Լրահոս

Գյուղապետի որդիները` աղմկահարույց պատմությունների կիզակետում. Ազատամուտում կրքերը թեժ են

 

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղի բնակիչ Ռոբերտ Մարտիրոսյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016թ. հունիսի 1-ին՝ ժամը 08.00-ի սահմաններում, Ազատամուտում վիճաբանել է համագյուղացի Շահնազար Կոլյայի Ալավերդյանի հետ, որի ընթացքում բռնել է Շ. Ալավերդյանի մայկայից եւ քաշելով պատռել այն, իջեցրել ավտոմեքենայից եւ ծեծել նրան: Այս արարքի համար Ռ. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով («Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը»):

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դատարանում մեղադրանքը պաշտպանում է Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը: Տեղեկացնենք, որ Ռ. Մարտիրոսյանը 2008 թվականից Ազատամուտ համայնքը ղեկավարող, ՀՀԿ անդամ Ժորա Մարտիրոսյանի որդին է: Նրա մյուս որդին՝ 1981թ. ծնված Կարեն Մարտիրոսյանը, 2014թ. հունիսի 11-ին, նախնական համաձայնության գալով քննությամբ չպարզված անձանց հետ, Իջեւան քաղաքում առանց համարանիշի «Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով, բացահայտ բռնություն գործադրելով, ամուսնության նպատակով փորձել է առեւանգել Իջեւանի բնակչուհուն: Սակայն Իջեւանի բնակիչներ Էդվարդ Գալստյանի եւ Սերգեյ Խալաթյանի միջամտության արդյունքում Կ. Մարտիրոսյանը եւ մյուսները, իրենց կամքից անկախ հանգամանքների պատճառով, հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Դատաքննության ընթացքում Կ. Մարտիրոսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք չի տվել, սակայն նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ հավանել է բանկերից մեկի աշխատակցուհուն, ցանկացել է նրա հետ ամուսնանալ, տարբեր անձանց միջոցով նրան ծաղիկներ եւ նվերներ է ուղարկել, սակայն աղջկա ուշադրությանը չի արժանացել: Աղջիկը ցուցմունք է տվել, որ Կ. Մարտիրոսյանն իր տան անդամների հետ իրենց տուն խնամախոսության է եկել, սակայն ինքը մերժել է նրան:

Դատարանն արձանագրել է, որ 2013թ. օգոստոսի 13-ի դատավճռով Կ. Մարտիրոսյանը դիտավորյալ հանցագործության համար պայմանականորեն դատապարտվել է 4 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման: 2017թ. փետրվարի 27-ին Իջեւանում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Կ. Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման, պատժի ժամկետին հաշվակցել նախնական կալանքի տակ գտնվելու ժամանակը՝ 3 ամիս, 21 օրը, եւ պատիժ նշանակել մեկ տարի, ութ ամիս, 9 օր ժամկետով ազատազրկումը:

Դատավորը վճռել է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 67 հոդվածը եւ նշանակված ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը՝ 4 տարի, 20 օրը, եւ նրան վերջնականապես դատապարտել 4 տարի, 3 ամիս ժամկետով ազատազրկման:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armlur.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing