good-banner
Լրահոս

Գյումրեցիները Ծառուկյանի փողերն են պահանջում. «Զանգին ասին՝ պտի մասնակցեք, որ 20 հազար դրամ տանք, բայց խաբին»

 

fdzdc

«Գյումրիի 221, 223, 228, 233 տնակային թաղամասերի բնակիչները իրենց խաբված են համարում: Տնակային ավաններում ապրողների փոխանցմամբ, դեկտեմբերի 11-ին Գագիկ Ծառուկյանի` Գյումրի այցից մի քանի օր առաջ, իրենց զանգել, եւ ասել են, որ այդ օրը լինեն  քաղաքի կենտրոնական հրապարակում, որպեսզի ներկա գտնվեն երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ նախատեսված պսակադրման արարողությանը:

Բնակիչները Armtimes.com-ի հետ զրույցում ասում են, որ հանդիպմանը ներկա գտնվելու համար ԲՀԿ-ի Գյումրու գրասենյակից իրենց գումար են խոստացել:

«Զանգին ինձ, ասեցին՝ Ձեզ համար անակնկալ ունենք, տիկին Սուսաննա: Ծառուկյանը գալու է Գյումրի, Դուք անպայման պտի մասնակցեք, որ 20 հազար դրամ տանք: Ես էլ հաճույքով գնացի, որ իմացա գումար են տալու: Դե, մի քիչ մազերս կարգավորեցի, ասի՝ մեր Գագո Ծառուկյանին կոկիկ դիմավորեմ: Ծառուկյանը գնաց, մեզի մոռացան: Գնացի իրանց օֆիս՝ կոպիտ դուրս էրեցին: Էն համարով էլ կզանգեմ, չեն պատասխանե: Իրանց մարդ էր պետք, մեզի խաբին, տարան: Ինչ անակնկալ եղավ ընձի: Գրիպ, սոված, անոթի, ծարավ էլա գնացի: Հազար հինգ հարյուր հոգու խաբին տարան»,- ասում է 228 տնակային ավանի բնակչուհի տիկին Սուսաննան:

Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից առաջ, անակնկալ խոստումների մասին շատերն են լսել: Անակնկալ եղել է, բայց ոչ սոցիալապես անապահով գյումրեցիների սպասածը:

«Թոռիս ընկերոջ քեռին «Բարգավաճը» կաշխատի: Եկավ, մեզի գրանցեց, որ Գագիկ Ծառուկյանի փողերից մեզ էլ տան, բայց իմացանք, որ փողերը պրծել է»,- պատմեց 221/060 տնակի բնակչուհի Վարդուհի Աթոյանը:

Գյումրեցիների մի մասը հույսը կտրել, որոշներն էլ իրենց գումարի հետեւից հասել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գյումրու տարածքային գրասենյակ:

Armtimes.com-ի նկարահանումների ժամանակ մարդկանց հոսքը կուսակցության գրասենյակ չէր դադարում: Վերջիններս նշում են, որ ամեն օր են գալու:

«Խոսք են տվե, ըսել են` արեք, գրանցվեք, փող կուդանք, հմի էլ չեն տա: Էկել ենք, որ իմանանք` ի՞նչ էղավ մեր փողերը»,- նշում են կուսակցության գրասենյակում հավաքված անձիք:

Գյումրու տնակային ավաններում բնակվող սոցիալապես անապահով բնակիչներին հասանելիք 30 միլիոն գումարը պահ էր տրվել նախկին ԲՀԿ-ական, կուսակցության գաղափարակից Վարդեւան Գրիգորյանին:

Վարդեւան Գրիգորյանը Armtimes.com-ի հետ զրույցում պարզաբանում է, որ 30 միլիոնը մի քանի օր առաջ է վերջացել: «Պարոն Ծառուկյանի հետ հանդիպումը չի նշանակում, որ պետք է գումար ստանան: Ժողովուրդն ինքնակամ ցանկություն ուներ պարոն Ծառուկյանի հետ հանդիպելու: Նրա տրամադրած 30 միլիոն դրամը բավարարեց միայն 1500 տնակում բնակվող ընտանիքի, բայց մենք քաղաքում ունենք 3500 տնակում բնակվող ընտանիք»,- ասում է Վարդեւան Գրիգորյանը:

«Հայկական ժամանակ»

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing