Գյումրիում ձերբակալվել է թիվ 40 դպրոցի տնօրենը

171

hraparak.am — Երեկ ձերբակալվել է Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն Արսեն Ալեքսանյանը; Դպրոցի տնօրենի նկատմամբ մայիսի 5-ին քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ի մասի և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ նրա կողմից ենթադրյալ պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաև նրա ու մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով, խարդախության եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ։ Այս մասին hraparak.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքի մի բնակչուհի 2018 թվականի ապրիլի 20-ին դիմում է հասցեագրել Շիրակի մարզի դատախազին, որում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկություններ է ներկայացրել «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կատարվող չարաշահումների և յուրացումների վերաբերյալ: Քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով ներկայացված հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու թիվ 40 հիմնական դպրոցի տնօրենը շահադիտական դրդումներով, խախտելով ՀՀ կառավարության 25.08.2005 թվականի «ՀՀ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» որոշման պահանջները, 2014-2018 թվականների ուսումնական տարիների համար դպրոցի կարիքների համար մրցույթում հաղթող ճանաչված տնտեսվարողների` 2 անհատ ձեռնարկատերերի հետ տարբեր ժամանակահատվածներում կնքել է ընդհանուր շուրջ 15.481.173 ՀՀ դրամ գումարի սննդամթերքի մատակարարման պայմանագրեր:

Դրանցով վերջիններս պարտավորվել են պայմանագրերին կից տեխնիկական բնութագրերին համաձայն` սննդի ծանրոցներ մատակարարել դպրոց: Սակայն դպրոցի տնօրենը և հիշյալ տնտեսվարող սուբյեկտները գալով նախնական համաձայնության՝ երկուստեք կազմել և հաստատել են բովանդակությամբ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություններ, պայմանագրերի արդյունքը գնորդին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ ակտեր: Դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել ինչպես ստացված ծանրոցների քանակի, այնպես էլ այդ ծանրոցներում սննդամթերքի տեսակի, չափի և սննդի օգտագործման հետ կապված պարագաների վերաբերյալ:

Արդյունքում՝ նշված ժամանակահատվածում 697-780 ՀՀ դրամ արժողությամբ սննդի ծանրոցների փոխարեն փաստացի դպրոց մատակարարվել և երեխաներին բաշխվել է 150-200 ՀՀ դրամ արժողությամբ սննդի ծանրոցներ: Իսկ պայմանագրով նախատեսված գումարի մնացած մասը, օգտագործելով իրենց անձնական կարիքների համար, խաբեության եղանակով հափշտակել են: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ պարունակում են առանձնապես խոշոր չափերով հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache