Լրահոս

Գծվում է Արցախի ու Հայաստանի սահմանը

 

arm14709979109

lragir.am — «Իրականում, ես կարծում եմ, որ թե Հայաստանը, թե Ադրբեջանը ցանկանում են այս խնդրից ելքը գտնել, որպեսզի ապրեն խաղաղության, համաձայնության մեջ, որպեսզի գործակցեն եւ զարգացնեն տնտեսությունը: Հայաստանն այդ հարցում ամենավերջին շահագրգռվածը չէ՝ հանել բոլոր տնտեսական, ենթակառուցվածքային սահմանափակումները, որպեսզի տնտեսությունը զարգանա եւ մարդիկ վերջին հաշվով ապրեն լավ, որպեսզի ամրանա հայկական պետականությունը», օգոստոսի 10-ին հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:
Անհերքելի է, որ եթե Կովկասը չունենար Արցախի հակամարտություն, ապա ներկայում կլիներ բոլորովին այլ վիճակում: Այլ կլիներ նաեւ Կովկասում Ռուսաստանի վիճակը: Լավ չէր լինի, քանի որ հակամարտության բացակայությունը նշանակում է բացառապես խաղաղ տեխնոլոգիաների մրցակցություն, իսկ դրանք Ռուսաստանի մեղմ ասած «աքիլեսյան գարշապարն» են՝ խաղաղությունը Ռուսաստանի թույլ տեղն է:

Այդ իմաստով, հազիվ թե հնարավոր լինի վստահել կարգավորման եւ խաղաղության մասին Պուտինի անկեղծությանը: Միեւնույն ժամանակ, իհարկե դժվար է ասել, թե Ռուսաստանն է միայն խանգարում կարգավորմանը: Նախ, հարկ է հասկանալ, թե ինչ ասել է կարգավորում: Օրինակ, եթե գործում է կարգավիճակ տարածքի դիմաց բանաձեւը, դա կարգավորու՞մ է, թե ոչ: Ընդհանրապես, կարգավորում հասկացությունը համաշխարհային քաղաքականության համատեքստում արդյոք հարաբերական չէ բոլոր դեպքերում, հատկապես այնպիսի բարդ տարածաշրջաններում, ինչպիսին Կովկասն է:
Ժամանակակից աշխարհում որեւէ խնդրի կարգավորում հասկացությունն ավելի ու ավելի վերածվելու է քաղաքակրթական, ոչ թե քաղաքական համատեքստ պարունակող հասկացության: Ավելի ճիշտ, քաղաքակրթական համատեքստն է դառնալու առաջնայինը, գերական: Թեեւ, գուցե այդպես եղել է միշտ, պարզապես կոնկրետ Արցախի հարցում դա ունի շեշտադրման կարիք, առանց որի հազիվ թե հնարավոր լինի հաղթահարել «կարգավորման» համընդհանուր եւ համակողմանի փակուղին:
Արցախի հարցում քաղաքակրթական կարգավորում կամ կարգավորման քաղաքակրթական ելակետ ասվածը ենթադրում է, թե քաղաքակրթական ինչ տիրույթում են գտնվելու հակամարտության կողմերը եւ գոտին ընդհանրապես: ԽՍՀՄ փլուզումից հետո Կովկասը խորհրդա-ռուսական գոտուց պետք է անցում կատարեր եվրատլանտյան քաղաքակրթական գոտի՝ միջազգային զարգացման եւ անվտանգության անվիճելի առաջատար գոտի, որտեղ արժեհամակարգային, քաղաքակրթական թեկուզ ոչ բացարձակ, բայց ելակետային հիմքը մարդու ստեղծարար ազատությունն է:

Կովկասի այդ անցման անխոս առաջատարը Հայաստանն էր, ինչն էլ իր արտացոլումն ունեցավ Արցախի խնդրում ռազմա-քաղաքական ելքի վրա: Բայց, Հայաստանը դրանից հետո անկարող եղավ պահպանել իր այդ կարգավիճակը եւ շարունակել Կովկասի քաղաքակրթական անցման առաքելությունը: Տարեցտարի տեղի ունեցավ հակառակ գործընթաց, եւ ներկայում պատկերը լիովին հակառակն է՝ Հայաստանը կամա, թե ակամա դարձել է հանգուցային գործոն Կովկասի արդեն եվրասիա-ռուսական շրջադարձի գործում:
Պատահական չէ, որ այդ գործընթացին զուգահեռ էլ խորացավ արցախյան կարգավորման փակուղին, հայտնվելով պայթյունավտանգ, թե Կովկասի, թե Հայաստանի համար ապակայունության լուրջ մարտահրավերների փուլում:

Առանցքային պատճառներից մեկն այն էր, որ հայկական պետականության ամրացման մասին պատկերացումներում հայկական ռազմա-քաղաքական «էլիտան» արդեն մոտ երկու տասնամյակ առաջնորդվել է այն մտայնությամբ, որ հայկական պետականության ամրացումը կախված է Արցախի խնդրի կարգավորումից: Այն, ինչ օգոստոսի 10-ին փաստացի ասել է նաեւ Պուտինը:
Երկու տասնամյակ շարունակ հայկական «էլիտան» Արցախի խնդրում քաղաքակրթական հաղթանակը ընկալել է, եւ հանրության գիտակցության մեջ էլ ներարկել է ոչ թե որպես պետականության ռեսուրս, այլ բեռ: Հայկական «էլիտան» հաղթանակը՝ հանրային, ազգային, պետական, վերածել է ոչ թե պետականաշեն ռեսուրսի, այլ բեռի:
Զանազան քաղաքական, կուսակցական, խմբային, անձնական շահերից ելնելով, հանրությանը համոզել են, որ Հայաստանը պետական հեռանկար եւ ամուր ապագա ունի միայն Արցախի խնդրի բեռից ազատվելու դեպքում: Ոչ թե հայկական պետականության ապագան, ամրությունն ու արդիականությունն է դիտվել Արցախի խնդրում ելակետային գործոն, այլ հակառակը: Որովհետեւ միայն այդ հակառակի դեպքում էր հնարավոր երկու տասնամյակի ընթացքում փուլ առ փուլ կազմավորել նախ ռազմա-ֆեոդալական, իսկ հետո արդեն դրանից քրեա-օլիգարխականի տրանսֆորմացված համակարգը, որը բավական խորը ճյուղավորվել է սոցիալական ամենաբազմազան շերտեր, որտեղ արդեն լղոզվել է այդ համակարգի եւ հանրության քաղաքացիա-պետական սահմանը:

Այդպիսով, Արցախի հակամարտության առաջին ռազմա-քաղաքական փուլը հաջողությամբ սպասարկելով քաղաքակրթական ելակետի շնորհիվ, հայկական էլիտան հաջորդ փուլում արդեն հրաժարվել է քաղաքակրթական գործիքակազմից եւ հենվել լոկ քաղաքական ցուցանակների վրա: Կարեւոր պատճառներից մեկն էլ այն էր, որ ռազմա-քաղաքական առաջին փուլի ավարտից հետո որոշակիորեն տեղի է ունեցել նաեւ էլիտայի կազմի փոփոխություն, շատերը զոհվել են, սպանվել, իսկ շատերն էլ հեռացվել որոշումների կայացման մեխանիզմներից, եւ զգալիորեն իրական էլիտայի բաղադրիչները տեղը լիովին զիջել են չակերտավոր էլիտային, որը ամբողջությամբ վերցրել է հետպատերազմական իշխանությունն ու նաեւ հասարակական ազդեցության լծակների գերակշիռ մեծամասնությունը:
Արցախի խնդրում հայկական շահի եւ անվտանգության խնդիրների արդյունավետ եւ երկարաժամկետ, թե մարտավարական, թե ռազմավարական սպասարկումը հնարավոր է միայն քաղաքական ցուցանակների փոխարեն քաղաքակրթական գործիքակազմը վերականգնելու, Հայաստանի կովկասյան քաղաքակրթական արդիականացման լոկոմոտիվի առաքելությունը վերականգնելու հաստատակամության դեպքում:
Հայկական պետականության ամրապնդման գրավականն Արցախի խնդրի կարգավորումը չէ: Դա նաեւ Կովկասի խաղաղության գրավականը չէ: Հայկական պետականության ամրապնդումն է թե Արցախի, թե Կովկասի խաղաղության գրավականը: Արցախը քաղաքակրթական խնդիր է եւ հայկական շահի տեսանկյունից այն միջազգային լեգիտիմության հեռանկար ունի լոկ այդ համատեքստում: Արցախի եւ Հայաստանի անվտանգության սահմանը կանխորոշվելու է Արցախի եւ Հայաստանի քաղաքակրթական արդիականության սահմանով:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing