթանալ նաև թեթև` ինքնազգացողության չնչին վատացմամբ և լորձենաբորբի ախտահարումով:

Բուժում

Տնային պայմաններում բուժելիս հիվանդին մեկուսացնում են առանձին սենյակում` վարակի տարածումը կանխելու նպատակով: Եթե հիվանդը բարձր ջերմություն ունի, պետք է պահպանի անկողնային ռեժիմ: Ջերմաստիճանի բարձրացման և դողի ժամանակ հիվանդի ոտքերին դնում են ջեռակ և տալիս են կիտրոնով թեյ: Խորհուրդ է տրվում նաև վիտամիններով հարուստ տաք ըմպելիք (մասուրի հյութ, ազնվամորով թեյ և այլն): Անկողնու սպիտակեղենը պետք է փոխել ամեն օր, իսկ ներքնաշորերը` օրը մի քանի անգամ: Ախորժակի բացակայության դեպքում հիվանդին պետք է կերակրել հաճախակի` օրը 6-7 անգամ: Բարդությունների առաջացման դեպքում բուժումը նշանակում է բժիշկը:

Կանխարգելում

Գրիպի առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է օրգանիզմը կոփել, ինչպես նաև անհրաժեշտ է ժամանակին բուժել քթի հավելյալ ծոցերի հիվանդությունները: Հատուկ դեպքերում կիրառում են հակագրիպային վակցինաներ: Վակցինայի ներարկումը ոչ միշտ է կանխում գրիպի առաջացումը, սակայն հիվանդությունն ընթանում է բավականին թեթև:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing