Լրահոս

Հաղթանակ տարավ Պուտինը` թեև նրա անունը կատալոնական հանրաքվեի քվեաթերթիկներում նշված չէր

 

Արդեն այնքան էլ էական չէ, թե այսօր Կատալոնիայում քանի տեղամաս գործեց և քանիսում իսպանական ոստիկանությանը հաջողվեց վիժեցնել հանրաքվեի գործընթացը, որովհետև քաղաքական գործընթացն իր տեղը զիջեց Մադրիդից ժամանած ուժայինների և Կատալոնիայի անկախության կողմնակիցների բախումներին: Մեծ հաշվով` պարտություն կրեցին թե՛ Կատալոնիայի անկախության գաղափարը,թե՛ Իսպանիայի ժողովրդավարությունը:

1975թ-ից հետո, երբ ավարտվեց գեներալ Ֆրանկոյի դիկտատուրան, Իսպանիան չէր տեսել նման աննախադեպ սահմանադրական ճգնաժամ, երբ լեգալ միջոցներով հնարավոր չեղավ հաղթահարել սահմանադրական քաղաքական ճգնաժամը: Ընդ որում` հոկտեմբերի 1-ը դարձավ ոչ թե գործընթացը որոշակիացնող, այլ սահմանազատող ամսաթիվ: Անցյալ դարձավ այն Իսպանիան, որին մենք ճանաչում էինք մինչև այս առավոտ և վաղվանից գործ ենք ունենալու Իսպանիայի հետ, որի բովանդակությունը բացահայտված չէ անգամ նրա քաղաքացիների համար:

Կատալոնիայի հանրաքվեն, դասական իմաստով, չի կայացել և անկախության հռչակման ցանկացած փորձ ավելի է մեկուսացնելու Կատալոնիան: Միևնույն ժամանակ` հարաբերական են զրույցները նաև Իսպանիայի տարածքային ամբողջականության պահպանման մասին, որովհետև այսօրվա իրադարձություններից հետո Մադրիդը կորցրել է իր իշխանության լեգիտիմությունը Կատալոնիայում` առնվազն քաղաքական հարթության վրա: Իսպանիան հարկադրված առերեսվելու է նոր մարտահրավերների հետ:

Առաջին հերթին` Կատալոնիայում, անկասկած նաև Բասկերի երկրում մեծանալու են անջատողական տրամադրությունները, որոնց հակազդելու քաղաքական գործիքներ Մադրիդում, ըստ էության, չունեն: Իսպանիայի իշխանությունները կորցնում են իրենց լեգիտիմությունն ու հեղինակությունը նաև երկրի սահմաններից դուրս, որովհետև ակնհայտ է, որ կատալոնական հարցն այլևս դադարել է միայն իսպանական լինելուց, մանավանդ, որ Մադրիդը չունի քաղաքական ռեսուրսներ` ճգնաժամը միայնակ հաղթահարելու համար: Մյուս կողմից` այսօր ապտակ ստացավ նաև Եվրամիությունն, ընդ որում` երկու հարթության վրա: Եվրաինտեգրացիայի, Միասնական Եվրոպայի գաղափարներն այլևս կորցրել են իրենց գրավչությունն, այլապես` գոնե ԵՄ-ում մնալու գաղափարը կատալոնացիներին հետ կպահեր հանրաքվեից, մանավանդ, որ դրա լեգիտիմությունը կասկածի տակ էր դրվում բոլոր պետությունների կողմից:

Սակայն ԵՄ-ն ավելի ուժգին հարված ստացավ իմիջային, ինստիտուցիոնալ առումներով, որովհետև նրա տարածքում քաղաքական ճգնաժամը հանգեցրեց բռնության, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների: Տեսականորեն Բրյուսելը կարող է փրկել իր դեմքը և միջամտել գործընթացին, սակայն սա ինքնաբերաբար բերելու է կատալոնական խնդրի միջազգայնացմանը, այսինքն` Բարսելոնի սուբյեկտության փաստացի ճանաչմանը: Կատալոնիայի իրադարձությունները վեր հանեցին նաև ավելի խորքային ճգնաժամ, որի ճիրաններում հայտնվել է միջազգային իրավունքը:

Պետությունների տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների հակադրությունն ակնհայտ ճգնաժամ է հարուցում անգամ Եվրոպայում, իսկ աշխարհի մյուս թեժ կետերում` միջազգային իրավունքի այս, ըստ էության, կոնտրաստը հանգեցնելու է արյունոտ պատերազմների: Այսօր ծանր և անպատվաբեր օր էր եվրոպական ժողովրդավարության համար: Արևմտյան արժեհամարգն ու քաղաքական մշակույթը հերթական հարվածը ստացան: Այս առումով հաղթանակ տարավ Պուտինը` թեև նրա անունը կատալոնական հանրաքվեի քվեաթերթիկներում նշված չէր: Կրեմլի քաղաքականության առաջնահերթություններից մեկն արևմտյան դեմոկրատիայի վարկաբեկումն է: Պատահական չէ, որ արևմտյան որոշ փորձագետներ կատալոնական գործընթացում ռուսական հետք են տեսնում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing