Լրահոս

«Հակառակորդի կողմից կրակոց չի եղել, ինչ եղել ա, եղել ա իրանց մեջ»․ քարկոփցի զոհված զինծառայողի եղբայր

 

Լոռու մարզի Քարկոփ համայնքում այսօր՝ հուլիսի 30-ին, տեղի ունեցավ հուլիսի 28-ին զոհված պայմանագրային զինծառայող, 32-ամյա Արկադի Ղամբարյանի հոգեհանգիստը: Հոգեհանգստին ներկա էին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ:

Արկադի Ղամբարյանը պայմանագրային ծառայության էր անցել օրեր առաջ: Ինչպես հարազատներն են նշում, ընտանիքի ծանր, անելանելի սոցիալական պայմաններից ելենելով, որոշել է անցնել զինվորական ծառայության, որպեսզի կարողանա հոգալ բազմանդամ ընտանիքի կարիքները:

Զինծառայողի ընտանիքը բնակվում է Քարկոփի երկհարկանի տներից մեկի ներքնահարկում: Երեք սենյականոց բնակարանը գտնվում է չափազանց անբարեկարգ վիճակում, տանը գրեթե նոր գույք չկա:

Զինծառայողն ընտանիքի միակ կերակրողն էր: Նրա խնամքին են գտնվում ծնողները, կինն ու երեք անչափահաս երեխաները: Վերջինն ունի որդի՝ 12 տարեկան ու երկու դուստր՝ 6 եւ 4 տարեկան: Վեցամյա դուստրը՝ Արեւիկը, երկու տարի առաջ դժբախտ պատահարի արդյունքում հաշմանդամ է  դարձել. գնացքը հարվածել ու մի քանի մետր այն կողմ է շպրտել փոքրիկին: Հարազատները նրա կյանքը դժվարությամբ են կարողացել փրկել, առողջությունը լիովին վերականգնել, սակայն, չի հաջողվել: Դստեր վիճակը կայունացնելու համար զինծառայողն ստիպված է եղել դստերը տարվա մեջ մի քանի անգամ հետազոտման ու բուժման կուրս անցնելու համար տանել Երեւան:

Առողջական խնդիրներ ունի նաեւ Արկադիի կինը:

Զինծառայողի եղբոր խոսքով, Արկադին առաջին անգամ էր բարձրանում դիրքեր: Նույն դիրքերում ծառայող եղբայրը հերթափոխը հանձնել է եղբորն ու խորհուրդ տվել զգույշ լինել:

«Բարձրացավ պոստ, հաջորդ օրը, զանգեց, ասեց՝ ախպեր լավ եմ: Ասեցի՝ պոստեր ա, զգույշ կլինես: Հաջորդ օրը զանգեցին, թե՝ ախպերդ չկա: Թե ով ա խփել, ոնց դեռ պարզ չի: Հակառակորդի կողմից կրակոց չի եղել, ինչ եղել ա, եղել ա իրանց մեջ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում պատմեց եղբայրը՝ Համլետ Ղամբարյանը:

Հարազատներին ասել են, որ դեպքի պահին Արկադին քնած է եղել: Այդ ընթացքում նույն դիրքում գտնվող ծառայակից ընկերները զենքի հետ անփույթ են վարվել, ինչի արդյունքում զենքը կրակել է ու փամփշուտը հարվածելով հողե հատակին, հետադարձ հարվածով կպել է քնած Արկադիի գլխին:

Զինծառայողին կհուղարկավորեն վաղը՝ Քարկոփի գերեզմանատանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի պաշտպանական դիրքերից մեկում հուլիսի 28–ին, պայմանագրային զինծառայող է մահացել։ Տավուշի մարզի Քարկոփ գյուղի 33–ամյա բնակիչ Արկադի Ղամբարյանը մահացել է հրազենային վիրավորումից։



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing