Լրահոս

Գյումրեցին սպանել է թուրք խորթ հորը, ում եղբայրը Թուրքիայում մահմեդական չդառնալու համար սպանել էր իր մորը

 

a-222

1in.am — Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Մաքսիմ Բաքոյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

25-ամյա Մաքսիմ Բաքոյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Սպանվածը Մաքսիմի խորթ հայրն էր՝ Էվլիյա Գյումուշթեքինը:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի մարտի 15-ին Մաքսիմ Բաքոյանը խորթ հոր՝ Էվլիյայի, այդ հորից ծնված իր քրոջ ու եղբոր, ինչպես նաև մորաքրոջ ու նրա որդու հետ գնացել է մոր՝ Բասեի գերեզմանին այցի:

Համոզված լինելով, որ մորը 2013 թվականի հունիսին Թուրքիայում սպանել էր խորթ հոր՝ Էվլիյայի եղբայրը՝ Յուսուֆը, խորթ հոր նկատմամբ հակակրանք տածելով՝Մաքսիմը երեկոյան վիճաբանել է նրա հետ ու սպանել է նրան. ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Մաքսիմը խորթ հորը կանչել է իրենց՝ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում գտնվող շենքի բակ: Այնտեղ Մաքսիմը վիճել է խորթ հոր հետ: Վիճաբանության ժամանակ նա իր մոտ եղած դանակով սպանելու դիտավորությամբ հարվածել է Էվլիյա Գյումուշթեքինի որովայնի ձախ կեսին, վնասել է նրա փայծաղը:

Վիրավոր վիճակում Էվլիյան փախել է, վազել է թաղամասի քոթեջների ուղղությամբ: Մաքսիմը հետապնդել է նրան, հասել ու դանակով հարվածներ է հասցրել Էվլիյայի աջ աճուկային շրջանին, վնասել է զարկերակն ու երակը, ապա դանակով հարվածել է նրա աջ բազկին, դեմքին, ձեռքերով ու ոտքերով խփել է որովայնին, կրծքավանդակին, գլխին:

Վնասվածքներ ստացած Էվլիյային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ուշքի չգալով՝ մահացել է:

Դատական քննության ժամանակ ամբաստանյալ Մաքսիմ Բաքոյանն իրեն մարդասպան չհամարելով՝ ընդունել է, որ ինքն է սպանել խորթ հորը:

Նա հայտնել է, թե տուժող Էվլիյա Գյումուշթեքինին ճանաչել է 2001 թվականից, երբ մայրն ամուսնացել է նրա հետ: Ամուսնական համատեղ կյանքում մայրն ու խորթ հայրը երկու երեխա են ունեցել՝ իր քրոջն ու եղբորը:

2013 թվականի հունիսին մայրը, նրա ամուսին Էվլիյան ու նրանց երկու երեխաները մեկնել են Թուրքիա՝ ցանկանալով կնքել երեխաներին: Այնտեղ իր մորը ստիպել են, որ մուսուլմանություն ընդունի, ցանկացել են երեխաներին կնքել մուսուլմանական օրենքներով: Մայրը չի համաձայնել: Էվլիյայի եղբայր Յուսուֆը սպանել է մորը՝ իր 5 տարեկան եղբոր ներկայությամբ:

Այդ ժամանակ ինքը՝ Մաքսիմը, գտնվել է Գերմանիայում: Իմանալով մոր սպանության մասին՝ վերադարձել է Հայաստան, որ մոր գերեզմանը բարեկարգի ու վերադառնա Գերմանիա:

Մոր սպանության մասին ինքը խորթ հոր հետ չի խոսել: Դեպքի օրը՝ 2014 թվականի մարտի 15-ին, ինքն ընտանիքի անդամների հետ գնացել է մոր գերեզմանին այցի: Այնտեղ կես բաժակ ոգելից է խմել: Ճանապարհին Էվլիյան ասել է, թե պատրաստվում է երեխաների հետ մեկնել Թուրքիա:

Այդ օրը՝ երեկոյան, ինքը մեքենայի վրա գործ է արել: Ձեռքին դանակ էլ է եղել: Գործը վերջացնելուց հետո ցանկացել է տուն բարձրանալ: Հանդիպել է թաղամասի բնակիչ Գառնիկին: Հարցրել է, թե ի՞նչ խնդիր կա նրա ու խորթ հոր՝ Էվլիյայի միջև: Էվլիյան Գառնիկի դեմ բողոքել էր ոստիկանությունում նախորդ օրվա ինչ-որ միջադեպի պատճառով:

Գառնիկը պատրաստակամություն է հայտնել տեղում Էվլիյայից ներողություն խնդրելու, հարցը փակելու: Ինքը կանչել է Էվլիյային: Գառնիկը ներողություն է խնդրել ու գնացել է:

Ինքն էլ Էվլիյային ասել է, որ նա ոստիկանությունում գրած բողոքը հետ վերցնի:

Էվլիյան մեղադրել է իրեն, ասել է, թե ամեն բան ինքն էր կազմակերպել: Ինքը բացատրել է, թե կապ չունի:

Էվլիյան գոռգոռացել է, ասել է. «Գնամ Թուրքիա, գամ, նոր կտեսնես»:

Ինքը հարցրել է, թե նա ինչո՞ւ է ուզում գնալ Թուրքիա: Նա էլ պատասխանել է, թե մոր արյան փողն է ուզում ստանալ, քանի որ Թուրքիայում, եթե անչափահաս երեխա ունես, հարազատին սպանելու համար վրեժի կամ չբողոքելու դիմաց արյան փող են տալիս:

Ըստ Մաքսիմի՝ այդ խոսքերից հետո ինքը չի հասկացել, թե ինչպես է իր մոտ եղած դանակը հանել ու հարվածել Էվլիյային: Դա պատահական է ստացվել: Իրականում ինքը չի ցանկացել սպանել խորթ հորը, վերջինս իր քրոջ ու եղբոր համար լավ հայր է եղել: Եթե նրան սպանելու ցանկություն ունենար, նրա հետ 4-5 ամիս չէր ապրի, Գերմանիայից գալուն պես կսպաներ: Ինքը մոր սպանության համար ցանկացել է վրեժ լուծել Էվլիյայի եղբորից՝ հենց մորը սպանողից:

Դեպքից հետո ինքը գտնվել է շատ վատ վիճակում, չի կարողացել խոսել, նորմալ շնչել…

Ըստ ամբաստանյալի մորաքրոջ նախաքննական ցուցմունքի՝ ինքը լսել է Մաքսիմի ու Էվլիյայի վեճը: Մաքսիմը խորթ հորն ասել է. «Դու Թուրքիա չես գնա»: Էվլիյան էլ ասել է, թե պետք է գնա ու արյան փողը բերի: Մաքսիմն ասել է. «Իմ մաման չի ծախվում»: Էվլիյան էլ պատասխանել է. «Քո մաման էր, իմ՝ կնիկը, ինչ ուզենամ՝ կանեմ»…

Նրանք քաշքշել են իրար, ընկել են գետնին, Մաքսիմի ձեռքին փայլել է դանակը… Հետո Էվլիյային տեղափոխել են հիվանդանոց, իսկ Մաքսիմն ասել է. «Մորքուր, էս ի՞նչ արեցի, երեխաներին ի՞նչ եմ ասելու»:

Դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ դեպքի պահին Մաքսիմ Բաքոյանը գտնվել է հոգեկան խիստ լարված վիճակում, որն էապես ազդել է նրա վարքի ու գիտակցության վրա՝ նվազեցնելով վարքի կառավարման ունակությունը և պայմանավորելով նրա գործողությունները: Մաքսիմ Բաքոյանը ճանաչվել է մեղսունակ:

Դատարանը եզրակացրել է, որ Մաքսիմ Բաքոյանը կատարել է դիտավորյալ սպանություն: Սակայն մոր սպանությամբ պայմանավորված՝ Մաքսիմի հոգեկան խիստ լարված վիճակը դատարանը դիտարկել է որպես բացառիկ հանգամանք, որն էականորեն նվազեցրել է արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

Մաքսիմ Բաքոյանին մեղավոր ճանաչելով դիտավորյալ սպանության համար՝ դատարանը վճռել է նրա նկատմամբ նշված հոդվածով սահմանված պատժից ավելի մեղմ պատիժ նշանակել՝ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածը:

Մաքսիմ Բաքոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ նա դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի մարտի 15-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրողը՝ պահանջելով ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառումը՝ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը գնահատել անթույլատրելի, Մաքսիմ Բաքոյանին դատապարտել դիտավորյալ սպանության համար օրենքով նախատեսված համաչափ պատժի:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...