Հանգուցալուծումը մոտենում է

0

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ու Հայկական հարցում մեծ տուրբուլենտության փուլ է սկսվում: Որքան մոտենում է հանգուցալուծումը, այնքան ջղաձիգ են դառնում Թուրքիայի ու Ադրբեջանի շարժումները:

Ադրբեջան

Ալիեւն անսպասելի նախագահական ընտրությունները հոկտեմբերից ապրիլ է տեղափոխել: «Ադրբեջանում ու Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան կարգավորման ինտենսիվ բանակցությունները շարունակվելու են», — ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը:Ադրբեջանը փորձում է թույլ չտալ, որ Ղարաբաղում զսպման մեխանիզմներ ներդրվեն, քանի որ խոստովանում է, որ դա կամրապնդի ստատուս-քվոն: Ադրբեջանը, սակայն, այլ տարբերակ չունի: Պատերազմի դեպքում Ղարաբաղը կարող է միջազգայնորեն ճանաչվել, նախ եւ առաջ Հայաստանի կողմից: Հնարավոր է, Ադրբեջանին բացատրել են, որ ավելի ձեռնտու է համաձայնվել մեխանիզմների ներդրմանը, քան բանակցությունները տորպեդահարելը եւ բանը Ղարաբաղի ճանաչմանը հասցնելը:Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը նախագահի ընտրությունների ժամկետը փոխելու վերաբերյալ ասել էր. «Արդի շրջանում միջազգային հարաբերությունների համակարգում առկա միտումները, տարածաշրջանում, որտեղ գտնվում է Ադրբեջանը եւ ավելի լայն աշխարհագրական տարածությունում տեղի ունեցող գործընթացները կարող են որոշակի հարցեր առաջացնել: Դա պահանջում է արտաքին քաղաքականությունում պատրաստվածության մակարդակի բարձրացում եւ ճկունության ցուցադրում: Կա հավանականություն, որ Հարավային Կովկասում ու հարեւան տարածաշրջաններում բացասական գործընթացներն աստիճանաբար սուր բնույթ կստանան ու կազդեն տարածաշրջանի վրա, որտեղ գտնվում է Ադրբեջանը»:Ի՞նչ բացասական գործընթացներ է սպասում Ադրբեջանը տարածաշրջանում: Դրանք կապվա՞ծ են Թուրքիայի հետ, որը խրվել է Սիրիայում եւ ամբողջ ուժով փորձում է թույլ չտալ Օսմանյան կայսրության երկրորդ փլուզումը: Ընդ որում, փլուզման գործոնների շարքում նշվում են ինչպես Քրդստանի հնարավոր ստեղծումը, այնպես էլ Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այդ գործընթացները կազդեն Ադրբեջանի վրա, որն արդեն ստիպված կլինի ապացուցել ոչ թե Ղարաբաղի, այլ Նախիջեւանի հանդեպ իր իրավունքները:

Թուրքիա

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե Թուրքիան չվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, 2018 թվականի գարունը Հայաստանը կդիմավորի առանց դրանց: Եթե Հայաստանը հետ կանչի հայ-թուրքական արձանագրությունները, ըստ որոշ փորձագետների, Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհ կբացվի, մասնավորապես, ԱՄՆ-ում: Խոշոր խաղացողները կարող են փորձել օգտագործել հայկական գրոծոնը նոր աշխարհակարգի ձեւավորման հերթական փուլում: Դա կօգտագործվի՝ կախված նրանից, թե ինչպես իրեն կպահի Թուրքիան:Թուրքիան վերջին պահին կարող է վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները: Ճիշտ է, դրա համար ստիպված է լինելու հրաժարվել ղարաբաղյան նախապայմանից, համաձայնվել Ղարաբաղում ստատուս-քվոյի ամրապնդմանը՝ չնայելով արդեն Ալիեւի նեղանալուն:

Հայաստան

Հայաստանում իշխանության վերադասավորություն է տեղի ունենում, որը չի կարող չազդել երկրի հետագա քաղաքականության վրա: Մի քանի դիրքում Հայաստանի քաղաքականությունը կարող է փոխվել: Հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելը կարող է արտաքին քաղաքական արձագանք հարուցել, եւ Հայաստանը կարող է հայտնվել աշխարհքաղաքական գործընթացների սահմանագծին:Երկրորդ, Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն արդեն հայտարարել է, որ խոսքը գնալու է Չորրորդ հանրապետության մասին: Գլխավոր հարցերից մեկն այն է, թե արդյոք Չորրորդ հանրապետությունը կճանաչի Ղարաբաղը եւ նրան կվերադարձնի բանակցությունների անցկացման մանդատը:

Արցախ

Արցախի արտաքին գործերի նոր նախարար Մասիս Մայիլյանն Արցախի ճանաչման խթանման քաղաքականություն է վարում:Փետրվարի 6-ին «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության խումբը Ֆրանսիային կոչ է արել Արցախի Հանրապետության ժողովրդավարորեն ընտրված իշխանությունների հետ սկսել բաց, ուղիղ ու կառուցողական բանակցություններ: Հունվարի 17-ին ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոնեն ներկայացրել է «ԱՄՆ-Արցախ. Ճանապարհորդություն եւ կապ» բանաձեւը, որը կոչ է անում զարգացնել հարաբերություններն ԱՄՆ-ի ու Արցախի միջեւ: Դրանից առաջ Մասիս Մայիլյանն իրանական թերթերից մեկին տված հարցազրույցում խոսել էր Իրանի հետ ուղիղ հաղորդակցության հավանականության մասին:«Համոզված ենք, որ հակամարտությունը չի կարող որպես պատրվակ ծառայել՝ հրաժարվելու ուղղակի կապեր հաստատել Արցախի իշխանությունների հետ։ Հակառակը, Արցախի ներգրավումը միջազգային գործընթացներին նոր ազդակ կհաղորդի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,- նշած է Արցախի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:Արցախը պատրաստվու՞մ է բանակցությունների լիիրավ մասնակից դառնալ:Ի դեպ, Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ այս անգամ միջնորդներն Արցախում քննարկելու են հետաքննության մեխանիզմները:

Ինչպես կզարգանան իրադարձությունները

Ընթացիկ միտումները Թուրքիային ու Ադրբեջանին կարող են ստիպել զիջումների գնալ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ հայ-թուրքական արձանագրությունների հարցում: Թուրքիան, որը մշտապես իրավիճակային քաղաքականություն է վարել, կարող է վավերացնել արձանագրությունները, իսկ Ադրբեջանը՝ համաձայնվել ստատուս-քվոյի ժամանակավոր ամրապնդմանը: Չի բացառվում, որ Ալիեւը դրանից ելնելով է որոշել ընտրություններն ապրիլ տեղափոխել:Նա հասկանում է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի համար հիմա դա ամենաանցավ ելքն է, սակայն սեփական ժողովրդին բացատրելու համար Ալիեւին արագ մանդատ է պետք: Առավել եւս, որ Ղարաբաղը մի քանի անգամ «իշխանություն է փոխել» Ադրբեջանում:Այլընտրանքը կարող է լինել նոր ռազմական սադրանքը:



Загрузка...