Գրոհ բոլոր կողմերից. Նիկոլ Փաշինյանի որոշումը

47

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ օգոստոսի սկզբին տեղի ունենալիք ՆԱՏՕ վարժանքին մասնակցելու է նաեւ Հայաստանը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ընդհանրապես քաղաքական ղեկավարությունը դեռեւս չի հստակեցնում՝ կա՞ մասնակցության վերաբերյալ որոշում, թե՞ ոչ:

Իրավիճակն ամենեւին նոր չէ: Դեռեւս տարիներ առաջ Վրաստանում ՆԱՏՕ զորավարժությանը Հայաստանը հրաժարվեց մասնակցել վերջին պահին, թեեւ մինչ այդ հայտարարել էր մասնակցության մասին:

Անհարմար վիճակ ստեղծվեց նաեւ նախորդ տարի, երբ վրացական կողմը ազդարարել էր հայկական մասնակցությունը, Հայաստանը տեւական լռություն էր պահում, իսկ հետո պարզվեց, որ չի մասնակցում: Երեւանը հայտարարեց, թե երբեք էլ չի ասել վերջնականապես, թե մասնակցելու է:

Բայց, ինչպես հայտնի անեկդոտում, նստվածքը մնաց:

Այժմ Հայաստանը դարձյալ բարդ որոշման առաջ է: Բարդ մի շարք հանգամանքների բերումով, եւ առաջին հերթին այն, որ Հայաստանում նոր իշխանություն է, դրանից բխող մի շարք խնդիրներով: Եվ դրանց շարքում առանցքայինը հայ-ռուսական հարաբերությունն է, որտեղ ակնհայտորեն առկա է հաղորդակցական ենթակառուցվածքների, փոխադարձ վստահության եւ հատկապես առաջին դեմքերի մակարդակով փոխըմբռնման մթնոլորտի ձեւավորման խնդիր:

Այդ խնդիրն ինքնին բավական բարդ է, որովհետեւ Հայաստանում է թավշյա հեղափոխությամբ եկած իշխանություն, ինչը Ռուսաստանի պատասխանատվության կամ ազդեցության աշխարհքաղաքական գոտու համար աննախադեպ երեւույթ է: Ռուսաստանը լրջորեն չհակազդեց թավշյա հեղափոխության ընթացքին, եւ դա էլ իր հերթին էր աննախադեպ, քանի որ Մոսկվան ոչ միայն չափազանց զգայուն էր թե Հայաստանում, թե իր ազդեցության կամ պատասխանատվության այլ գոտիներում զանգվածային շարժումների հանդեպ, այլ հենց Հայաստանի դեպքում երբեք չէր վարանում հնչեցնել Մայդանի տագնապ:

Այս անգամ Մոսկվան պարբերաբար հայտարարում էր, որ Երեւանում տեղի ունեցողը Հայաստանի ներքին գործն է: Իհարկե այդ իրավիճակը ինչ որ առումով լինելով աննախադեպ, նաեւ բնականոն ու օրինաչափ էր, հաշվի առնելով մի շարք աշխարհքաղաքական աննախադեպ իրողություններ հենց Ռուսաստանի համար, որոնք բավական բարդացնում են Ռուսաստանի կարողություններն ու ստիպում են վերանայել մի շարք ավանդական մոտեցումներ:

Միաժամանակ իհարկե կարեւոր դեր խաղաց եւ այն, որ Հայաստանում շարժումը հենց սկզբից դրեց արտաքին քաղաքական կողմնորոշում բացառող օրակարգ, պարբերաբար հայտնելով դրան հավատարմությունը:

Այդ ամենով հանդերձ, այդուամենայնիվ կան իրողություններից բխող մի շարք հանգամանքներ, որոնք անխուսափելի էին դարձնում նախորդ համակարգի պայմաններում հաստատված հարաբերության «տատանումը»: Այժմ Երեւանը, ու նաեւ Մոսկվան, դինամիկան վերականգնելու խնդրի առաջ են: Երեւանի վրա այդ հարցում ճնշումը բավական մեծ է, նկատի ունենալով այն, որ Հայաստանի նոր իշխանությանը հայ-ռուսական հարաբերության հարցում տորպեդահարելու գործին են լծված թե հայաստանյան մի շարք շրջանակներ, թե շրջանակներ հենց Ռուսաստանից, եւ թե առավել եւս Մոսկվայում ադրբեջանական գերակտիվ լոբբին:

Դրված է խնդիր՝ Կրեմլի մոտ սերմանել Հայաստանի նոր իշխանության հանդեպ անվստահություն, ընդ որում՝ հնարավորինս ագրեսիվ անվստահություն: Այն, որ այդ ջանքը շարունակվում է նույն ինտենսիվությամբ, հուշում է, որ հաջողությունը մեծ չէ: Մյուս կողմից, շարունակվող ջանքը Երեւանից պահանջում է նաեւ առավել դինամիկ հակազդեցություն, հրդեհ թույլ չտալու համար:

Խոշոր հաշվով, ներկայիս իրավիճակում, նոր փուլում հայ-ռուսական հարաբերության խնդիրն առանցքայինն է, եւ այստեղ կայունության վերականգնումից է կախված այլ ուղղություններով Հայաստանի քաղաքականության վերափոխման եւ արդիականացման հեռանկարը, որովհետեւ Ռուսաստանի ուղղությամբ անկայուն իրավիճակը բերելու է խնդիրների նաեւ մնացյալ բոլոր ուղղություններում, այդ թվում ներքին:

ՆԱՏՕ զորավարժությանը Երեւանի մասնակցության որոշումը ուզած թե չուզած ածանցվում է այդ հանգամանքին: Ըստ այդմ սխալ է միարժեք պահանջել այո, կամ ոչ: Բայց թե այոն, թե ոչը պետք է լինի հստակ, պետական քաղաքականության հատկանիշով: Այն, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունը պետք է լինի Հայաստանի արտաքին եւ անվտանգային քաղաքականության առանցքային ուղղություն, աներկբա է: Միաժամանակ, այդ ուղղությունը չպետք է պայմանավորվի առանձին վարժանքների մասնակցությամբ, այլ պարզապես պետք է բացառել այդ կապակցությամբ անորոշություններն ու թյուրըմբռնումները:

Երեւանի համար իհարկե պետք է խնդիր լինի աշխատանքը Մոսկվայի հետ, մտահոգությունները չեզոքացնելու եւ ըստ այդմ Վրաստանում վարժանքին մասնակցության որոշման համար նպաստավոր նախադրյալներ ձեւավորելու ու որոշումը կայացնելու հարցում: Չի բացառվում, որ այդ առումով որոշիչ կարող է լինել Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան, որ ծրագրվում է հուլիսի վերջին:

Դրան զուգահեռ, ուշագրավ է, որ անցյալ շաբաթ Փաշինյանը մի քանի հայտարարություններով Ռուսաստանին դրեց թե Հայաստանի, թե ռեգիոնալ անվտանգության հարցում հստակ պատասխանատվության տակ: Պետք չէ բացառել, որ այդ հանգամանքը կարող է լինել նաեւ անուղղակի պայմանը, որի դեպքում Երեւանը կքննարկի ՆԱՏՕ վարժանքին մասնակցությունից հրաժարվելու հարցը, հաշվի առնելով, որ Ռուսաստանը բավական ցավոտ ու զգայուն է արձագանքում իր կենսական շահերի սահմանին ՆԱՏՕ աշխուժությանը:

Միեւնույն ժամանակ, Հայաստան-ՆԱՏՕ-Ռուսաստան եռանկյունում իրողությունները թերեւս շատ ավելի չբարձրաձայնված ու խորն են, քան առանձին զորավարժություններին մասնակցության հարցը:

Այստեղ էականը պարզապես սեփական որեւէ որոշման հարցում քաղաքական պատասխանատվությունն ու լրջությունն է, լինի այո, թե ոչ:

Որովհետեւ լայն իմաստով, Հայաստան-ՆԱՏՕ գործակցությունն իրականում ամենից ուժեղն է այսպես ասած «չգրված» դաշտում, այսինքն սա այն հազվադեպ իրավիճակներից է, երբ ամեն ինչ կարգին է ոչ թե թղթերով, այլ իրական քաղաքականության ռեժիմում, երբ ՆԱՏՕ-ի համար բավական հստակ է, որ Կովկասում միջազգային անվտանգության ապահովումը իրականացնում է հայկական զինուժը, որի թիկունքը Վրաստանում ապահովում է ՆԱՏՕ-ն իր ընդլայնվող ներկայությամբ, գործնականում դրանով իսկ ստեղծելով վիճակ, երբ Ռուսաստանն էլ կանգնում է իր ռազմավարության վերանայման անհրաժեշտության առաջ՝ առաջին հերթին Հայաստանի անվտանգության մասով, թեկուզ եւ առերեւույթ ՆԱՏՕ-ի հետ դիմակայության տոնայնությամբ:

Վերջին հաշվով, խորքային առումով դա ենթադրում է դիմակայություն թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, որովհետեւ ՆԱՏՕ-ն Վրաստանում Ռուսաստանի համար բազմակի է բարձրացնում արցախյան գոտում հայկական զինուժի գինը, էապես նպաստելով թուրք-ադրբեջանական տանդեմի հետ այդ հարցում Ռուսաստանի փոխզիջման հնարավորության նվազեցմանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache