Լրահոս

Հակառակորդը Հայաստանի ճանապարհներին

 

Գյումրիում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ: Հուլիսի 11-ի երեկոյան տեղի ունեցած պատահարի զոհ են դարձել երիտասարդ ամուսիններ, որոնք ամուսնացել էին ընդամենը երկու ամիս առաջ: Եթե մահվան մասին տեղեկությունը ստացվեր սահմանից, առաջնագծից, ապա այն մեծ եւ բուռն արձագանք էր գտնելու հանրության շրջանում:
Դա իհարկե բնական է, փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրի հասարակությունը չափազանց զգայուն է առաջնագծից ստացվող տեղեկությունների հանդեպ: Եվ այդ իմաստով, առաջնագծից ստացվող տեղեկատվության հանդեպ հանրային զգայունության մասին հիշեցման նպատակն ամենեւին ճանապարհային երթեւեկության պատահարների հետ համեմատության մեջ դնելը չէ:
Պարզապես փաստացի չավարտված պատերազմը Հայաստանից խլում է ավելի քիչ կյանք, քան այն, ինչ կատարվում է Հայաստանի ճանապարհներին: ՃՏՊ հետեւանքով մարդկային կորստի մասին տեղեկությունները ստացվում են սարսափելի պարբերականությամբ, գրեթե չկա շաբաթ, որ չլինի այդպիսի ողբերգական ելքով մի քանի պատահար:
Հայաստանի ճանապարհներին տեղի է ունենում լատենտ պատերազմ, որտեղ հստակ են զոհերը, իսկ հակառակորդը հստակ չէ:
Ավելի շուտ, հակառակորդը բազմադեմ է եւ բազմաշերտ՝ սկսած ճանապարհային երթեւեկության մշակույթի բացակայությունից, անվտանգության զգացումի բացակայությունից, որը Հայաստանի հանրության համար քրոնիկ է ընդհուպ կենցաղի մակարդակ, մինչեւ պետական կառավարման մակարդակով խնդրի հանդեպ ուշադրության բացակայություն, ինչը ներառում է թե ճանապարհային ոստիկանության աշխատանքի արդյունավետության խնդիրը, թե ճանապարհների անվտանգության չափանիշների համար պատասխանատու պրոֆիլային գերատեսչությունների արդյունավետության խնդիրը:
Այդ ամենի համար Հայաստանը վճարում է մարդկային թանկ կյանքերով: 2016 թվականին ՃՏՊ զոհ է դարձել 227 մարդ, իսկ վիրավորվել է 3844 մարդ: Նախորդ տարվա՝ 2015-ի համեմատ այդ ցուցանիշը դրսեւորել է նվազման միտում, բայց աներկբա է, որ այդտեղ ավելի շատ ոչ թե պատճառների վերացման եւ խնդիրների լուծման ուղղությամբ համակարգված աշխատանքի, որքան գուցե երջանիկ պատահականության ազդեցությունն է, որովհետեւ պատահարների թիվը նվազել է 196-ով, ինչը չափազանց փոքր է ընդհանուր կշռում, երբ խոսքը տարեկան մոտ 3000-ի հասնող ՃՏՊ մասին է:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing