Լրահոս

Գյուղապետը որպես ծննդյան նվեր գյուղի գլխավոր փողոցն ու դպրոցը անվանակոչել է իր անունով.

 

norgeghi

NewsBook-ի զրուցակիցն է  Նոր Գեղի գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը:

– Պարոն Թևոսյան, ինչո՞ւ որոշեցիք Նոր Գեղի գյուղի գլխավոր փողոցը և երաժշտական դպրոցն անվանակոչել Ձեր անունով:

– 70-ամյակիս կապակցությամբ փողոցը, իսկ 65-ամյակիս երաժշտական դպրոցը անվանակոչել ենք իմ անունով:

– Օրինակ՝ Ձեր 80-ամյակի կապակցությամբ ի՞նչն եք Ձեր անունով կոչելու:

– Դե, եթե կենդանի մնացի, գյուղը կանվանեմ իմ անունով:

– Ո՞ւմ առաջարկությունն է եղել փողոցն ու դպրոցը Ձեր անունով անվանակոչելը:

– Գյուղացիներից ինչ-որ մեկի առաջարկով ավագանին քննարկել և անվանակոչել է:

– Որոշումը միաձա՞յն ընդունվեց:

– Որոշումն ընդունվել է միաձայն: 11 հատ ավագանի կա, միաձայն ընդունվել է: 30 տարի աշխատել եմ, դա քիչ չի չէ՞: Չգիտեմ՝ գիտեք, թե՝ չէ, ես օլիգարխ չեմ, այս պահին մի 600 հազար դոլարի վարկեր ունեմ:

– Գյուղում կյանքն այդքան վա՞տ է, որ վարկերով եք ստիպված ապրել:

– Դե, չէ, մենք այգիներ ենք հիմնել: Ճիշտն ասած՝ դա տղայիս անունով: Մենք դրսից տնկիներ ենք ներկրում: 500 հեկտար այգիներ կան:

– Փաստորեն, նաև ընտանեկան բիզնես ունեք:

– Այո, ընտանեկան բիզնես ունենք:

– Պարոն Թևոսյան, վարչապետը խաղի նոր կանոն է սահմանում գյւղապետների համար: Դուք տեղյա՞կ եք:

– Տեղյակ ենք: Մի հատ քայլ է գնում ամբողջ հանրապետությունով, որը որ խուճապ է ստեղծել: Ինձ համար էլ որպես քաղաքացի դա լավ չէ:

– Ինչի՞ մասին է խոսքը:

– Խոշորացում է գնում ամբողջ հանրապետությունում: Նախատեսվում է մայիսին Թեղենիքը, Արգելը և մեր գյուղը միավորել Նոր Հաճնի հետ:

– Ինչո՞ւ չեք բողոքում, հնարավոր է՝ վարչապետը լսի Ձեզ:

– Ճիշտն ասած՝ ժողովուրդն ասում է՝ բողոքենք, ասում եմ՝ այ մարդ, գործ չունեք, բողոքեք՝ կասեն՝ Թևոսյանն է կազմակերպել:

– Դուք ևս դեմ եք խոշորացմանը, ինչո՞ւ չեք բողոքում:

– Դե, ճիշտն ասած, ես սպասում եմ կողքի գյուղերը բողոքեն: Մենք ավելի մոտ ենք Նոր Հաճնին, քան մյուս գյուղերը: Մեզ համար ավելի հեշտ կլինի:

– Ամեն դեպքում Դուք կզրկվեք Ձեր պաշտոնից:

– Դե, ոչինչ, ես էս անգամ չէի էլ ուզում առաջադրվել, ինչ-ինչ պատճառներով առաջադրվեցի: Համ էլ տարիքս արդեն էն չի, 72 տարեկան եմ: Կանցնեմ թոշակի կամ բիզնեսով կզբաղվեմ: Այգեգործությամբ կզբաղվեմ, այգիներ կջրեմ, այգիներ կվարեմ:

Հարցազրույցը` Նաիրա Հարությունյանի

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...