Հանրապետականների քավարանը՝ փաստերի հորձանուտում

27

ՀՀԿ-ի ծագումը լուսապսակի կարմիր ցոլքերով ուղեկցվեց, բայց, ավա՜ղ,
հասունացումն անհամար խարդավանքների, դավերի և դավադրությունների համաշխարհային չափանիշի տեսական ձեռնարկ էր, իսկ նրա մենիշխանության մասին լավ է համեստորեն լռենք, զի առանց մեզ էլ շատ բան է ասվել, ասվում է և դեռ կասվի:

Վաղաժամ են լքել այս մեղավոր աշխարհը կուսակցության առաջին երեք դեմքերը՝ հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանը, ‹‹սպարապետ›› Վազգեն Սարգսյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: ՀՀԿ հիմնադիր քաղխորհրդի աջթևայինները ևս ուժերի ծաղկման շրջանում՝ ի վերին Երուսաղեմ ճանապարհվեցին ու նրանց մեջ Յուրի Բախշյանը, Լևոն Էյրամջյանը, Արթուր Մալխասյանը (‹‹Անկախության բանակ››զորամիավորման հրամանատար), Սիմոն Շահազիզյանը… Առեղծվածային էին և՛ Լևոն Էյրամջյանի, և՛ Արթուր Մալխասյանի, և, ի վերջո, Աշոտ Նավասարդյանի վախճանը:

ՀՀԿ-ի լուսապսակի կարմիր ցոլքերը խամրեցին արդեն 1993-ից: Այդ թվից էր, որ Յուրի Բախշյանը կարգվեց Երքաղխորհրդի գործկոմի փոխնախագահ: Ի թիվս այլ պարտականությունների, Բախշյանի ենթակայության տակ էին մայրաքաղաքի տոնավաճառները: Հանրապետության խոշորագույն ‹‹Հրազդան›› մարզադաշտին կից տոնավաճառն ի տնօրինում հանձնվեց հանրապետականներին՝ արմատական ընդդիմության շարքերը լքելու և ՀՀՇԿ-ին ենթարկվելու դիմաց:

Գործարքը գերհաջողված էր, լիուլի բավարարում էր երկու կողմերին՝ ՀՀՇԿ-ն խարխլեց արմատական ընդդիմությունը, ՀՀԿ-ն հասավ բաղձալի հանգրվանին՝ իշխանական բուրգի կցորդմանը: Հեռավոր այն օրերին դժվար թե ՀՀ-ում գտնվեր թեկուզ մեկ մարդ, ով կկանխագուշակեր, որ քաղաքական բարոյազրկման գագաթին գտնվող քաղմարմինը տարիներ անց կմենաշնորհի երկրի քաղաքա-տնտեսական ողջ ներուժը, իսկ մոխրագույն կարդինալ Անդրանիկ Մարգարյանը կդառնա հանրապետության վարչապետ և վերջին հանգրվանը կգտնի Կոմիտաս պանթեոնում:
Հատկապես վերջինիս պանթեոնյան հանգրվանի կանխագուշակումը կարժանանար ապշահար զարմանքի, քանզի չափից դուրս անդեմ էր Նավասարդյանի շուքի տակ ծվարած Մարգարյան Անդոն: Ոչ պակաս դիմազուրկ էին կուսակցություն հրավիրված թե՛ Աշոտ Աղաբաբյանի, թե Անդո Մարգարյանի հրավիրած կադրերը: Աշոտ-Բուռնաշը ներգրավեց յուր փեսա, իմաստազուրկ մտքերի անթագադիր ասպետ Գալուստ Սահակյանին, իսկ Մարգարյան Անդոյի ընտրյալներն էին բոլորին կախականջ լսող Տիգրան Թորոսյանը, անդեմության գլուխգործոց Գագիկ Մինասյանն ու էլի մի քանիսը:

Զուգահեռաբար կուսակցությունը պարտադրված լքում էին ՀՀԿ-ի արմատական թևի ներկայացուցիչները՝ Լևոն Հակոբյանը (ՀՀԿ-ի հիմնադիր-փոխնախագահ), Արթուր Մալխասյանը, Լևոն Էյրամջյանը, Սիմոն Շահազիզյանը, Սիմոն Ղոնախչյանը, Կարապետ Կարապետյանը, Թորգոմ Մանուկյանը, Գուրգեն Արսենյանը, Վրեժ Առաքելյանը, մյուսները՝ շուրջ 100 գործիչ:

***
1993-ից ՀՀԿ-ի իրական իշխանությունը հայտնվեց Անդրանիկ Մարգարյանի՝ նորանկախ Հայաստանի Ժոզեֆ Ֆուշեի ձեռքերում: Ներկուսակցական դավերում Ա. Մ.-ի հենարանն էին ՀՀԿ փոխնախագահ, նախկին քաղբանտարկյալ Ռազմիկ Զոհրաբյանն ու Տիգրան Թորոսյանը: Ի մասնավորի, Տ. Թ.-ն Ա. Մ.-ի հանձնարարությամբ և բավականին կանոնիկ ձևով վերջինիս իրազեկում էր կուսակցության անդամների յուրաքանչյուր խոսք և արտահայություն, որոնք հակասում էին հակապետականների օրվա քաղաքական կուրսին:

‹‹ՀՀԿ-ից չեն հեռանում, ՀՀԿ-ից հեռացվում են››՝ այս նշանաբանի ներքո Ա .Մ.-ն քաղաքական խարդավանքների ամենատարբեր հնարքների գործադրմամբ վանում էր կուսակցությունից նվիրյալ հանրապետականներին: ՀՀԿ քաղխորհրդի անդամ Կոստանդին Գրիգորյանին Նավասարդյանի աշխատասենյակի նախասրահում դաժան ծեծի ենթարկեցին Մարգարյան Անդոն և Բուռնուշ-Աշոտ Աղաբաբյանն այն բանի համար, որ Կոստյայի խելքին փչել էր մի քանի կոշտ խոսք ասել ՀՀԿ-ի բարոյազրկման հեղինակների հասցեին: Ասել է՝ հաշիվ էր պահանջել:

***
Ընթերցողի մոտ օրինական հարց կծագի՝ իսկ ի՞նչ դիրք էր բռնել այս ստորաքարշ գործընթացներում ՀՀԿ հիմնադիրը, այլախոհական պայքարի ասպետն ու երկրի պաշտպանության գործում աննուրանալի ավանդատեր Աշոտ Ցոլակի Նավասարդյանը:
Առանձնապես ոչինչ:
Նա միանգամայն բավարար համարեց իր ներդրումը Հայաստանի անկախացման գործում և որոշեց լիաբուռ վայելել ազգային-պետական գործին նվիրական ծառայության դիմաց տրված հակաազգային, հակապետական բարիքները:
Ուրիշ ոչինչ:
Սա է ՀՀԿ-ի փառահեղ ծագման և անփառունակ այլասերման ամփոփագիրը:
Բնականաբար հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս վարվել ՀՀԿ-ի մերօրյա ‹‹սերուցքի››՝ նրա ահասարսուռ երիտթևի հետ միասին:
Կա՛զմալուծել:
Կա՛զմաքանդել:
Ուրիշ ոչինչ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache