Հակասության ցեցը հասավ Արցախ․ Բակո Սահակյանը չի՞ տիրապետում իրավիճակին

170

1in.am — Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում նախօրեին տեղի ունեցած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարել ՀՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների ակտիվությունը:

«Ես հարցեր ունեմ և այդ հարցերը կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու: Արցախի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս, այ քեզ բան: Սթափվեք, հարգելինե՛րս և զբաղվեք ձեր աշխատանքով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

http://armtimes.com/static/article/14/34/77/143477.jpg

Փաշինյանի համբերության բաժակը լցվել էր, երբ Սասուն Միքայելյանի հայտնի աղմկահարույց հայտարարությանը ու իր մի ելույթի Ստեփանակերտից հակադարձել էին ԼՂՀ նախագահի, ՊԲ-ի խոսնակները, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Ընդ որում, ուշագրավ է, որ Արցախի էլիտայի հռետորաբանությունը հար և նման է ՀՀԿ գործիչների քննադատությանը ու այնպսի տպավորություն է, որ ԼՂՀ իշխանություններն այնքան են կորցրել իրենց սուբեկտությունը, որ դարձել են Հայաստանի ներքաղաքական կյանքի մասնակից՝ հին համակարգի ռեստավրացիայի կողմնակիցների ճամբարում։

Առհասարակ՝ այս ընտրական գործընթացում կրկնվում է այն, ինչին ականատես ենք եղել 1998-99թթ-ի ընտրական գործընթացների ժամանակ, երբ Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտան «օկուպացրեց» Հայաստանի իշխանությունը՝ գահընկեց անելով Ղարաբաղը «հանձնող» Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հիմա, ըստ ամենայնի, նույնն է կատարվում․ Արցախի որոշ պաշտոնյաներ դիամադրում են Հայաստանի հետհեղափոխական իշխանությանն, որն իրեն «ճիշտ» չի պահում Արցախի հարցում։

Իհարկե, քաղաքական այս պահի առանձնահատկությունն այն է, որ գոյություն ունի նոր ու հին համակարգերի անսքող պայքար, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Արցախում իշխանության շարունակում է մնալ քրեաօլիգարխիկ հին համակարգի տեղական խմբավորումը։

Երեկ Արցախ է ժամանել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ու, դատելով պաշտոնական լրահոսից, Արցախի ղեկավարության հետ քննարակել է ստեղծված իրավիճակը։

Գրիգորյանը հարմար թեկնածու է, որովհետև նա, մի կողմից՝ հեղափոխության թիմի ներկայացուցիչ է, մյուս կողմից՝ արցախցի է, նույնիսկ՝ ԼՂՀ քաղաքացի։ Մյուս կողմից՝ Հայաստանի ԱԽ քարտուղարի, այսպես ասած, համակարգային «քաշն» ամենևին էլ բավարար չէ՝ նման բարդ խնդիր լուծելու համար։

Սակայն Փաշինյանի հայտարարության ու Գրիգորյանի բանագնացության առաջին արդյունքներն արդեն իսկ տեսանելի են, իհարկե՝ ամենևին էլ ոչ պոզիտիվ ուղղությամբ։

Արցախի մի քանի պաշտոնյանների գնահատականներն, անշուշտ, դատապարտելի են, որովհետև դրանցով նրանք, ըստ էության, դառնում են Հայաստանի ներքաղաքական կյանքի մասնակից, նույնիսկ ավելին՝ «զինվորագրվում են» հակահեղափոխության ճամբարին՝ ակամայից զրոյացնելով ԼՂՀ իշխանության սուբեկտությունը։

Մյուս կողմից՝ միանգամայն անընդունելի է հակառակ տենդենցը, երբ Հայաստանի իշխանության միջամտության հետևանքով Արցախի վերնախավում առաջանում է, այսպես կոչված, «հեղափոխական» կամ «նիկոլական խմբակցություն»։

«Ազատ հայրենիք» կուսակցությունը՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունայնի գլխավորությամբ, անվերապահորեն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքական կուրսին։ Սա նույնպես անթույլատրելի միջամտություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ դարձյալ Արցախի իշխանության սուբեկտության թուլացման հեռանկարով։

Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև անկեղծ երկխոսություն կայացնելու փոխարեն՝ Երևանից ԼՂՀ իշխանության ներսում զարգացվում է ֆրակցիոնիզմը, որը կարող է բերել վտանգավոր հետևանքների, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ «կաղ բադիկի» կարգավիճակում հայտնված Բակո Սահակյանն, ըստ ամենյանի, չի տիրապետում իրավիճակին ու չի կարողանում սանձել իշխանության ներսում հավակնություններ դրսևորող երկու հակամարտ խմբերի։

Ի դեպ, ԼՂՀ իշխանության ներսում եղած հակասությունների մասին անուղղակիորեն խոսում է նաև ԼՂՀ ԱԺ «Ազատ հայրենիք» խմբակցության անդամ Ռուդիկ Հյուսնունցը։ «Մենք որևէ լարվածություն չունենք, եթե որոշ մարդիկ իրենց լիազորությունները չարաշահել են, համենայնդեպս՝ ես կարծում եմ, որ բանավոր կամ գրավոր նկատողություն կստանան և պատասխանատվության կենթարկվեն։ Ես հաստատ համոզված եմ, որ հետևանքներ լինելու են, մարդիկ իրենց լիազորությունները չարաշահում են ու փաստորեն պարզաբանումներ են պահանջում երկրի գերագույն գլխավոր հրամանատարից։ Սա անընդունելի է, անընդունելի է նաև, երբ արցախցի մեր գործընկերները, չարաշահելով իրենց լիազորությունները, միջամտում են Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, ներքաղաքական կյանքին»,- «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ասել է նա։

Այսպիսով՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Արցախի խնդրի սիրողական, պոպուլիստական խաղարկումը կարող է ներքաղաքական լուրջ ճգնաժամի ու ցնցումների հանգեցնել ԼՂՀ-ում, ինչը, բնականաբար, հղի է անցանկալի հետևանքերով։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache