Հակահեղափոխության թավշյա վտանգը

120

1in.am — Մինչ Հայաստանում մեծ ուշադրությամբ հետևում էին, թե ինչ զարգացումներ են ծավալվում Սոչիում, որտեղ առաջին անգամ հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը, և, թերևս, առաջիկա ժամանակահատվածում միայն կերևան այդ հանդիպման արդյունքները կամ հնարավոր ազդեցությունը հայ-ռուսական հարաբերության, ներքաղաքական հարցերի ու նաև արցախյան խնդրի վրա, Հայաստանում ծավալվեց ուշագրավ եռակողմ բանավեճ երեք նախկինների՝ երկու նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի, ու նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի միջև: Իսկ պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարություններն էին հակամարտության կողմերի՝ Հայաստանի և Արցախի բանակցային մասնակցության մասին:

Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը համարել էր վտանգավոր, թե Հայաստանն էլ կողմ է, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն անսպասելի արձագանքել էր և ասել, որ Նիկոլը ճիշտ է, իսկ Վիգենը՝ անգետ, ու չգիտե, որ Հայաստանը միջազգայնորեն է ճանաչվել կողմ՝ 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի համաժողովում, հակամարտության երեք կողմերից մեկը՝ Հայաստան, Արցախ, Ադրբեջան:

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր նաև, որ Արցախը բանակցային գործընթացից դուրս է մնացել Ռոբերտ Քոչարյանի պատճառով: Տեր-Պետրոսյանին միաժամանակ պատասխանել են թե՛ Վիգեն Սարգսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը: Վիգեն Սարգսյանը հիշեցրել էր Տեր-Պետրոսյանի մոտեցումները արցախյան խնդրում և դրանց պատճառով նրա հրաժարականը, իսկ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե նա ստում է՝ իրեն վերագրելով այն, ինչը տեղի է ունեցել հենց Տեր-Պետրոսյանի օրոք, այսինքն՝ Արցախի բանակցային գործընթացից դուրս մնալը: Մինչև ուր կծավալվի այս բանավեճը և փոխադարձ մեղադրանքները, կմիանա՞ «խրախճանքին» Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ: Հարցեր են, որոնց դժվար է իհարկե ստույգ պատասխանել, սակայն մի բան երևի թե բավականին նշմարելի է՝ Հայաստանում բոլոր ուղղություններով տեղի է ունենում հին համակարգի, այսպես ասած, հոգևարքը և դա պետք է արտահայտվեր նաև արցախյան խնդրում: Գլխավորը իհարկե այն է, որ այդ գործընթացի մասնակիցները գործեն նոր Հայաստանին օգնելու, ոչ թե խանգարելու և նոր Հայաստանի դեմ պայքարելու նկատառումներով, երբ ամեն հնարավոր առիթ փորձում են օգտագործել իրենց մասին հիշեցնելու և, այսպես ասած, գործընթացների մակերևույթին մնալու, լինելու համար:

Երբ խոսք է գնում Հայաստանում հնարավոր հակահեղափոխության մասին, ի վերջո պետք է նկատի ունենալ, որ այն ամենևին արտահայտված կամ իբրև վտանգ թաքնված չի լինելու միայն խոշոր կապիտալի, օլիգարխիայի կամ, ՀՀԿ այսպես ասած՝ «դե յուրե մեծամասնության» ներքո:

Հակահեղափոխությունը կարող է արտահայտվել նաև այդպես, երբ նախկին նախագահները և նախարարները կփորձեն թելադրել թե՛ լրատվական, թե՛ քաղաքական օրակարգ, այդպիսով փորձելով պահպանել իրենց ազդեցությունը նոր Հայաստանի վրա:

Ընդ որում, շատ դժվար է ասել, թե հակահեղափոխության որ վտանգն է ըստ էության առավել սպառնալիք և բարդ՝ հանրային հակազդման և զսպման տեսանկյունից: Ինքնին անիմաստ ու վտանգավոր է խորամուխ լինել նախկինների այդ բանավեճի մեջ և, կամա թե ակամա, փորձել կողմնորոշվել կամ հասկանալ, կամ հանրությանը բացատրել, թե նրանցից ում մեղադրանքն է ավելի դիպուկ կամ ավելի ճիշտ՝ ով է իրականում ավելի շատ պատասխանատու այս կամ այն բանակցային դրվագի կամ կարգավորման տարբերակի համար: Նոր Հայաստանն ունի իր խնդիրները և դրանցից առաջնայիններից մեկը, անշուշտ, հների դիսկուրսից դուրս գալն ու դրան այլևս երբեք չտրվելն է:



Загрузка...