Լրահոս

Հակառակ էֆեկտի ուժը. Պատերազմի հեռանկարը

 

Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի գնահատակնները տարբեր են: Բացի ավանդական «հանձնող» բնորոշումներից, գերակշռող այլ մոտեցումներն այն են, որ Տեր-Պետրոսյանն այդպիսով փորձում է հանրությանը նախապատրաստել այն տարբերակներին, որոնք պետք է ընդունի իշխանությունը, կամ որոնք քննարկում է այսպես կոչված բանակցային գործընթացում:

Ըստ այդ գնահատականի, իշխանությունն իր լեգիտիմության բացակայությամբ անկարող է ինքն անել այդ բանը, եւ իշխանությանն այդ ծառայությունը մատուցում է Տեր-Պետրոսյանը՝ իր համոզմունքից ելնելով, պետության շահից ելնելով, կամ կուսակցական շահից ելնելով:Հնարավո՞ր է իրավիճակի այլ տրամաբանություն, այլ տողատակ, համատեքստ: Ի՞նչ էֆեկտ է ունենում Տեր-Պետրոսյանի մոտեցման հրապարակայնացումն այժմ:

Բացի Տեր-Պետրոսյանի համոզված երկրպագուներից, որոնց համար կարեւոր չէ, թե ինչ է ասվում՝ կարեւորը, որ ասում է Տեր-Պետրոսյանը, հանրային այլ շերտերում ու խմբերում Արցախի խնդրի վերաբերյալ նրա ելույթը ավելի շատ դրակա՞ն, թե՞ հակառակը՝ արմատական արձագանք է ստանում, առաջացնում զայրույթ, վրդովմունք, հակազդեցություն:Չափվե՞լ է հանրային արձագանքը: Իհարկե հետաքրքիր կլիներ, եթե ներկայացվեր հավաստի սոցհարցում: Համենայնդեպս, նկատելի է, որ արձագանքների մեծամասնությունը բացասական է, ընդհուպ ագրեսիվ:Այլ հարց է, թե ինչն է ռացիոնալ:

Այստեղ էլ առկա է բավական վտանգավոր մի նենգափոխում, երբ ռացիոնալ է դիտվում միայն այն մոտեցումը, որ առաջ է քաշում Տեր-Պետրոսյանը, մինչդեռ որեւէ այլ մոտեցում դիտվում է ոչ ռացիոնալ, ոչ խաղաղասիրական:Մյուս կողմից, ի՞նչ է տեղի ունենում Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո: Տեղի է ունենում Արցախի խնդրում հանրային տրամադրությունների կոշտացման եւ արդիականացման ալիք: Արդյոք դա դժվար կանխատեսելի արձագանք է: Հազիվ թե:

Ըստ այդմ, հարց է առաջանում, ինչու՞ է մատուցվում այդպիսի արձագանքի մեծ հավանականությամբ ելույթ: Հանրությանը իշխանության համար փոխզիջման նախապատրաստելո՞ւ, թե՞ հակառակը՝ իշխանության համար հանրային կոշտ վերաբերմունքի բազա ստեղծելու նպատակով, որը գործիք է կարգավորման ներկայիս գործընթացում Երեւանի հետապրիլյան դիրքերը պահելու համար:Ներկայում ակնհայտորեն ընթանում է դիրքային պայքար, որտեղ Երեւանը ապրիլից հետո ձեռք է բերել որոշակի առավելություն, եւ հասարակական տրամադրությունն այստեղ կարեւոր գործիք է այդ առավելությունը պահելու համար:

Այդ դիրքային պայքարում որոշվում է խաղաղության կամ կայունության եւ պատերազմի հեռանկարը: Եթե Երեւանը պահում է դիրքերը եւ առավել եւս հասնում հրադադարի մեխանիզմներով դրանց արձանագրման, ապա դա խաղաղության եւ կայունության գրավական է, թեկուզ հրադադարի պայմաններում: Հակառակը կլինի պատերազմի գրավականը:Ներկայում միջազգային օրակարգում առաջնայինը խաղաղության եւ կայունության խնդիրն է, եւ դրա համար շատ կարեւոր է, որ Արցախի խնդրում Հայաստանի հասարակությունը պահի ապրիլից հետո առկա տրամադրվածությունը՝ նոր պատերազմի հեռանկարը կանխելու համար:

Տեր-Պետրոսյանն իր մոտեցումներով գործնականում նպաստում է հենց Հայաստանում հանրային հակառակ տրամադրությունների գեներացիային, այդպիսով ցույց տալով, թե ինչ հարցում ՀԱԿ-ը կարող է անփոխարինելի լինել ներքաղաքական ներկապնակում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing