Լրահոս

Համահայկական սկանդալ Երեւանում

 

Իջնե՞լ, թե դուրս գալ փոսից
Սփյուռքի նախարարության իրականացրած Արի տուն ծևրագրի հերթական փուլն աչքի է ընկել աղմկոտ պատմությամբ: Ստամբուլից ժամանած երեխաների խմբի ղեկավար Ղազար Սաբունջուն հայտնել է, որ իրենց խումբն արժանացել է խտրական վերաբերմունքի:
Աղմուկը, ըստ տեղեկությունների, սկսվել է այն բանից հետո, երբ Ստամբուլից եւ Ուկրաինայից ժամանած մասնակիցների միջեւ առաջացել է վեճ՝ Խոր Վիրապի փոսն առաջինն իջնելու համար: Սփյուռքի նախարարությունը պնդում է, որ դրանից հետո վեճը հարթվել է, եւ մնացյալը «փոթորիկ է մի բաժակ ջրում», իսկ Ստամբուլի խմբի ղեկավար Սաբունջուն ասում է, որ վեճը չի հարթվել, ունեցել է շարունակություն, ուկրաինական խմբի երեխաների ծնողներն են միացել, Սփյուռքի նախարարությունը չի արձագանքել հարթելու իր հորդորներին, եւ ընդհանրապես իրենց երեխաների հանդեպ միշտ եղել է խտրական վերաբերմունք:
Սաբունջուն Ստամբուլի խումբը ժամանակից շուտ վերադարձրել է հետ, իսկ Սփյուռքի նախարարությունն ասում է, որ երեխաները հակված են եղել մնալու, բայց ղեկավարն իր որոշումը «փաթաթել» է նրանց:
Պատմությունն անկասկած տհաճ է, իսկ թե ով է իրավացի եւ որտեղ է բուն ճշմարտությունը, թերեւս կարող է պարզվել միայն մանրակրկիտ քննությամբ:
Արժե՞ անցկացնել այդպիսի քննություն: Դա ըստ ամենայնի էլ ավելի կխորացնի իրավիճակի անհեթեթությունը:
Իսկ անհեթեթության բուն աղբյուրը թերեւս շատ խորն է, շատ ավելի, քան զուտ Արի տուն ծրագրի կամ որեւէ այլ համահայկական ծրագրի կազմակերպական մակարդակի եւ որակի խնդիրը:
Խիստ խորհրդանշական է, որ սկանդալը ծագել է փոսն առաջինը իջնելու համար սկսված վեճից: Փոսից դուրս գալու վերաբերյալ համահայկական առողջ բանավեճի փոխարեն համահայկական սկանդալ է ծագում փոսն առաջինն իջնելու համար:
Որովհետեւ բուն աղբյուրը թերեւս մտածողության կամ պատկերացման մեջ է, որ կամ ուղղակի քարոզչությամբ, կամ անուղղակի քարոզչական հնարքներով, կամ միտումնավոր, կամ ակամայից, ներշնչվում է այսպես ասած հայկական աշխարհին, որ բոլոր հայերը մեկ են եւ իրավունք չունեն միմյանց հետ խնդիր ունենալ, որ այդ խնդիրը միմիայն ջուր կարող է լցնել «թշնամու ջրաղացին», «ուրախացնել թուրքին» եւ այլն:
Դա իր հետքն է թողնում հայկական բոլոր շրջանակների վրա, ձեւավորում համահայկական հաղորդակցության կեղծ, արհեստական ելակետեր, որոնք չափազանց թույլ են այսպես ասած բնական կոնֆլիկտածին ռիսկերի հանդեպ:
Իսկ այդ ռիսկերը պայմանավորված են պարզապես նրանով, որ հայերն իրականում տարբեր են, ընդ որում թե տարբեր երկրներում, տարբեր մայրցամաքներում եւ աշխարհամասերում ապրող հայերը, թե նույնիսկ միեւնույն երկրում ապրող տարբեր շերտերն ու խմբերը:
Սփյուռքը բազմազան է, այդ թվում Հայաստանի եւ նաեւ Արցախի համեմատ: Բազմազանությունը, մշակութային, քաղաքակրթական բազմաշերտությունը անկասկած շատ ավելի կենսունակ ու զորեղ է, քան էթնիկ ընդհանրությունը:
Հետեւաբար, պետական քաղաքականությունը եւ ընդհանրապես համահայկական ներուժի արդյունավետ օգտագործմանն ուղղված ռազմավարությունը պետք է կառուցվի հենց այդ հանգամանքի՝ մշակութային, քաղաքակրթական, սոցիալ-հոգեբանական, նույնիսկ պատմական բազմազանության եւ բազմաշերտության, ոչ թե էթնիկ ընդհանրության վրա:
Միայն բազմազանությունը հաշվի առնելու, ճանաչելու եւ հենց դրա վրա հիմնված, դրանով հաշվարկված համահայկական ծրագրեր եւ նախագծեր կազմելու դեպքում է հնարավոր հասնել գործնական արդյունքի, պաթետիկ-զգայական հռչակագրերի եւ «գալոչկաների» փոխարեն:
Մինչդեռ տեղի է ունենում հակառակը, եւ շեշտը դրվում էթնիկ ընդհանրության վրա, ինչը բացարձակապես կենսունակ չէ իբրեւ գործնական քաղաքականության հիմք եւ այդ անկենսունակությունը պարբերաբար բացահայտվում է այդօրինակ աղմկոտ պատմություններով:
Տարիներ առաջ այդպիսի պատմություն էր համահայկական խաղերում, երբ ուժգին ծեծկռտուք տեղի ունեցավ Երեւանի եւ Կահիրեի տղամարդկանց թիմերի միջեւ: Եղել են նաեւ բազմաթիվ մանր պատմություններ:
Այդ ամենը հնարավոր չէ հարթել արհեստական, կենցաղային մակարդակի, խլացուցիչ ջանքերով: Դրանց հնարավորինս բացառման, իսկ լինելու դեպքում կողմերի համեմատաբար զուսպ եւ ադեկվատ վարքի հասնելու համար անհրաժեշտ է ընդամենը համահայկական շփումների վերաբերյալ ձեւավորվող մտածողության եւ պատկերացումների հիմքից հանել էթնիկ ընդհանրության արհեստական առանցքը եւ մտածողությունն ու պատկերացումները կառուցել քաղաքակրթական, մշակութային բազմազանության բնական առանցքի վրա:
Ի վերջո, համահայկական ռեսուրսի բուն ներուժը ձեւավորվում է հենց այդ բազմազանությամբ: Անշուշտ այն պետք է կարողանալ մեկտեղել, բերել միասնական համակարգի: Բայց դա պետք է լինի գաղափարի, ոչ թե էթնիկ ծագման վրա: Պետք է հաշվի առնել բազմազանությունն ու հասկանալ, թե ի՞նչը կարող է բերել այդ բազմազանության պայմաններում միավորող գաղափարի, որտեղ կարող են բնականորեն համադրվել համահայկական տարբեր շերտերը:
Այդ դեպքում գուցե հնարավոր լինի շատ ավելի հանգիստ տանել կոնֆլիկտները եւ գալ նույնիսկ դրանց «ինքնակարգավորման» մեխանիզմի:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing