Հանրայինի մսխումներն ու քաղաքական ուղղորդումները

76

hayeli.am —  Պետական բյուջեից 6 մլրդ դրամ է հատկացվում Հանրային հեռուստառադիոընկերությանը, որից 5 մլրդ-ը ծախսվում է Հանրային հեռուստաընկերության, մնացած 1 մլրդ դրամն էլ ծախսվում է տարբեր հիմնարկների՝ «Շողակաթի» և Հանրային ռադիոյի համար:

Հանրային հեռուստաընկերության կողմից 2 միլիարդ դրամի չարաշահումների մասին մամուլում առկա հրապարակումներն Ազգային ժողովում բուռն քննարկումների առիթ դարձան։ 2017թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ընթացքում այս թեմայով մի քանի հարց է հնչել: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հարցին ի պատասխան`  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, թե չարաշահումներ չեն եղել, խոսքն ընթացակարգային խախտումների մասին է: «Խոսքն ընթացակարգային շեղումների մասին է, և միայն մոտ 180 մլն դրամի մասին է խոսքը, որը վերականգնման ենթակա գումար է եղել, ու դա վերականգնվել է։ Իսկ մնացածը սահմանված ընթացակարգերին անհամապատասխան արձանագրումներ են եղել, և դրանք այժմ շտկվել են»,- պարզաբանել է Ջանջուղազյանը:

Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հավաստիացրել է, որ խնդիրն առաջացել է հաշվետվությունների տողերի սխալ ձևակերպումների հետևանքով. «Տեղի է ունեցել հետևյալը՝ այս տարվա կտրվածքով անհրաժեշտ է եղել գնել, ընդունենք, 5 տեսախցիկ, սակայն ընթացքում պարզվել է, որ վնասվել է ձայնային ստուդիայի վահանակը, սակայն մենք լուծումը գտել ենք ու գնել ենք երկու տեսախցիկ և մեկ վահանակ, որպեսզի հատկացվող գումարը չգերազանցվի։ Պնդում եմ՝ գումարի վատնում, շեղում, չարաշահում տեղի չի ունեցել։ Տեղի է ունեցել բյուջեի տողերի ձևակերպումների տարբերություն, բայց հետագայում մեզ ասվել է, որ նման փոփոխություն անելու դեպքում պետք է դիմեինք ֆինանսների նախարարություն»,- պարզաբանել է Մարգարիտա Գրիգորյանը: Նրա խոսքով՝ Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար մարմինը Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է, և ցանկացած նման փոփոխության դեպքում իրենք դիմել են խորհրդին ու ստացել թույլտվություն։

Հանրային սկանդալի առարկա դարձած 2 մլրդ դրամի հիմնական մասը ծախսվել է 60-ականներին կառուցված Հանրայինի շենքի նորոգման և ընթացիկ շինարարական աշխատանքների վրա. «Ես հասկանում եմ, որ 2 մլրդ դրամը հնչեղ թիվ է, ես հասկանում եմ, որ դա կարող է համարվել սխալ մենեջմենթի արդյունք, բայց ես չեմ համաձայնի նման դիրքորոշումների հետ, քանի որ այդ մենեջմենթը Հանրային հեռուստաընկերությունում իրականացրել է շենք-շինությունների պահպանման ահռելի ծավալի աշխատանք՝ տեխնիկա ձեռք բերելու և հաղորդացանցը թարմացրելու  համար»,- հայտարարել է Հանրային հեռուստաընկերության տնօրենը:

Իրականում Հանրային հեռուստաընկերության ֆինանսական խնդիրների իրավաչափությունը մասնագիտական ուսումնասիրության խնդիր է: Պարզաբանումը, որ ներկայացրել է Հանրայինի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, հանմոզիչ չէ առնվազն հետևյալ պատճառով. Հանրայինը միակ պետական հիմնարկը չէ, որն ունենում է պետական բյուջեի նպատակային հատկացումները փոխելու անհրաժեշտություն կամ, ինչպես կոնկրետ օրինակում է նշվել, տեսախցիկի փոխարեն վահանակ գնելու հրատապություն: Սակայն բոլոր հիմնարկները, սկսած գյուղական ամենափոքր դպրոցից, հաշվի են նստում օրենքի թեկուզև աբսուրդի հասնող անիմաստ այդ կետի հետ: Ուրեմն ինչո՞ւ այդ իրողությունը հաշվի չի առել Հանրայինի ղեկավարությունը. հազիվ թե Հանրայինի ֆինանսական բաժնի աշխատողները իրավական այդ նորմին չեն տիրապետել: Խնդիրն այստեղ այլ է՝ Հանրայինը եղել է արտոնյալ կառույց և իրեն հետաքրքրող բոլոր հարցերը լուծել է Բաղրամյան 26-ի ազդեցիկ զանգերով: Հիմա փոխվել է իրավիճակ, և կեղտը դուրս է եկել ջրի երես. պետք է նաև խոստովանել, որ շինարարական աշխատանքների համար 2 մլրդ դրամը բավականին լուրջ թիվ է, հատկապես որ Հանրայինի 60 տարվա շենքը գոնե վերջին տասնամյակում մշտապես նորոգվել է:

Ինչ վերաբերում է ամենակարևորին՝ Հանրայինի բովանդակությանը. ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ այսօր այն եղել և մնում է իշխանության բութ քարոզչագործիք: Մինչ հեղափոխությունը միաբերան գովերգում էին Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին, հիմա էլ նույն միալար տոնով փառաբանում են Նիկոլ Փաշինյանին: Հանրայինը չի եղել ու չի էլ փորձում դառնալ հանրային լրատվամիջոց, և դա հաստատել է ինքը՝ Մարգարիտա Գրիգորյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Նա հայտարարել է, որ ինքը որևէ կապ չի ունեցել լրատվական ծառայության հետ. լրատվականը, ըստ Մարգարիտա Գրիգորյանի, գործել է ոչ իր ենթակայությամբ: Այսինքն՝ սա ուղղակի պնդում է, որ Հանրայինի լրատվականը ուղղորդվում է Բաղրամյան 26-ից: Դատելով եթերից՝ փաստորեն ոչինչ չի փոխվել:

 

Հայկ Դավթյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache